Չափարի «Սուրբեն դուզ» գյուղատեղին
Տեղադրությունը
Գյուղատեղին գտնվում է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Չափար գյուղից 1,5 կմ արևմուտք անտառապատ վայրում։ 2023 թվականից բռնակցված է Ադրբեջանին։
Պատմական ակնարկ
Հուշարձանը ընդհանրապես չի ուսումնասիրվել։ Պատմական աղբյուներում տեղեկություններ չեն պահպանվել։ «Սուրբեն դուզ» գյուղատեղին հիշատակվում է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Չափար գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում և Վ․ Բալայանի աշխատությունում (Բալայան 2020, 362)։
Ավելի մանրամասն «Սուրբեն դուզ»-ին անդրադարձել է Ս․ Մինասյանը (Մինասյան 2010, 81)։ Նա իր գրքում նշում է սրբատեղիի անվան մի քանի տարբերակներ՝ «Սրբերի սարավանդ», «Սորփեն դյուզ», «Սուրփերեն դյուզ»։ Ըստ Ս․ Մինասյանի մինչև Լեռնային Ղարաբաղում խորհրդային կարգերի հաստատումը, այստեղ մայիս ամսին տոնում էին Քրիստոսի Համբարձումը, ինչպես նաև մատաղ եին անում և «․․․ համադան կերակուրներ պատրաստում մատաղված ցուլի, խոյի մսերից» (Մինասյան 2010, 81)։
Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն
11-13-րդ դարերով թվագրվող գյուղատեղի տարածքում ուրվագծվում են քարաշարերով եզերված փոսորակների տեսքով տնատեղեր: Գյուղատեղի կենտրոնում, բլրի վրա պահպանվել են 12-13-րդ դարերին պատկանող երկու միմյանց կից միանավ եկեղեցիներ (նկ․ 1, 2), որոնք ցավոք ավերված են և գերեզմանոցը (ԱՀ ԿԳՄՍ վկայագիր)։
Գերեզմանոցում առկա խաչքար-հուշակոթողների թիվն անցնում է երկու տասնյակից, որոնց կեսը պարունակում է արձանագրություններ։ Խաչքարերից մեկի վրա հստակ ընթերցվում է «Թ: ՈԿԳ: (1214)» (նկ. 3), մյուսի վրա՝ «Թ. :ՈԿԶ: (1217) /Պտ/իկ» (նկ. 4). արձանագրության հետքեր կան նաև հարավային նեղ կողին, ուշագրավ է նաև մի ձեռքին գավաթ, իսկ մյուսին սափոր բռնած տղամարդու քանդակը: Երրորդ խաչքարի վրա (նկ. 5) ընթեռնելի են «Թ. :ՉԻԱ: ․․․[ես Ի]մաստուն՝ անդուստր/, անորդի՝ բազում ա/շխատեցայ ի դուռին եկեղե[ցոյս]․․․»: Նույն խաչքարի հարավային կողին պահպանվել է հետևյալ արձանագրությունը «Յ[իսու]Ս. որք երկ/րպագանէք զՈհանես հա․․․»։
Մեկ այլ խաչքարի բեկորի վրա կարդում ենք «․․․ Վասակս/.../..կանգնեցի զխ[աչս]” (նկ. 6): Ավելի լավ է պահպանվել հաջորդ խաչքարի արձանագրությունը՝ «Ես Խու/րտ[ի] քահ/անայ կ/անգնե/ցի զխա/չս ինձ/, զաւակի/ իմոյ Սո/սթան[ա]. որք․․․» (նկ. 7)։ Ցավոք արձանագրությունների մի մասն էլ քայքայված ու մամռակալած են և դժվար ընթեռնելի (նկ․ 8-10):
Վիճակը պատերազմից առաջ և հետո
Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։
Գրականություն
1․Բալայան 2020 - Բալայան Վ․, Արցախի բնակավայրերի պատմության ուրվագծեր, Երևան։
2․ Մինասյան 2010 - Մինասյան Ս․, Չափար․ արցախյան գյուղի պատմությունը, Ստեփանակերտ։
3․ԱՀ ԿԳՄՍՆ վկայագիր - Արցախի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության վկայագիր։
Մարտակերտի շրջան
Արցախ