Քարաշեն (Դաշուշեն) գյուղի «Քարին ջուր» աղբյուր-հուշարձանը
Տեղադրությունը
Դաշուշեն (Քարաշեն) գյուղը գտնվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում։ Ասկերանից գտնվում է 23 կմ, իսկ Ստեփանակերտից՝ 6 կմ հեռավորության վրա։ Գյուղի տարածքում են գտնվում Սբ. Աստվածածին եկեղեցին իր շրջակայքի տապանաքարերով, Քարին ջուր աղբյուրը, Թադեոսի կամուրջը (Թադեոսի կամրջի մասին տե՛ս Քարաշեն գյուղի Թադեոսի կամուրջը - Monument Watch), Սբ. Սարիբեկ սրբատեղին և այլն: Այժմ օկուպացված է ադրբեջանական զինուժի կողմից:
Պատմական ակնարկ
Դաշուշեն գուղի մասին տեղեկություններ է հայտնում Մակար Բարխուդարյանցն իր «Արցախ» աշխատությունում (Բարխուտարեանց 1895, 131)։ Հեղինակը ներկայացնում է Դաշու Շէն գյուղի տեղադրությունը, բարիքներն ու կլիման։ Շեշտում է, որ 40 ծուխ բնակիչները տեղաբնիկներ են։ Անդրադառնում է Սբ․ Սրաբեկ ուխտատեղիին և նշում, որ ունի շատ ուխտավորներ՝ հիմնականում Շուշիից։ Բարխուդարյանցը նաև նշում է, որ Ներքին Շէն և Սողոմոնի Շէն բնակատեղիներից մնացել են ավերակները, իսկ բնակիչները 1860 թվականին տեղափոխվել են Շուշի (Բարխուտարեանց 1895, 131)։
Դաշուշենի (Քարաշեն) վերաբերյալ տեղեկություններ ենք ստանում նաև եկեղեցու, աղբյուրների և տապանաքարերի վրա պահպանված արձանագրություններից։
Ճարտարապետական-հորինվածքային քննություն
Քարաշեն (Դաշուշեն) գյուղի հուշարձաններից է «Քարին ջուր» կոչվող աղբյուրը (1898 թ․, նկ․ 1)։ Աղբյուր-հուշարձանը կառուցված է տեղական մեծադիր սրբատաշ քարերով: Ունի մեկ ակ, իսկ նավը կազմված է երկու մասից (նկ․ 2)։ Աղբյուրն ունի 6 մետր երկարություն, 1 մետր լայնություն։ Դիմահայաց պատի բարձրությունը 1․5 մետր է, որի քիվի վրա էլ դրված է կառուցման քառատող արձանագրությունը կրող ուղղանկյուն սալաքարը։ Արձանագրությունը հաղորդում է, որ աղբյուրը կառուցել են Մանկասին և իր կին Ասլի Յադամեանցը 1898 թվականին. «Աղբուրս յիշա[տա]կէն/ Մանկասի, իւր կին/ Ասլի Յադամե[ա]նց,/ 1898 ամի, ի Դաշ[ու]շէն» (Կարապետյան 2023, 68, նկ․ 3):
Քարին ջուր աղբյուրի աջակողմյան հատվածում՝ ակի վերևի հատվածում տեղադրված է 13-րդ դարի խաչքար (նկ․ 4)։ Խաչքարն ունի հյուսածո եզրագոտի, իսկ կենտրոնական եռաբլթակ բողբոջավոր խաչի ստորին հատվածում առկա է պատկերաքանդակ։ Ձախ կողմում պատկերված անձը ձեռքին ունի սկուտեղ՝ ձկներով լցված, իսկ պատկերների մյուս մասը վնասված է։
Գյուղի տարածքում են գտնվում նաև «Սորփեն», «Սարիբեգ», «Չինչին», «Քարին տափ» աղբյուրները (Ղահրամանյան 2015, 41):
Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և պատերազմից հետո
Քարին ջուրը Քարաշենի 5 աղբյուրներից է, որոնց ջրերը օգտագործվել են մինչև մեր օրերը։ 44-օրյա պատերազմից առաջ և հետո աղբյուրը զգալի փոփոխություններ չի կրել։
Մատենագրական քննություն
Քարին ջուր աղբյուրի քառատող արձանագրությունը իր «Հայկական աղբյուրները» ուսումնասիրությունում ներկայացրել է Ս․ Կարապետյանը, առանց այլ մանրամասներ նշելու։
Գրականություն
- Բարխուտարեանց 1895 – Բարխուտարեանց Մ․, Արցախ, Բագու։
- Կարապետյան 2023 – Կարապետյան Ս․, Հայկական աղբյուրներ, Երևան։
- Ղահրամանյան 2015 – Ղահրամանյան Հ․, Տեղեկատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական միավորների, Երևան։
- Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում, Քարաշեն գյուղի Թադեոսի կամուրջը, 25․09․2023։
Ասկերանի շրջան
Արցախ