Հակառակաբերդ ամրոցը
Տեղադրությունը
Հուշարձանը գտնվում է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Չափար գյուղից մոտ 3 կմ հարավ-արևմուտք, բարձրադիր և անտառապատ լեռան վրա։ 2023 թվականից օկուպացված է Ադրբեջանի կողմից։
Պատմական ակնարկ
Չափար գյուղի և նրա շրջակայքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում ներառված է 65 հուշարձան, որոնցից մեկն էլ 11–13–րդ դարերի «Հակառակաբերդ» ամրոցն է (նկ․ 1)։
Հակառակաբերդ ամրոցի մասին տեղեկությունները քիչ են։ Համաձայն Մակար Բարխուդարյանցի՝ «Հակառակաբերդը գտնվում է Դատի վանքից վերև մի թրաձև և անտարապատ սարի վերայ։ Բերդս ունի ամուր դիրք, հիանալի տեսարան և նշանաւոր ջուր։ Մի քարուկիր և մեծ ջրամբար է լի կենդանի ջրով, որ ոչ աւելանում է և ոչ պակասում, ոչ ջուր է ընդունում և ոչ արտահանում։ Բոլորովին անջրպետուած է բերդասարս իւր չորս կողմերից խորանդունդ և լայնգոգ ձորերով․ միայն ունի մի թելուղի, որ մի սեռի գլխով բարձրանում է դեպի բերդն։ Ամրոցիս մեջ տեղ տեղ երևում են հին շինութեանց հետքեր» (Բարխուտարեանց 1895, 212)։
Շ․ Մկրտչյանը նշում է, որ ամրոցը գտնվում է Չափար գյուղից 3 կիլոմետր հեռավորության վրա. «Բարձր և անառիկ ժայռերը, որոնց վրա կառուցված է ամրոցը, լրացուցիչ ամրացվել են կրկնակի պատերով։ Ամրոցում պահպանվել է ընդարձակ ջրամբար, որի ջրի մակարդակը տարվա ընթացքում մնում է անփոփոխ» (Мкртчян 1989, 46), իսկ Վ․ Բալայանը հիշատակում է Հակառակաբերդը Չափար գյուղի մնացած հուշարձանների շարքում՝ թվագրելով այն 12-13 - րդ դարերով (Բալայան 2020, 362)։
Ավելի մանրամասն Հակառակաբերդին անդրադարձել է Ս․ Մինասյանը (Մինասյան 2010, 5 - 13)։ Նա իր հոդվածում քննում է Հակառակաբերդի անվանումը ներկայացնելով նրա տարբերակները՝ «Հկռապերթ», «Բերդ», «Չափարի բերդ», «Հայկաբերդ», «Ղալա», «Շարմաղ ըղճկա ճյուրը» անվանումները (Մինասյան 2010, 11)։
Ճարտարապետա - հորինվածքային նկարագրություն
Այս հինավուրց ամրոցի դերն ու նշանակությունը մեծ է եղել Թարթառի խտաբնակ հովտում՝ հանդիսանալով պաշտպանական գլխավոր հանգույցներից մեկը Վերին Խաչենում։ Նրա գագաթնամասն իրենից ներկայացնում է խոշոր մի ժայռաբլուր (չափերն են 25-30մետրx16 մետր), որի անառիկ եզրերին էլ համաչափ դրվել են կլորացող եզրագծերով պարիսպները: Պարսպապատերն ունեն մեկ մետրից մինչև ութ-ինը մետր բարձրություն։ Պատերը կառուցված են կոպտատաշ, անմշակ քարերով և կրաշաղախով (նկ․ 2, 3, 4)։ Ամրոցի առանձին հատվածներում տեղադրվել են կլոր աշտարակներ, որոնք հիմա ավերված են։ Ամրոցում ներկայումս պահպանվող ուշագրավ հուշարձաններից են և խաչքարով սրբատեղին և ջրամբարը:
Խաչքարը (նկ․ 5) տեղադրված է մի կիսահարթ ժայռաքարի վրա, որի տակ բացվում է ստորգետնյա անցք-խորանը: Խաչքարի աջ կողին պահպանվել է մեծ արձանագրություն (նկ. 6)։ Համաձայն Ս․Մինասյանի, խաչքարն այստեղ տեղադրվել է Արցախյան գայապայքարի ժամանակ (Մինասյան 2010, 9)։
Ջրամբարը (նլ. 7, 8) կառուցվել է 12-13-րդ դարերում: Ներկայումս էլ ջուրը պահպանվում է 0,5–1,0 մետր խորությամբ։ Ջրի հեռացվելուց հետո անգամ, մակարդակը որոշ ժամանակ անց վերականգնվում է, իսկ թե որտեղից է կուտակվում սնուցումը, մնում է անհայտ։ Ջրամբարը թաղակապ է, բավականին լավ պահպանված, ներքուստ սվաղված է անջրաթափանց կրաշաղախով, արևելյան կողմը փլված է։ Այստեղ կամ եղել է մուտք, որ այժմ չի պահպանվոմ, կամ էլ ամբողջովին փակված է եղել։ Ջրամբարում կուտակված ջրից հավանաբար օգտվել են տանիքից բացված անցքից, որ այժմ չի պահպանվել։
Վիճակը պատերազմից առաջ և հետո
Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։
Գրականություն
1․ Բարխուտարեանց 1895 - Բարխուտարեանց Մ․ Արցախ, Բագու։
2․ Мкртчян 1989 - Мкртчян Ш. Историко - архитектурные памятники Нагорного Карабаха, Ереван.
3․ Մինասյան 2010 - Մինասյան Ս․ Արցախի Հակառակաբերդ՝ տեղանքը, անվան տարբերակները ու ստուգաբանությունը /Հայագիտական հանդես, 1, ԱրՊՀ, Ստեփանակերտ։
4․ Բալայան 2020 - Բալայան Վ․ Արցախի բնակավայրերի պատմության ուրվագծեր, Երևան։
5․ ԱՀ ԿԳՄՍՆ վկայագիր - Արցախի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության վկայագիր։
Մարտակերտի շրջան
Արցախ