Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. Դրվագ Գ. Ջալալ Մեծի տապանաքարը

Միշտ չէ, որ մեր թիմն անդրադառնում է ադրբեջանական մտավարժանքներին: Ադրագիտպրոպն այդ երկրի հայատյաց քաղաքականության օրգանն է, նրա հիմնական գործելակերպը տարբեր մասշտաբի «փորձագետների» և պաշտոնյաների հայտարարություններն են: Պատմամշակութային փաստերը, ասպարեզի հանրահայտ և լուրջ հետազոտությունները նրանց համար առ ոչինչ են: Թվում է, թե ամեն ինչ պարզ է, որևէ կարիք չկա անընդհատ կրկնել հայտնի ճշմարտությունները: Սակայն այս անգամ ադրբեջանական ներկայացումը մեթոդաբանորեն նոր չափումներ է ստացել. միջազգային դիվանագիտական շրջանակների հարյուրավոր ներկայացուցիչներ, տարբեր հուշարձանների արդեն առանձին մանրամասների «աղվանականացման» մասին բարձրաստիճան պաշտոնյայի քամահրական ու շինծու հայտարարություններ և դրանք «գիտականորեն բացատրող» իբր պրոֆեսիոնալներ: Մենք որոշեցինք այս անգամ ուղղակիորեն անդրադառնալ այն չորս դեպքերին, ուր հայկական ժառանգությունը ներկայացվում է որպես աղվանական ժառանգության ամենավառ ու «անբեկանելի» ապացույցներ:

Ադրբեջանում հավատարմագրված 58 երկրի և 9 միջազգային կազմակերպության ներկայացուցիչներից բաղկացած շուրջ 150 հոգանոց պատվիրակության այցի ընթացքում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը և ոմն «մասնագետ» Գանձասարի վանքի գավթում գտնվող Ջալալ Մեծի (ապրել է 15-րդ դարում) տապանաքարը (նկ. 1) անգրագիտաբար ներկայացնում են որպես Հասան Ջալալ Դոլայի (ապրել է 13-րդ դարում) տապանաքար:

Նախ, տապանաքարի ծավալային և քանդակային լուծումների մասին: Այն հարթ սալ է, ինչպես որ որպես կանոն լինում են գավիթ-տապանատան տապանաքարերը: Պատրաստված է մարմարացված կրաքարից, որն Արցախի կրաքարի հանքերում խիստ եզակի է հանդիպում: Եթե սովորական կրաքարից պատրաստված կոթողները, որոնք կազմում են Արցախի կոթողային հուշարձանների գերակշիռ մեծամասնությունը, հաճախ քայքայվում և կորցնում են հորիվածքների հստակությունը, մարմարացված կրաքարը շատ լավ է պահպանում նախնական քանդակը, ինչը և տեսնում ենք մեր տապանաքարում: Հայտնի չէ, թե երբ և ինչ հանգամանքներում է եռատվել իշխանի տապանաքարը: Ս. Բարխուդարյանը հավանական է համարել, որ դա արել են գանձախույզները (ԴՀՎ 5, 64):

Տապանաքարի հորինվածքը կատարման վարպետությամբ և հստակությամբ կարելի է արվեստի լուրջ գործ համարել: Երեք վարդյակները, որ շրջանը համամասն բաժանելու և այն տարբեր լուսային մոտիվներով հագեցնելու կատարյալ օրինակներ են, ներկայացնում են հայ քրիստոնեական քանդակում լայնորեն տարածված երեք լուսատուներից՝ Արև, Լուսին, Աստղն առավոտի (նկ. 2-4), բաղկացած հորինվածքը, որը խորհրդանշում է Երկրորդ Գալուստը (և դրանով իսկ հանգուցյալների հոգու փրկությունը): Այն տարակերպ մանրամասներով Հայաստանում լայնորեն տարածված էր դեռևս 5-7-րդ դարերում: Սկզբնապես դրանք պատկերվում էին եկեղեցիների բարավորների ու պատուհանների պսակների վրա, ուղղակի պատերին: 9-րդ դարից դրանք դառնում են խաչքարային հորինվածքի էական բաղադրիչներից մեկը 12-13-րդ դարերից սկսած՝ հայտնվում նաև տապանաքարերի վրա (նկ. 5-8, Պետրոսյան 2008, 363-366):

Տապանաքարի արձանագրությունը հայտնում է. «Ա[յս է] հանգիստ մեծին/ Ջալալին: [Յ]աղաւթս/ յիշեցէք: Թվ. :ՊՁ: (1431)»: Այսինքն, այն որևէ առնչություն չունի 1261 թ. եղերական մահով սպանված Հասան Ջալալ Դոլայի հետ: Ջալալ Մեծը նրա ժառանգներից է, ապրել է 15-րդ դարում, նա Ջալալ Մեծ է կոչվում և Մեծարանից սուրբ Հակոբավանքի արձանագրություններից մեկում, որ փորագրվել է նրա որդի՝ Հովհաննես կաթողիկոսի կողմից (ԴՀՎ 5, 18): Նկատենք, որ խաչքարային և տապանաքարային արձանագրության մեջ մահվան թվականի հիշատակումն անունից հետո երկրորդ կարևոր հաղորդումն է, քանի որ ըստ միջնադարյան հայ քրսիտոսաբանական պատկերացումների մահվան թիվն էական է Ժամանակների վերջում հավատացյալի ինքնության հավաստման համար: Թեև Գանձակեցին հստակ հաղորդում է Գանձասարում Հասան Ջալալ Դոլայի մարմինն ամփոփելու մասին («Իսկ զմարմին երանելի առնն... գողացեալ հաւատարմացն իւրոց, և որդւոյ նորա Աթաբակին, բերեալ ամփոփեցին ի գերեզմանատան հարց իւրոց ի Գանձասար, զոր ինքն իսկ շինեաց», Գանձակեցի 1961, 391), վանքում նրա տապանաքարը չկա: Նույնիսկ հետագայում՝ նրա շիրիմին տապանաքար դնելու դեպքում, արձանագրությունում պիտի փորագրվեր նրա մահվան թվականը: Իհարկե այս ամենը չգիտեն ադրագիտպրոպի ներկայացուցիչները, նրանց հիմնական նպատակը հայտարարելն է, թե այդ ամենն աղվանական է: Փաստերը, մասնագիտական գիտելիքը, տարրական բարեվարքությունը այս մարդկանց համար կարևոր չեն:

Այսպիսով, Գանձասարի գավթի հայտնի տապանաքարը ոչ թե Հասան Ջալալ Դոլայի, այլ 15-րդ դարում ապրած Ջալալ Մեծ իշխանի տապանաքարն է, ինչի մասին հստակորեն վկայում է 1431 թվականի արձանագրությունը: Այն կրում է եզակի վարպետությամբ իրականացված հորինվածք, որը խորհրդանշում է Երկրորդ գալուստն ի դեմս Արևի, Լուսնի և Աստղն առավոտի:

Մեր արձագանքը

Միջազգային ժառանգության իրավունքի տեսանկյունից նման ներկայացումները ժառանգության ինքնության խեղաթյուրում են: 1972 թվականի UNESCO-ի Համաշխարհային ժառանգության կոնվենցիայի 4-րդ և 5-րդ հոդվածները պետություններից պահանջում են ապահովել մշակութային ժառանգության նույնականացումը, պաշտպանությունը, պահպանումը, ներկայացումը և ապագա սերունդներին փոխանցումը։ Այս շրջանակում Նարայի փաստաթուղթը մշակութային ժառանգության իսկությունը կապում է դրա արժեքների արժանահավատ և ճշմարտացի ներկայացման հետ՝ հաշվի առնելով, այդ թվում, նյութը, ձևը, գործառույթը, ավանդույթները, տեղադրությունը և լեզուն։ 2005 թվականի UNESCO-ի Կոնվենցիան ամրագրում է մշակույթների հավասար արժանապատվության և հարգանքի, ինչպես նաև մշակութային բազմազանության պահպանման սկզբունքները, իսկ 2003 թվականի Կոնվենցիան շեշտում է ժառանգության փոխանցումը սերունդների միջև և դրա կապը համայնքների ինքնության ու շարունակականության հետ։ Հետևաբար, հուշարձանի պատմության, վիմագրերի, լեզվի և մշակութային պատկանելության վերաբերյալ չհիմնավորված պնդումների պետական տարածումը կարող է խաթարել դրա իսկության և պատմական արժեքների արժանահավատ ներկայացումը։ Գանձասարի դեպքում նման գործելակերպը դիտարկելի է որպես մշակութային ժառանգության քաղաքական գործիքավորում, երբ հուշարձանի պատմության վերաձևակերպումը ծառայեցվում է կեղծ ազգային-պատմական նարատիվի ձևավորմանն ու տարածմանը։

  1. Գրականություն
    ԴՀՎ 5 - Դիվան հայ վիմագրության, պր. 5, Արցախ, կազմեց Ս. Գ. Բարխուդարյան, ՀՍՍՀ ԳԱ հրատ., Երևան, 1982:
  2. Գանձակեցի 1961 - Կիրակոս Գանձակեցի, Պատմութիւն Հայոց, աշխատասիրությամբ` Կ. Ա. Մելիք-Օհանջանյանի, Երևան, ՀՍՍՌ ԳԱ հրատ.։
  3. Պետրոսյան 2008 - Պետրոսյան Հ., Խաչքար. ծագումը, գործառույթը, պատկերագրությունը, իմաստաբանությունը, Երևան, Փրինթինֆո:

Նկ․ 1 Ջալալ Մեծի տապանաքարը, Գանձասարի վանք, գավիթ, ընդհանուր տեսքը:

Նկ․ 2 Արևը:

Նկ․ 3 Լուսինը:

Նկ․ 4 Աստղն առավոտին:

Նկ․ 5 Արևը, Լուսինը և Աստղն առավոտի, մուտքի բարավոր, 9-րդ դար, Գանձակ, Գեղարքունիք:

Նկ․ 6 Արևը, Լուսինը և Աստղն առավոտ, խաչքար, 9-10-րդ դարեր, Մաքենյաց վանք, Գեղարքունիք:

Նկ․ 7 Խաչը լուսատուների միջավայրում, խաչքար, 1091 թ., Ամարասի վանք, Արցախ:

Նկ․ 8 Արևը, Լուսինը, Աստղն առավոտի և խաչը, բարավորի արձանագրություն, 1691 թ., Երից Մանկանց վանք, Արցախ: