Ավետարանոցի հուշահամալիրի մասին
2023 թվականի հուլիսի 20-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օկուպացված Շուշի քաղաք ուղևորվելիս այցելեց նաև օկուպացված Ասկերանի շրջանի Ավետարանոց (Չանախչի) գյուղ (https://president.az/ru/articles/view/60529 ): Դատելով ադրբեջանական լրատվականների կողմից տարածվող տեսանյութից՝ Իլհամ Ալիևը Ավետարանոց գյուղի բարձր կետից դիտում է շրջակայքում իրականացվող շինարարական աշխատանքները (https://www.youtube.com/watch?v=Raari-Nuk9o): Որպես դիտակետ ընտրվել է գյուղի հարավարևելյան կողմում գտնվող հրվանդանը, որտեղ գտնվում է Կուսանաց անապատ (վանքի և նրա հուշարձանների մասին մանրամասն տես` Ավետարանոցի Կուսանաց անապատ - Monument Watch)
Նշենք, որ Ավետարանոց գյուղը Արցախի Վարանդայի մելիքության կենտրոնն էր, իսկ վանքը՝ Վարանդայի տիրակալներ Մելիք-Շահնազարյանների սրբավայրն ու տապանատունը:
Խորհրդային տարիներին Ավետարանոցի Կուսանաց անապատի տարածքում տեղադրվել էր Հայրենական Մեծ պատերազմում զոհված համագյուղացիների հիշատակը հավերժացնող հուշարձան: 2013 թվականին վանքի տարածքը բարեկարգվել է, վերանորոգվել է եկեղեցին, տապանատունը: 2013 թվականին (https://www.youtube.com/watch?v=V0tIr3gluys) տարածքում տեղադրվել է նաև Արցախյան առաջին պատերազմում նահատակված Ավետարանոցի քաջորդիներին նվիրված հուշարձանը (նկ. 1):
2020 թվականի հոկտեմբերի 27-ին գյուղն անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ: Դեռևս 2021 թվականի հոկտեմբերի 7-ին տեսանյութ տարածվեց, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականները պղծում եկեղեցու և տապանատան տարածքը (ավելի մանրամասն տես՝ Թշնամին պղծել է Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղի Կուսանաց Անապատը - Monument Watch)։
2021-2022 թվականներին ադրբեջանցիների կողմից նկարահանված որոշ տեսանյութերից հստակ երևում է, որ ադրբեջանական կողմը վնասել է հուշարձանը, գրություններով պատել Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին կանգնեցրած հուշարձանը (https://www.youtube.com/watch?v=r3xGEF0NfLE, https://www.youtube.com/shorts/-6qjkHvlzLg): Ընդ որում դա արվել է 2021-2022 թվականների միջակայքում, քանի որ 2020 և որոշ չափով 2021 թվականներին նկարահանված տեսանյութերում կոթողի վրա դեռ գրություններ չկան (https://www.youtube.com/watch?v=NODyCnW_DYg ): Այս ամենն արվել է գյուղում և նրա շրջակայքում տեղակայված ադրբեջանցի զինվորականների կողմից։ Տեսանյութերում խոսող, մեկնաբություններ թողող անձինք ևս ադրբեջանցի զինվորականներ են:
2020-2022 թվականներին ներբեռնված տեսանյութերից երևում է, որ կանգուն է նաև 2013 թվականին Արցախյան առաջին պատերազմում զոհված Ավետարանոց գյուղի հերոսների հիշատակին կանգնեցված հուշարձանը: Տեսանյութերում թեև հուշարձանը մոտիկից նկարահանված չէ, սակայն տարածքի տեսարանները ցուցադրող հատվածներում այն երևում է (https://www.youtube.com/watch?v=IlM1f85jk0M ): Ավետարանոց գյուղի հերոսների հիշատակին կանգնեցված հուշարձանը տեսանելի էր նաև 2023 թվականի ապրիլի 23-ին ադրբեջանցի օգտատիրոջ կողմից տեղադրված տեսանյութում: Ստույգ ասել, թե երբ է նկարահանվել տեսանյութը, բարդ է, սակայն այն համացանցում հայտնվել է 2023 թվականի ապրիլին (https://www.youtube.com/watch?v=DJrxMWT9X-c): Տեսանյութում հատկապես ուշադրություն է գրավում օգտատերերից մեկի մեկնաբանություն-հարցադրումը, թե ինչու դեռևս չեն քանդել խաչի արձանը: Ցավոք, համացանցում չկան ավելի նոր տեսանյութերը կամ լուսանկարներ, որտեղ երևա հուշարձանը: Հարկ ենք համարում նշել, որ առհասարակ նման բնույթի շատ տեսանյութեր հրապարակվում է Qarabağ Azərbaycandır յութուբյան օգտարոջ կողմից, որի տեսանյութերի զգալի մասը ներկայացնում են ադրբեջանցի զինվորականների վայրագություններն Արցախի օկուպացված շրջաններում:
