Աղվանքում քրիստոնեության ծագման մասին գրավոր աղբյուրները կարելի է բաժանել երկու խմբի, որոնք պայմանականորեն կարելի է անվանել «Հայկական լեգենդ» և «Երուսաղեմյան լեգենդ»։
«Հայկական լեգենդի» համաձայն՝ Աղվանքում քրիստոնեության պաշտոնական տարածումը տեղի է ունեցել Հայաստանում քրիստոնեության տարածման հետ գրեթե միաժամանակ՝ Տրդատ թագավորի և Գրիգոր Լուսավորչի նախաձեռնությամբ։ Ուստի դավանաբանական և վարչական առումներով Աղվանից եկեղեցին գտնվել է Հայ եկեղեցու ազդեցության տակ։
Ըստ «Երուսաղեմյան լեգենդի»՝ հայկական ավանդությունը ներկայացնում է Աղվանքում քրիստոնեության տարածման երկրորդ փուլը։ Առաջին ալիքը վերագրվում է Եղիշա առաքյալին, որը համարվում է Սբ. Թադեոսի աշակերտն ու Աղվանից եկեղեցու հիմնադիրը։
Արցախում վերջին տարիների հնագիտական հետազոտությունները հայտնաբերել են արևելյան մուտքով մի շարք մասունքարան-դամբարաններ (Տիգրանակերտ, Ամարաս, Վաճառ), որոնք թվագրվում են հինգերորդ դարի վերջով-վեցերորդ դարի սկզբով։ Այս հատկանիշի վերլուծությունը (համապատասխան հնագիտական նյութի, Տիգրանակերտի վաղքրիստոնեական սրբազան տեղագրության ներառմամբ) և Աղվանից թագավոր Վաչագան Բարեպաշտի բարեփոխումների մասին Կաղանկատվացու տեղեկությունների համադիր քննությունը թույլ է տալիս առաջ քաշել այն վարկածը, որ «Երուսաղեմյան լեգենդի» հիմքում ընկած է Վաչագանի քաղաքական նախաձեռնությունը՝ առանձնացնել իր թագավորության եկեղեցին Հայ եկեղեցուց։
Մանրամասն՝ https://monumentwatch.org/wp-content/uploads/2024/04/Петросян-Г.-О-характере-и-времени-институционализации-албанской-церкви-в-свете-новых-археологических-исследований-в-Арцахе.pdf