
Նոր հրատարակություն․ Ժառանգության ֆորենսիկա․ մշակույթը հայ-ադրբեջանական հակամարտության առաջնագծում»
Կորնելի համալսարանի հրատարակչությունը լույս է ընծայել «Ժառանգության ֆորենսիկա․ մշակույթը հայ-ադրբեջանական հակամարտության առաջնագծում» («Heritage Forensics: Culture on the Front Lines of the Armenia-Azerbaijan Conflict») աշխատությունը, որի հեղինակներն են Լորի Խաչատուրյանը, Ադամ Թ. Սմիթը, Յան Լինդսեյը և Հուսիկ Ղուլյանը։
Գիրքը բաղկացած է ներածությունից չորս հիմնական գլուխներից, որոնք անդրադառնում են մշակութային ժառանգության ոչնչացման, յուրացման և դրա ուսումնասիրության նորարարական մեթոդների խնդիրներին.
- «Լուռ ջնջում» («Silent Erasure»)
- «Ժառանգության հանքարդյունաբերություն» («Heritage Mining»)
- «Տեխնիկաներ, տեխնոլոգիաներ, շեմեր» («Techniques, Technologies, Thresholds»)
- «Հակաֆորենսիկա մշակութային ճակատում» («Counter-Forensics on the Cultural Front»)
Աշխատությունը ուսումնասիրում է մշակութային ժառանգության դերը ժամանակակից հակամարտությունների պայմաններում՝ այն դիտարկելով որպես պատմական հիշողության, ինքնության, քաղաքական գործընթացների և իրավական պաշտպանության հարթություն։ Հեղինակները ներկայացնում են մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային համակարգի ձևավորումն ու զարգացումը՝ սկսած Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված իրավական մեխանիզմներից մինչև ժամանակակից միջազգային քրեական իրավունքի գործիքակազմը։ Միաժամանակ ընդգծվում է, որ երկարատև և չկարգավորված հակամարտությունների պայմաններում գործող իրավական համակարգերը հաճախ չեն կարողանում արդյունավետորեն կանխել մշակութային ժառանգության ոչնչացումն ու յուրացումը։
Աշխատության առանցքային գաղափարը «ժառանգության ֆորենսիկա» (heritage forensics) նորարարական մոտեցումն է, որը մշակութային ժառանգության նկատմամբ իրականացված խախտումների ուսումնասիրությունը դիտարկում է որպես փաստերի հավաքագրման, վերլուծության և ապացուցման գործընթաց։ Այս մեթոդաբանությունը համադրում է արբանյակային պատկերների վերլուծությունը, թվային տեխնոլոգիաները, պատմական աղբյուրների ուսումնասիրությունը և հումանիտար հետազոտության գործիքները՝ հնարավորություն տալով փաստագրել մշակութային ժառանգության ոչնչացման, վնասման կամ վտանգման դեպքերը, այդ թվում՝ անհասանելի տարածքներում։
Գրքում հատուկ ուշադրություն է հատկացվում Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ որպես մշակութային ժառանգության պաշտպանության ոլորտում կարևոր օրինակ։ Հեղինակները հակամարտության զարգացումը դիտարկում են 1988 թվականից մինչև 2023 թվականի իրադարձությունները՝ ցույց տալով, որ մշակութային ժառանգությունը տարածաշրջանում դարձել է պատմական հիշողության, ինքնության և քաղաքական մրցակցության առանցքային բաղադրիչ։ 1994 թվականից հետո ձևավորված «սառեցված հակամարտության» պայմաններում ժառանգության նկատմամբ վերաբերմունքը շարունակել է արտացոլել հակամարտող կողմերի պատմական և քաղաքական նարատիվները։ 2020 թվականի 44-օրյա պատերազմը, 2022 թվականի շրջափակումը և 2023 թվականի ռազմական գործողությունները ներկայացվում են որպես իրադարձություններ, որոնք խոր ազդեցություն են ունեցել տարածաշրջանի մշակութային լանդշաֆտի և հայ ժողովրդի կապերի վրա։
Աշխատության կարևոր բաժիններից է «Կովկասյան ժառանգության դիտարկում» («Caucasus Heritage Watch», CHW) նախաձեռնության ներկայացումը, որը հիմնադրվել է 2020 թվականին՝ հայ-ադրբեջանական հակամարտության համատեքստում մշակութային ժառանգության վիճակի անկախ և փաստահեն մշտադիտարկման նպատակով։ CHW-ի գործունեությունը հիմնված է միջգիտակարգային հետազոտական մեթոդների կիրառման վրա՝ ներառելով արբանյակային պատկերների ուսումնասիրություն, աշխարհատարածական վերլուծություն, պատմական և հնագիտական հետազոտություններ։