Տեսանյութից (https://www.youtube.com/watch?v=9pvga3e_ybE ) երևում է, որ Ալիևը քայլում է վանքի տարածքում, սակայն տեսանյութն այնպես է նկարահանվել, որ երևում է միայն հրվանդանի հատվածը: Տարածքը դիտելու համար վերջինս կանգնում է համեմատաբար լայն մի հարթակում: Տեսանյութից ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը ոչնչացրել է Արցախյան առաջին պատերազմում նահատակված Ավետարանոցի բնակիչների հիշատակին կանգնեցված հուշարձանը:
Ադրբեջանական կողմի արված պաշտոնական նկարահանումները այնպես են արված, որ չեն երևում անգամ Կուսանաց վանքի շինությունները: Շեշտը դրված է Ադրբեջանի նախագահի քայլելու և տեսարանը դիտելու կադրերին: Հաշվի առնելով պաշտոնական ադրբեջանական քարոզչությունը և վերջին տարիների քաղաքականությունը, ըստ որի նման հուշարձանները համարվում են Ադրբեջանի համար «օկուպացիայի» խորհրդանիշ, հավանական է թվում, որ Իլհամ Ալիևի այցի կապակցությամբ հուշարձանը պարզապես ոչնչացրել են: Դժվար թե Ադրբեջանի նախագահը կանգներ, քայլեր կամ ինչ-որ բան աներ նման տեսակի հուշարձանի մոտ: Մյուս կողմից էլ, եթե այն պետք լիներ պահպանվեր քարոզչական նպատակով, ապա վստահաբար Ալիևը, ով շատ է սիրում ցուցադրական ելույթներ ունենալ, անպայման այն կօգտագործեր իր խոսույթում: Հաշվի առնելով այս փաստերը, կարող ենք ենթադրել, որ 2023 թվականին, միգուցե ավելի վաղ հուշարձանը ոչնչացվել է: Նման դեպքերը 2020 թվականից հետո բավականին շատ են, ադրբեջանական կողմն անգամ չի էլ թաքցնում դա: Ասվածի լավագույն ապացույցը 2020 թվականի 44-օրյա պատերազմի ավարտից անմիջապես հետո՝ 2020 թվականի դեկտեմբերի 4-ին, ռուսական Կոմերսանտ լրատվականում լրագրող Կիրիլ Կրիվոշեևի հրապարակած ընդարձակ հոդվածն էր օկուպացված Թալիշ և Մատաղիս բնակավայրերից, որտեղ ադրբեջանցիները ուղիղ խոստովանում են, թե ինչ ճակատագիր է սպասվելու բոլոր հուշարձաններին (Надписи на поверженных камнях, https://www.kommersant.ru/doc/4595963 ):
Այս բնույթի հուշարձանները Արցախի հայության ինքնապաշտպանության, սեփական հայրենիքում ապրելու համար մղված պայքարի խորհրդանիշ են, ուստի պաշտոնական Ադրբեջանի տեսանկյունից այդ հուշարձանները չպետք է լինեն: Ավերումների, պղծումների փաստերը բացվում են աստիճանաբար, հաճախ պատահական արված տեսանյութերից և լուսանկարներից։
Մեր արձագանքը
Կարող ենք արձանագրել, որ Ադրբեջանը շարունակում է հայկական հետքերի ոչնչացումն Արցախի գրավյալ շրջաններում: Օկուպացված Հադրութի շրջանի տարածքում ադրբեջանական կողմը իրականացնում է մեծածավալ ճանապարհաշինարարական, ռազմական բնույթ կրող ինժեներական աշխատանքներ, որոնք վտանգում են Հադրութի շրջանի բազմաթիվ հուշարձանները, ինչի մասին բարձրաձայնվել է բազմաթիվ անգամ. «Ադրբեջանական ճանապարհները» և վտանգված հայկական մշակութային ժառանգությունը - Monument Watch, Սղնախի գերազմանոցի ավերումը (Թարմացում) - Monument Watch։
Հարկ ենք համարում հիշեցնել, որ «Զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» կոնվենցիայի առաջին արձանագրության՝ գրավյալ տարածքներում արգելված է ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները։ Հաագայի 1999 թվականի երկրորդ արձանագրությունը վերահաստատում է այս պահանջը և այդպիսի արարքը՝ ըստ 15-րդ հոդվածի, որակում որպես միջազգային հանցագործություն։ Մշակութային արժեքների ոչնչացման գործողություններն արգելվում են նաև Ժնևի 1949 թվականի օգոստոսի 12-ի պատերազմից տուժածների պաշտպանության, պատերազմի օրենքների և սովորույթների վերաբերյալ միջազգային չորս կոնվենցիաների և արձանագրութունների, ինչպես նաև ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերի և Մարդու իրավունքների պաշտպանության համաձայնագրերի կողմից։