Քորնելի և Փերդյու համալսարանների հետազոտողները 2020 թվականի վերջին ստեղծել են «Կովկասի ժառանգության մշտադիտարկում» (Caucasus Heritage Watch: https://caucasusheritage.cornell.edu/) հարթակը, որտեղ արբանյակային լուսանկարների օգնությամբ հետևում և վավերացնում են Ադրբեջանի հսկողության տակ անցած մշակութային ժառանգության վիճակը։ Խմբի գործունեությունը և կայքը միջազգային լայն ճանաչում են գտել։
Խմբի կազմակերպիչներ՝ հնագետներ Լորի Խաչատուրյանը և Ադամ Սմիթը ս. թ. հուլիսի 28-ին ՀՀ ԳԱԱ նախագահության կլոր դահլիճում (Բաղրամյան 24) հայ ակադեմիական հանրույթին ներկայացրեցին նախաձեռնության ընթացքը և կայքի գործունեությունը։