Բերդաշենի 2019 թվականի պեղումների խեցեղենը
Արցախի հնագիտական արշավախմբի մի ջոկատը 2019 թ. հուլիս-օգոստոս ամիսներին պեղումներ է կատարել Արցախի հանրապետության Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղի ամրոցի ստորոտում և Պիծի նահատակ մատուռի շրջակայքում (մանրամասն տե՛ս https://monumentwatch.org/hy/monument/%d5%a2%d5%a5%d6%80%d5%a4%d5%a1%d5%b7%d5%a5%d5%b6%d5%ab-%d5%ba%d5%a5%d5%b2%d5%b8%d6%82%d5%b4%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8/): Պեղումները թույլ տվեցին ընդլայնել այս շրջանի միջնադարյան խեցեղենի ուսումնասիրությունը: Բերդաշենում պեղվել է երկու տեղամաս. առաջինը՝ ամրոցի ստորոտում, երկրրոդը՝ «Պիցի Նահատակ» մատուռի շրջակայքում:
Երկու պեղատեղիներում էլ հայտնաբերվել են միջնադարյան խեցեղենի մեծաքանակ օրինակներ: Հայտնաբերված ողջ խեցեղենը կարելի է բաժանել հասարակ (անջնարակ) և ջնարակած տեսակների: Ընդհանուր առմամբ ուսումնասիրվել է 523 բեկոր, որոնցից 375-ը՝ հասարակ, 148-ը՝ ջնարակած: Խեցեղենի մեծ մասը գտնվել է ամրոցի ստորոտի պեղամասից:
Այստեղ ամենամեծ հետաքրքրությունը ներկայացնում են ջնարակած բեկորները: Վաղ շրջանի փոքրաթիվ օրինակները վերաբերում են 10-11-րդ դարերին (նկ. 1): Դրանք խամրած դեղնա-կանաչավուն ջնարակի տակ սև ներկով (հավանական է կոբալտ) արված երկրաչափական զարդեր են և հիշեցնում են Նիշապուրի դպրոցի օրինակները: Մի քանի օրինակ էլ ներկայացնում են ենթաջնարակային նկարազարդում անգոբով:
Ջնարակած խեցեղենի մեծ մասը վերաբերում է 12-13-րդ դարերին, այսինքն՝ դրա արտադրության ծաղկման շրջանին: Դա լավ ճանաչելի փորագրանախշ և եռագույն ջնարակած խեցեղենն է (նկ. 2):
Մեծամասամբ այդպես նախշազարդվում էին հանդիսավոր սպասքի մեծ և փոքր թասերն ու ափսեները: Հասարակ խեցին պատվում էր սպիտակ անգոբով, անգոբի վրա սրածայր գործիքով ուրվագծվում էին ապագա հորինվածքի կերպարներն ու նախշերը, որոնք ներկվում էին դեղին, շագանակագույն և կանաչ մետաղական ներկերով: Ապա զարդարված ողջ մակերեսը պատվում էր անգույն կամ գունավոր ջնարակով ու թրծվում: Ներկերը թրծման ընթացքում լուծվում էին դյուրահալ ջնարակի հետ և առաջացնում վառ գունային էֆեկտ: Այս տեխնոլոգիան բնորոշ է 12-13-րդ դարերի Արևելքի (Մերձավոր Արևելք, Իրան, Միջին Ասիա) խեցեղենի հիմնական մասին: Կոնկրետ Բերդաշենում բազմագույն նախշազարդում ստանալու համար կիրառվել են հետևյալ բնական հանքային ներկանյութերը. կանաչ - պղնձի օքսիդներ, դեղին և շագանակագույն - օխրա և երկաթի օքսիդներ: Մանուշակագույնի կամ մուգ շագանակագույնի (մինչև սև) համար օգտագործվել են մանգանի օքսիդներ:
Ինչ վերաբերում է հորինվածքների թեմատիկային և մոտիվներին, ապա պեղածո նոյւթերում դրանք պարզ երկրաչափական պատկերներ են: Սակայն նկատենք, որ այս խեցեղենի նկարազարդման դասական ոճում պատկերվում են բուսանախշեր, որոնք ներկայացնում են ծաղկուն այգի՝ կենտրոնում տարբեր կենդանիներ և թռչուններ՝ ի բավարարումն անոթն օգտագործողների ճաշակի: Բերդաշենի թանգարանի ցուցանմուշների թվում կան նաև կենդանական պատկերներով բեկորներ (նկ. 3, 4):
Ուշագրավ է հատկապես արծվանման թռչունի պատկերով հատակը (նկ. 4), որի նստուկի վրա առկա է վարպետի նշանը: Հետաքրքիր է, որ նման մի հակատամաս էլ ծագում է Տիգրանակերտի պեղումներից՝ նորից վարպետի նշանով (նկ. 5, 6): Ավելի քան հավանական է որ դրանք արտադրվել են նույն խեցեգործականն կենտրոնում:
Բերդաշենի պեղումների հասարակ կամ անջնարակ խեցեղենի բհավաքածուն բազմազան է: Այստեղ կարելի է առանձնացնել հետևյալ գործառնական խմբերը.
- Պահեստավորման անոթներ, որը ներառում է տարբեր չափսերի կարասները,
- Շինարարական խեցեղեն, որին վերաբերում են կողմինդրի չորս բեկորները:
- Արտադրական խեցեղեն, որը ներառում է ձձումների բեկորները:
- Պահեստավորման խեցեղեն, որին վերաբերում են կարասները:
- Խոհանոցային խեցեղեն, որ ներկայացված է տարբեր տեսակներով՝ կաթսաներ, կճուճներ, կաթնամաններ:
- Սեղանի սպասք. սափորներ. կժեր, թասեր, ափսեներ, մատուցարաններ, աղամաններ:
- Հատուկ նշանակության խեցեղեն՝ կափարիչներ, ձիթաճրագներ, սֆերակոնիկ անոթներ (այսպես կոչված սնդկամաններ):
Ընդհանուր առմամբ, հասարակ (անջնարակ) խեցեղենը կազմում է խեցեգործական նյութի մեծ մասը: Արցախի անջնարակ խեցեղենի բնորոշ առանձնահատկությունը դրա զարդարման բազմազան տեխնիկական մեթոդներն ու պատկերագրական մոտիվներն են: Խեցեղենն արտադրվել է զանգվածաբար, ստանդարտացված և վաճառքի համար: Մի հետաքրքիր մանրամասն, որ վկայում է այդ մասին, մեծ կարասի շրթի բեկորն է, որի դրոշմազարդ գոտին դրոշմվել է գլխիվայր (նկ. 8): Առարկայի անհատական պատրաստման դեպքում այս թերությունը կուղղվեր: Առանձնանում են ջրաման-սափորների բազմաթիվ բեկորներ՝ կանթերով հանդերձ (նկ. 9):
Բերդաշենի 2019 թ, պեղումները թեև ընթացել են խիստ սահմանափակ ժամանակում և տարածքում, սակայն պեղածո խեցեղեն նյութերը երևան են բերում մետաքսի ճանապարհի Օրենկալա-Տիգրանակերտ-Պարտավ հատվածում տեղադրված բերդաքաղաքի զարգացած մշակութային դիմագիծը:
Բերդաշեն
Արցախ