Ֆրանսիայի Հանրապետության Սենատը 295 կողմ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ 2022 թվականի նոյեմբերի 15-ին ընդունել է Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև
Ֆրանսիայի Հանրապետության Սենատը 295 կողմ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ նոյեմբերի 15-ին ընդունել է Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև, որտեղ ի թիվս այլ խնդիրների, նշվում է նաև տեղահանված բնակչության վերադարձի իրավունքի և հայկական մշակութային և կրոնական ժառանգության հրատապ պաշտպանության անհրաժեշտությունը։
Ի թիվս այլ դրույթների՝ Ֆրանսիայի Սենատի բանաձևը՝
- կոչ է անում ադրբեջանական ուժերին և նրանց դաշնակիցներին դուրս բերել իրենց զինված ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքից և Լաչինի միջանցքից, վերադառնալ իրենց սկզբնական դիրքերը, քանզի անվտանգությունն ու անփոփոխ կարգավիճակը պետք է ապահովվի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայանգրի դրույթներով։
- Կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին և տարածաշրջանում նրանց բոլոր գործընկերներին՝ մասնավորապես Թուրքիային, հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունն ու անկախությունը՝ իրենց միջազգային պարտավորություններին համապատասխան։
- Կոչ է անում ազատ արձակել և հայրենադարձել բոլոր հայ ռազմագերիներին։
- Դատապարտում է 1969 թվականի հունվարի 4-ի «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի» Ադրբեջանի կողմից արված խախտումները և կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին՝ հարգել հայ բնակչության անվտանգության և նրանց իրավունքների ապահովմանն ուղղված միջազգային պայմանագրերն ու կոնվենցիաները։ Կոչ է անում հարգել տեղահանված բնակչության վերադարձի իրավունքը, ինչպես նաև հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանումը։
- Կոչ է անում Կառավարությանը վճռականորեն գործել, որպեսզի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դիմի Միջազգային քրեական դատարան Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ, ներառյալ զանգվածային և ռազմական հանցագործությունների հետաքննությունը։
- Առաջարկում է Կառավարությանը նախատեսել Լեռնային Ղարաբաղում մարդասիրական գրասենյակ ստեղծելու հնարավորությունը։
- Վերահաստատում է տևական խաղաղություն հաստատելու նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու և այդ ճանաչումը բանակցությունների գործիք դարձնելու անհրաժեշտությունը։
- Կոչ է անում Կառավարությանն անհապաղ ձեռնարկել ցանկացած նախաձեռնություն, որը հնարավոր կդարձնի երաշխավորել հայ բնակչության և Հայաստանի անվտանգությունն, իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում, և այդ նպատակով խնդրել միջազգային հանրության հովանու ներքո միջակայքային ուժեր տեղակայել:
- Վերահաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման և այն, տևական խաղաղություն հաստատելու նպատակով, բանակցությունների գործիք դարձնելու անհրաժեշտությունը:
- Կոչ է անում Կառավարությանը գործադրել բոլոր ջանքերը, որպեսզի Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը հասնելու նպատակով Ադրբեջանը դիվանագիտական ուղիներով ներգրավվի բանակցային գործընթացում։
Նյութի աղբյուրը՝ http://www.senat.fr/dossier-legislatif/ppr22-003.html: