Церковь Сурб Аствацацин села Мюришен
Տեղադրությունը
Սբ․ Աստվածածին եկեղեցին գտնվում է Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղում (նկ․ 1)։ Գյուղը գտնվում է Արցախի Հանրապետության հարավ-արևելյան հատվածում, Մարտունի շրջկենտրոնից 34 կմ հեռավորության վրա։
Մյուրիշենը 2023 թվականի սեպտեմբերից օկուպացված է Ադրբեջանի կողմից։
Պատմական ակնարկ
Մ․ Բարխուդարյանցը, խոսելով գյուղի մասին, նշում է, որ «Մյուրիշենի բնակիչք բնիկ են, հողն բէկական։ Եկեղեցին Ս․ Աստուածածին, քարուկիր, թաղակապ, քահանան գալիս է Ավտուռից։ (Բարխուտարեանց 1895, 127): Ըստ եկեղեցու բարավորի վրա պահպանված արձանագրության՝ այն կառուցվել է 1869 թվականին։
Ճարտարապետա-հորինվածքային քննություն
Սբ․ Աստվածածին եկեղեցին գտնվում է գյուղի կենտրոնում։ Ունի 12 մետր երկարություն, 6․34 մետր լայնություն, 5․5 մետր բարձրություն։
Ուղղանկյուն հատակագծով միանավ թաղածածկ սրահ է, որն արևելյան կողմում ավարտվում է կիսաշրջան խորանով և զույգ ավանդատներով (նկ․ 2, 3)։ Թաղը հենված է որմնասյուներից բարձրացող սլաքաձև որմնակամարների և խորանի որմնակամարի վրա։ Բեմը չի պահպանվել։ Հյուսիսային պատին պահպանվել է մկրտության ավազանը։ Խորանի ու սրահի հյուսիսային և հարավային պատերին կան եկեղեցական պարագաների պահպանման համար նախատեսված պատրհաններ։ Խորանի հարավային պատին ագուցված է 12-13-րդ դարերի խաչքար՝ հարուստ պատկերաքանդակներով (նկ․ 4)։
Ունի հարավային ճակատից բացվող մուտք (նկ․ 5), որի բարավորի վրա պահպանվել է շինարարական արձանագրությունը․ «1869/: Այս եկէղէցիս շընէցինք/ Մուրուշինին պոլոր ժղօվըր/թը՝ մեծ և փոքր: Սապապ տ[ա]ռի/՝ շինէցինք․ ես Ասրի քոխա Միրզայ/ Օսեփօվ Իշխանեան» (նկ․ 6)։
Եկեղեցին լուսավորվում է չորս փոքր լուսամուտներից, որից երկուսը բացվում են հարավային, մեկն՝ արևմտյան և մեկն՝արևելյան ճակատներում։
Եկեղեցու տանիքը խորհրդային տարիներին պատվել է մետաղյա թիթեղով և օգտագործվել է որպես պահեստ։
Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և հետո
Եկեղեցին գտնվում էր բավարար վիճակում։ 2020 և 2023 թվականների ռազմական գործողությունների ժամանակ չի տուժել։ Ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։
Գրականություն
1․ Բարխուտարեանց 1895 - Բարխուտարեանց Մ․, Արցախ, Բագու:
Մյուրիշենի Սբ․ Աստվածածին եկեղեցին
Արցախ