«Ննգիջան» գյուղատեղիի եկեղեցին

Տեղադրությունը

Ննգի գյուղը Վարանդայի հնագույն բնակավայրերից է, որն այսօր գտնվում է Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Մարտունու շրջանում։ Ննգիի ձորակը պատմական կառուցապատում ունի։ Այստեղ պահպանվել են վերակառուցված և կառուցված մի քանի գյուղատեղիների շինարարական ավերակները։ Դրանցից մեկի՝ պատմական «Ննգիջան» բնակատեղիի պահպանված կառույցներից է եկեղեցին։ Այն գտնվում է գյուղատեղիի կենտրոնական հատվածում՝ ժայռի վրա (նկ․ 1)։ «Ննգիջան»-ի եկեղեցին՝ համաձայն մուտքի բարավորի արձանագրության, կառուցվել է 1895 թվականին (Мкртчян1988, 128)։

Նկ. 1․ «Ննգիջանի» եկեղեցու տեսքը դիտված դեպի հարավ արևելք, լուս․՝ Գ. Սարգսյանի։

Ճարտարապետական - հորինվածքային քննություն

Եկեղեցին հատակագծային և ծավալատարածական հորինվածքով պատկանում է բազիլիկ տիպին՝ միանավ սրահ է, որն ավարտվում է կիսակլոր աբսիդով, որի հյուսիսային պատի մեջ բացված է մեկ պատրհան՝ պսակված հավասարաթև խաչով զարդարված հավասարաթև խաչով (նկ․ 2)։ Աղոթասրահի կիսագլանաձև թաղակապ ծածկն իրականացվել է կոշտացնող կամարների միջոցով, որոնք հենված են սրահի երկայնական պատերին հպված որմնասյուների վրա (նկ․ 2)։ Աղոթասրահի արևմտյան հատվածում թաղը մասամբ ավերված է (նկ․ 3)։ Եկեղեցին ունեցել է երկլանջ տանիք։ Միակ մուտքը բացված է հարավային պատի մեջ։ Այն խորադիր է և պսակված կամարով, որը հենված է մուտքի անկյունային պատերի իմպոստների վրա (նկ․ 4)։ Մուտքը զարդարված է կիսաշրջանաձև արձանագրակիր ճակատակալ քարով (նկ․ 5)։

Նկ․ 2 Եկեղեցու խորանը և աղոթասրահի կիսագլանաձև թաղի մի հատվածը, լուս․՝ Գ. Սարգսյանի։

Նկ․ 4 Եկեղեցու մուտքը, լուս․՝ Գ. Սարգսյանի։

Նկ․ 3 Աղոթասրահի թաղի արևմտյան հատվածը, լուս․՝ Գ. Սարգսյանի։

Նկ. 5 Եկեղեցու մուտքի արձանագրակիր ճակատակալ քարը, լուս․՝ Գ. Սարգսյանի։

Աղոթասրահի հյուսիսային ներքին պատի մեջ է տեղադրված մկրտության՝ սրբատաշ որձաքարերով կերտված ավազանը (նկ․ 6)։ Եկեղեցու արևելյան և հարավային պատերի մեջ բացված են մեկական՝ պատուհաններ։ Հարավային ճակատի պատուհանը շրջանակված է սրբատաշ քարերով (նկ․ 1)։ Կառույցի պատերը շարված են անմշակ կրաքարով, կրաշաղախով։ Մշակված քարերով են շարված միայն եկեղեցու «պատասխանատու» հանգույցները (կոշտացնող կամարներ, որմնամույթեր, անկյունաքարեր)։ Եկեղեցու շուրջը սփռված է բազմաթիվ տապանաքարերով և խաչքարերով գերեզմանոցը (նկ․ 7)։

«Ննգիջան» եկեղեցու ինչպես հորինվածքային տիպը, այնպես էլ կառուցման եղանակը շատ բնորոշ է ուշ միջնադարի եկեղեցական ճարտարապետությանը (Киракосян 2023, 249-264 )։ Այսպիսի հատկանիշները բնորոշ են Մարտունու շրջանի 17–19-րդ դարերի մի շարք եկեղեցիների՝ օրինակ, Նոր Շենի Սբ. Հովհաննես, Սոսի Սբ. Գևորգ, որոնք նույնպես միանավ թաղածածկ կառույցներ են (Մկրտչյան 1985, 150)։

Նկ․ 6 Եկեղեցու մկրտության ավազանը՝ լուս․՝ Գ. Սարգսյանի:

Նկ․ 7 Տեսարան եկեղեցու շրջակայքի գերեզմանոցից՝ լուս․՝ Գ. Սարգսյանի:

Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և հետո

«Ննգիջան» գյուղատեղիի եկեղեցին, ընդհանուր առմամբ կանգուն, բայց շատ խարխլված վիճակում էր։ Ժամանակին եկեղեցին ներսից սվաղված է եղել, որն այսօր թափվել է, մնացել են միայն որոշ հատվածներ։ Կառույցի տանիքն ավերված է, թաղի արտաքին կողմի կրաշաղախի մեջ աճել է առատ բուսականություն, որն սպառնում էր կառույցի կայունությանը (նկ․ 8)։ Հատակածածկույթն ամբողջովին բացակայում է։ Կառույցի ինչպես ներսում, այնպես էլ դրսում պեղման և մաքրման աշխատանքների կարիք կար։ Իրավիճակը պատերազմից հետո չի փոխվել։ Եկեղեցին, այսօր օկուպացված է Ադրբեջանի կողմից։

Նկ․ 8 Եկեղեցու տեսքը՝ դիտված դեպի հյուսիս արևմուտք՝ լուս․՝ Գ. Սարգսյանի:

Գրականության ցանկ.

  1. Մկրտչյան 1985 - Մկրտչյան Շ., Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները, «Հայաստան» հրատ․, Երևան:
  2. Киракосян 2023 - Киракосян Л., Композиция сводчатого зала в архитектуре Арцаха, Армянский гуманитарный вестник, 1(10) Арцах, Ереван, с. 249-262.
  3. Мкртчян1988 - Мкртчян Ш., Историко-архитектурные памятники Нагорного Карабаха, «Айастан», Ереван։
«Ննգիջան» գյուղատեղիի եկեղեցին
«Ննգիջան» գյուղատեղիի եկեղեցին
Մարտունու շրջան
Արցախ