Նախաձեռնության ուսումնասիրությունները նպատակ ունեն փաստագրել մշակութային ժառանգության նկատմամբ իրականացված գործողությունները և ստեղծել գիտականորեն հիմնավորված նյութ՝ հանրային իրազեկման ու հնարավոր իրավական գործընթացների համար։
«Ժառանգության ֆորենսիկա․ մշակույթը հայ-ադրբեջանական հակամարտության առաջնագծում» աշխատությունը մշակութային ժառանգության ուսումնասիրությունը տեղափոխում է նոր՝ ապացուցողական և միջգիտակարգային հարթություն՝ ցույց տալով, որ հակամարտությունների պայմաններում ժառանգության պաշտպանությունը կապված է պատմական հիշողության պահպանության, մշակութային իրավունքների պաշտպանության և միջազգային պատասխանատվության ձևավորման հետ։
Գրքի առաջին գլուխը՝ «Լուռ ջնջում» («Silent Erasure»), նվիրված է մշակութային ժառանգության ոչնչացման այնպիսի ձևերի ուսումնասիրությանը, որոնք իրականացվում են ժառանգության ֆիզիկական կորստի, պատմական տեսանելիության սահմանափակման և հիշողության համակարգային վերաձևավորման միջոցով։ Հեղինակը մշակութային ժառանգությունը ներկայացնում է որպես հանրային բնույթի սոցիոմշակութային երևույթ, որի գոյությունն ու նշանակությունը պայմանավորված են հասարակական ճանաչմամբ, պատմական գիտակցության ձևավորմամբ և իրավական պաշտպանության մեխանիզմներով։ Այս տեսանկյունից ժառանգության նկատմամբ իրականացվող բռնությունները դրսևորվում են ինչպես նյութական օբյեկտների ոչնչացման, այնպես էլ դրանց պատմական ներկայության, պատկանելիության և հիշողության բացառման միջոցով։
Գլխում ուսումնասիրվում է Ադրբեջանի կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում հայկական մշակութային ժառանգության վերացման գործընթացը 1997-2010 թվականներին։ Հեղինակները վերլուծում են հայկական եկեղեցիների, վանքերի, խաչքարերի, գերեզմանոցների և այլ մշակութային օբյեկտների համակարգային ոչնչացման քաղաքական, պատմագրական և իրավական համատեքստերը։ Նրանք ցույց են տալիս, որ տվյալ գործընթացը սահմանափակված չէր առանձին հուշարձանների ֆիզիկական վերացմամբ, այլ ներառում էր նաև վարչական և գաղափարական մեխանիզմներ, որոնց միջոցով հայկական մշակութային ներկայությունը դուրս էր մղվում տարածաշրջանի պատմական համատեքստից։
«Լուռ ջնջում» հասկացությամբ հեղինակը բնութագրում է մշակութային ժառանգության վերացման այն ռազմավարությունը, որի դեպքում ոչնչացման գործընթացը կարող է իրականացվել աստիճանաբար, սահմանափակ հանրային տեսանելիությամբ և միջազգային վերահսկողության նվազ պայմաններում։ Նախիջևանի օրինակը ներկայացվում է որպես պետականորեն կազմակերպված մշակութային ժառանգության վերափոխման գործընթաց, որի հետևանքով տարածաշրջանի հայկական պատմամշակութային հետքը գրեթե ամբողջությամբ վերացվել է։
Գլխում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում նաև մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային իրավական համակարգի սահմանափակումներին։ Հեղինակները ընդգծում են, որ նման դեպքերում, երբ ժառանգության ոչնչացումը տեղի է ունենում երկարաժամկետ և հաճախ թաքնված գործընթացների միջոցով, իրավական պատասխանատվության հաստատումը բարդանում է։ Այս համատեքստում «ժառանգության ֆորենսիկա» մեթոդաբանությունը ներկայացվում է որպես գիտական գործիք, որը հնարավորություն է տալիս համադրել պատմական աղբյուրները, տեխնոլոգիական տվյալները և տարածական վերլուծությունները՝ մշակութային ժառանգության նկատմամբ իրականացված խախտումների փաստագրման և պատմական ապացույցների պահպանման նպատակով։
Գրքի երկրորդ գլուխը՝ «Ժառանգության հանքարդյունաբերություն» («Heritage Mining») ուսումնասիրում է պատերազմական պայմաններում մշակութային ժառանգության նկատմամբ իրականացվող տնտեսական շահագործման ձևերը՝ ընդլայնելով ժառանգության ոչնչացման վերաբերյալ տարածված պատկերացումները։ Հեղինակները ցույց են տալիս, որ հակամարտությունների ընթացքում մշակութային ժառանգության վնասումը պայմանավորված չէ միայն հնագիտական արժեքների թալանով և ապօրինի շրջանառությամբ, այլ կարող է ներառել նաև նյութական ռեսուրսների արդյունահանումը, մշակութային օբյեկտների տնտեսական յուրացումը և դրանց վերածումը շահույթի աղբյուրի։
