Ստեփանակերտի պատկերասրահը

Պատմությունը

Ստեփանակերտ քաղաքի պատկերասրահը հիմնադրվել է 1982 թվականի փետրվարի 10-ին։

Արցախյան պատերազմի տարիներին ստեղծված իրավիճակով պայմանավորված այն ժամանակավոր դադարեցրել էր գործունեությունը։ Երկար ընդմիջումից հետո՝ 2001թ. հուլիսի 12-ին Ստեփանակերտի պատկերասրահը վերաբացվել է և տեղակայվել  Ստեփանակերտի քաղաքապետարանի առաջին հարկի դահլիճում:

Ավելի ուշ՝ 2013 թվականի հոկտեմբերի 12-ին կայացավ Ստեփանակերտի պատկերասրահի նորակառույց սրահի բացումը, որի ժամանակ ներկայացված էին Արցախի ժամանակակից արվեստագետների ստեղծագործությունները, ինչպես նաև հայտնի քանդակագործ Սարգիս Բաղդասարյանի աշխատանքները:

2023 թվականի սեպտեմբերից Ստեփանակերտն օկուպացված է Ադրբեջանի կողմից:

նկ. 1 Թանգարանի տեսքը դրսից, լուս․՝ Արցախպրեսի։

նկ. 2 Թանգարանի ցուցասրահների ընդհանուր տեսքը, լուս․՝ ԱՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շտեմարանի և irazek.am կայքի։

Հավաքածուն

Թանգարանում պարբերաբար անց էին կացվում արցախցի արվեստագետների ստեղծագործությունների ցուցահանդեսները։ Պատկերասրահն ուներ իր սեփական ֆոնդը, որը բաղկացած էր 300-ից ավելի կտավից և ավելի քան 50 քանդակից։ Հավաքածուն պարբերաբար համալրվում էր նոր գեղանկարներով և քանդակներով՝ շնորհիվ պատկերասրահում կայացած ցուցահանդեսների հեղինակների նվիրատվության:

Գործունեությունը պատերազմից առաջ

Պատերազմից առաջ պատկերասրահը ակտիվ գործում էր՝ տարեկան մի քանի ժամանակավոր ցուցահանդեսներով։ Պատկերասրահը կազմակերպում է կերպարվեստի և դեկորատիվ կիրառական արվեստի ցուցահանդեսներ, ֆոտոցուցահանդեսներ, վարպետության դասեր, դասախոսություններ, ինտելեկտուալ-խաղեր, համերգներ և այլ բնույթի միջոցառումներ: Կազմակերպվում են պրոֆեսիոնալ և ինքնուս ստեղծագործողների աշխատանքների ցուցահանդեսներ:

Պատկերասրահը ակտիվ համագործակցում էր Արցախի և Հայաստանի նկարիչների միության անդամների, ինչպես նաև օտարերկրյա հեղինակների հետ: Պատկերասրահի տարածքում գտնվում էր երկու արվեստանոց: 

Վիճակը պատերազմից հետո

2023 թվականի սեպտեմբերին Արցախից հայերի բռնի տեղահանման ժամանակ հավաքածուի մեծ մասը հնարավոր է եղել տեղափոխել անվտանգ վայր։

Թանգարանը և միջազգային իրավական կարգավորումները

Ինչպես ցանկացած մշակութային արժեքի, այնպես էլ թանգարանի և հավաքածուի պաշտպանության միջազգային իրավա-օրենսդրական հիմքը կազմում են Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին Հաագայի 1954 թվականի կոնվենցիան և իր երկու արձանագրությունները (1954 և 1999 թվականներ)։ Համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային  ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի  ցանկացած գործողություն։ Ըստ Հաագայի 1954 թվականի  առաջին արձանագրության՝ արգելված է գրավյալ տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները։ Հաագայի 1999 թվականի երկրորդ արձանագրությունը վերահաստատում է այս պահանջը և  այդպիսի արարքը՝ ըստ 15-րդ հոդվածի, որակում որպես միջազգային հանցագործություն։ Մշակութային արժեքների ոչնչացման գործողություններն արգելվում են նաև Ժնևի 1949 թվականի օգոստոսի 12-ի պատերազմից տուժածների պաշտպանության, պատերազմի օրենքների և սովորույթների վերաբերյալ միջազգային չորս կոնվենցիաների և արձանագրութունների, ինչպես նաև ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերի և Մարդու իրավունքների պաշտպանության պայմանագրերի։

նկ. 3 Թանգարանի ցուցասրահների ընդհանուր տեսքը, լուս․՝ ԱՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շտեմարանի և irazek.am կայքի։

նկ. 4 Թանգարանի ցուցասրահների ընդհանուր տեսքը, լուս․՝ ԱՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շտեմարանի և irazek.am կայքի։

նկ. 5 Թանգարանի ցուցասրահների ընդհանուր տեսքը, լուս․՝ ԱՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շտեմարանի և irazek.am կայքի։

Թանգարանը բաղկացած էր չորս սրահից, որտեղ ցուցադրվում էր գյուղից և շրջակայքից հայտնաբերված հնագիտական տարբեր իրեր, ազգագրական բնույթի գորխիքներ, ինչպես նաև հայրենական պատերազմից մասնակիցներին վերաբերող լուսանկարներ և անձնական իրեր (նկ. 7)։

Սկզբնական շրջանում թանգարանային ցուցանմուշները ցուցադրվել են գյուղի դպրոցի տարածքում, իսկ ավելի ուշ տեղափոխվել են «Ջինհազ» կոչվող վայրում կառուցված Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի ներսի հատվածում։