Խնձրիստան գյուղի մշակույթի տունը

Տեղադրությունը

Մշակույթի տունը գտնվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խնձրիստան գյուղում։ Կառույցը, որ ծառայել է որպես մշակույթի տուն, ապա՝ վարչական շենք, գտնվում էր գյուղի բարձրադիր հատվածում (նկ․ 1)։ 2023 թվականից բռնազավթված է Ադրբեջանի կողմից։

Նկ․ 1 Խնձրիստանի մշակույթի տունը, լուս․՝ Հ. Մուրադյանի։

Պատմական ակնարկ

Խնձրիստանի մշակույթի տան շենքը սկզբնապես եղել է գյուղի 19-րդ դարի եկեղեցին, որը 1922 թվականին վերածվել է գյուղական ակումբի:  Խորհրդային աթեիստական քաղաքականության ու ադրբեջանական ազգայնական ճնշումների ազդեցությամբ ոչնչացվել են եկեղեցու արձանագրությունները, փոխարինվել սկզբնական տանիքը։

Մշակույթի տան կառույցի պատմությունն ուղղակիորեն արտացոլում է Խորհրդային Միության վարած քաղաքականությունը, որը խորհրդային աթեիստական գաղափարախոսության շրջանակներում արգելում էր եկեղեցիների գործունեությունը։ Գյուղական բնակավայրերում եկեղեցիները փոքր հրապարակների վրա գտնվող միակ կառույցներն էին, որոնք պետական որոշման համաձայն սկսում են օգտագործել հասարակական և տնտեսական նպատակներով։ Եկեղեցիները հաճախ վերածվում էին մշակույթի տների, պահեստի, որոշ դեպքերում գոմերի, հատկապես ադրբեջանաբնակ գյուղերում եկեղեցիները ոչնչացվում էին, առանձին ոճավորված որմնաքարերն օգտագործվում էին դպրոցների, տների և այլ շինությունների կառուցման մեջ (օր. Ծար գյուղի Սբ. Սարգիս եկեղեցին, Չարեքտարի վանքը և այլն, մանրամասն տես՝ Պետրոսյան 2023):

1955 թվականին շենքն ամբողջությամբ հարմարեցվել է գյուղական խորհրդի շենքի կարիքներին, ներսույթը վերանորոգվել որպես աշխարհիկ շինություն (նկ․ 2)։

Նկ․ 2 Մշակույթի տան սենյակներից, լուս․՝ Հ. Մուրադյանի։

Ճարտարապետական-հորինվածքային նկարագրություն

Ի տարբերություն Արցախի բազմաթիվ այլ գյուղական մշակույթի տների՝ Խնձրիստանի կառույցը ոչ թե խորհրդային տիպային շենք էր, այլ 19-րդ դ. հայկական եկեղեցի։ Ունի արևմուտք-արևելք հստակ ուղղվածություն։ Եկեղեցու շինությունը ամբողջությամբ փոփոխված է։ Արտաքինից երեսպատված է խորհրդային մշակույթի տներին բնորոշ սրբատաշ բազալտով։ Ունի 13 մետր լայնություն և 25 մետր երկարություն։ Հարավային կողմում՝ կենտրոնական մասում, ավելացվել է եռակամար նախասրահ, և աստիճանավանդակ։ Ամբողջությամբ վերափոխվել է նաև կառույցի ներքին տարածությունը, առանձնացվել են դահլիճը և առանձին աշխատասենյակները (նկ․ 3)։

Նկ․ 3 Մշակույթի տան սենյակներից, լուս․՝ Հ. Մուրադյանի։

Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և պատերազմից հետո

Արցախյան առաջին պատերազմի տարիներին գյուղը ենթարկվել է ռմբակոծման, որի արդյունքում վնասվել է նաև կառույցի հյուսիսային հատվածը։

2019–2020 թվականներին՝ 44-օրյա պատերազմից անմիջապես առաջ, գյուղի կենտրոնական հատվածում սկսվեց նոր բազմաֆունկցիոնալ կենտրոնի կառուցումը։ Նոր կառույցի հատակագիծն արդեն հաստատված էր և շինարարությունը սկսվել էր (նկ․ 4)։ Այն համայնքային կենտրոն էր, որը երկհարկանի էր, ուներ դահլիճ և աշխատասենյակներ՝ նախատեսված ինչպես տարբեր մշակութային խմբակների կազմակերպման, այնպես էլ վարչական աշխատանքների համար։ Կառույցի շինարարությունն ավարտին է հասցվել արդեն 44-օրյա պատերազմից հետո։

Նկ. 4 Նորակառույց համայնքային կենտրոնը, լուս․՝ Հ. Մուրադյանի։

Խնձրիստան գյուղի մշակույթի տունը
Խնձրիստան գյուղի մշակույթի տունը
Ասկերանի շրջան
Արցախ