Գլխի առանցքային գաղափարը «ժառանգության հանքարդյունաբերություն» (heritage mining) հասկացությունն է, որով հեղինակները բնութագրում են մշակութային ժառանգության նյութական բաղադրիչների տնտեսական օգտագործման գործընթացը։ Այս երևույթը ներկայացվում է որպես պատերազմական տնտեսության առանձնահատուկ դրսևորում, որի շրջանակում ժառանգության օբյեկտները կորցնում են իրենց պատմական, կրոնական և մշակութային նշանակությունը՝ վերածվելով օգտագործելի նյութական ռեսուրսների։ Հեղինակները շեշտում են, որ նման գործընթացները կարող են արտահայտվել շինանյութերի, մետաղական տարրերի կամ այլ վերօգտագործելի նյութերի հեռացման, ինչպես նաև մշակութային տարածքների տնտեսական նպատակներով յուրացման միջոցով։
Գրքի երրորդ գլուխը՝ «Տեխնիկաներ, տեխնոլոգիաներ, շեմեր» («Techniques, Technologies, Thresholds»), նվիրված է «ժառանգության ֆորենսիկա» (heritage forensics) մեթոդաբանության ձևավորմանն ու կիրառական նշանակությանը։ Հեղինակները ներկայացնում են այն որպես գիտելիքի արտադրության նոր ուղղություն, որը մշակութային ժառանգության նկատմամբ իրականացված խախտումների ուսումնասիրության համար համադրում է տեխնոլոգիական գործիքները, հետազոտական մեթոդները և տարբեր մասնագիտական ոլորտների համագործակցությունը։
Գլխում ընդգծվում է, որ ժառանգության ֆորենսիկան հնարավորություն է տալիս մշակութային ժառանգության վնասները վերածել փաստագրված ապացույցների՝ կիրառելի հանրային, իրավական և քաղաքական հարթակներում։ Այս մոտեցումը միավորում է հետազոտողներին, իրավաբաններին, մարդու իրավունքների պաշտպաններին, լրագրողներին և տեղական համայնքներին՝ նպատակ ունենալով փաստագրել մշակութային ժառանգության նկատմամբ իրականացված բռնությունները, ստեղծել վկայություններ և նպաստել պատասխանատվության մեխանիզմների ձևավորմանը։
Հեղինակները հատուկ անդրադառնում են Caucasus Heritage Watch (CHW) նախաձեռնության կողմից մշակված մեթոդներին՝ ցույց տալով, թե ինչպես են արբանյակային պատկերները, թվային տեխնոլոգիաները և միջգիտակարգային վերլուծությունները կիրառվում հայ-ադրբեջանական հակամարտության պայմաններում վտանգված մշակութային ժառանգության ուսումնասիրության համար։ Գլուխը ներկայացնում է ժառանգության ֆորենսիկան որպես ժամանակակից հետազոտական գործիք, որը հնարավորություն է տալիս մշակութային ժառանգության պաշտպանությունը կապել փաստերի, ապացույցների և միջազգային պատասխանատվության գործընթացների հետ
Գրքի 4-րդ գլխի այս ներածական հատվածը, որը կրում է «Հակաֆորենսիկա մշակութային ճակատում» (Counter-Forensics on the Cultural Front) խորագիրը, ներկայացնում է, թե ինչպես են արբանյակային դիտարկման տեխնոլոգիաները, որոնք պատմականորեն ծառայել են պետական վերահսկողությանն ու ուժի հեգեմոնիայի հաստատմանը, այսօր քաղաքացիական հասարակության և Caucasus Heritage Watch-ի (CHW) պես հետազոտական խմբերի ձեռքին վերածվում «հակաֆորենսիկայի»՝ պետական բռնությունն ու մշակութային ջնջումը բացահայտող հզոր գործիքի: Հեղինակները ցույց են տալիս, որ արբանյակային պատկերների իմաստավորումը քաղաքացիական դաշտում դառնում է բաց հանրային քննարկման ու ապացուցման առարկա, որտեղ տեխնոլոգիան ուղղակիորեն ծառայում է մարդու իրավունքների պաշտպանությանը, մասնավորապես՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում (Լեռնային Ղարաբաղ, Նախիջևան) հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացման փաստագրմանն ու կանխմանը: Չնայած ադրբեջանական պետական քարոզչամեքենայի կողմից CHW-ի հասցեին հնչող անձնական հարձակումներին և պատկերները «ֆոտոշոփելու» անհիմն մեղադրանքներին, հետազոտողները հակադարձում են լիարժեք թափանցիկությամբ ու անհերքելի տվյալներով՝ ապացուցելով, որ տեխնոլոգիաների օգնությամբ իրականացվող այսօրինակ վավերագրումը կարող է արդյունավետորեն սասանել պետական ժխտողականությունն ու պաշտպանել բռնի տեղահանված բնակչության մշակութային իրավունքներն ու արժանապատվությունը: