Ֆրանսիայի սենատի կողմից 2024 թվականի հունվարի 17-ին ընդունված բանաձևը դատապարտում է Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության ոչնչացման Ադրբեջանի քաղաքականությունը
2024 թվականի հունվարի 17-ին Ֆրանսիայի սենատը 336 կողմ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունել է բանաձև, որտեղ ի թիվս այլ հրատապ խնդիրների, դատապարտել է Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության ոչնչացման Ադրբեջանի քաղաքականությունը։
Ի մասնավորի, բանաձևը «Կոչ է անում հարգել մշակութային և կրոնական ժառանգությունը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջազգային պարտավորություններին համապատասխան և խստորեն դատապարտում է Լեռնային Ղարաբաղում հայկական հուշարձանների, մասունքների, հավաքածուների և մշակութային արժեքների նկատմամբ ոտնձգությունները։
Ընդգծում է զինված հակամարտության դեպքում մշակութային արժեքների պաշտպանության միջկառավարական կոմիտեի օրակարգում Լեռնային Ղարաբաղի ժառանգության պաշտպանության հարցը ներառելու հրատապ անհրաժեշտությունը և կոչ է անում Ադրբեջանին հեռացնել այդ կոմիտեից։
Ընդգծում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին առընթեր փորձագետների միջազգային խմբի անհապաղ ստեղծման և առաքելությամբ Լեռնային Ղարաբաղ ուղարկելու անհրաժեշտությունը ՝ մշակութային և կրոնական ժառանգության վիճակի մասին տեղեկատվական զեկույց պատրաստելու համար» (https://westernarmeniatv.com/en/politics_wa/the-text-of-the-resolution-of-the-french-senate-on-artsakh/):
Ֆրանսիայի սենատը հիշյալ բանաձևով դատապարտել է նաև 2023 թվականի սեպտեմբերի 19-ի և 20-ի ադրբեջանական ագրեսիան՝ Արցախի ժողովրդի դեմ, և կոչ արել այնպիսի պայմաններ ստեղծել, որոնք կերաշխավորեն արցախցիների անվտանգ վերադարձը հայրենի օջախներ։
Ֆրանսիայի սենատը փաստել է, որ Արցախը լուծարված չէ, որ ղարաբաղյան խնդիրը դեռ վերջնականապես կարգավորված չէ։ Ի մասնավորի, բանաձևում նշված է «Ֆրանսիայի սենատն ամենավճռական կերպով դատապարտում է 2023 թվականի սեպտեմբերի 19-ին և 20-ին Ադրբեջանի կողմից իր դաշնակիցների աջակցությամբ Լեռնային Ղարաբաղում իրականացված ռազմական հարձակումը, որը հանգեցրեց այնտեղ բնակվող գրեթե ողջ հայ բնակչության վտարմանը։
Սենատը հիշեցնում է, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հարգումը, որը տարածվում է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության վրա, Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության միակ հնարավոր ճանապարհն է, և որ պետությունները պարտավոր են հարգել և պաշտպանել այդ իրավունքը։ Հետևաբար, միջազգային հանրությունը պարտավոր է Ադրբեջանից պահանջել գործադրել բոլոր ջանքերը՝ ապահովելու հայ բնակչության Լեռնային Ղարաբաղ վերադառնալու իրավունքը՝ նրանց անվտանգությունն ու բարեկեցությունն ապահովող պայմաններով»
Ֆրանսիացիները կարևորում են նաև Լեռնային Ղարաբաղի մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանությունը և ողջունում են՝ այդ նպատակով ՅՈՒՆԵՍԿՕ-ում փորձագետների միջազգային խմբի ստեղծումը, որը պետք է գործուղվի Արցախ և տեղում ծանոթանա առկա խնդիրներին։
Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևի, թերևս առանցքային կետերից մեկն էլ այն է, որ Փարիզը վճռականորեն դատապարտելով Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիան, կոչ է անում անհապաղ դուրս բերել այդ երկրի օկուպացիոն զորքերը Հայաստանի տարածքից։