Շուշիի հյուսիս-արևելյան (հայ-ռուսական) գերեզմանոցն ու դրա ոչնչացումը
Արցախի տարածքում շարունակվում է Ադրբեջանի կողմից կազմակերպված՝ հատկապես 18-19-րդ դարերի հայկական պատմական հետքը ներկայացնող մշակութային ժառանգության կազմակերպված ոչնչացումը։ Կովկասի ժառանգության մշտադիտարկման միջազգային կենտրոնը (Caucasus Heritage Watch) արբանյակային լուսանկարների օգնությամբ փաստագրել է Շուշիի արևելյան, հայ-ռուսական գերեզմանոցի մասնակի ոչնչացումը ծանր տեխնիկայի միջոցով (https://storymaps.arcgis.com/stories/86f8801887584a249d8d63e7f08880f8?fbclid=IwY2xjawUKie5wZG9mBWV4dG4DYWVtAjExAGJyaWQRMXJsRXpudWFheWNCVkhDbGhzcnRjBmFwcF9pZBAyMjIwMzkxNzg4MjAwODkyAAEeWP5OvpWWG8tJIBV_4CF_piiM4XfwH_9q9t3glh6luZE7Uqdj9yJ_1VqF9_c_aem_lm67b774FiRznp1DoHlKZQ) (նկ. 1)։ Ըստ արբանյակային լուսանկարների դա տեղի է ունեցել 2026 թվականի մայիսի 9-ից 14-ը ընկած ժամանակահատվածում։ Գերեզմանատան ավերման տեսարանը նկատելի է նաև ադրբեջանական սոցիալական կայքերից վերցված մի տեսանյութում (https://www.facebook.com/reel/2244998109683181)։ Ինչպես երևում է տեսանյութում, գերեզմանատունը ոչնչացվել է Շուշիի մշակութային կերպարը փոփոխող շինարարական մեծաքանակ աշխատանքների շրջանակում կառուցվող կոյուղաջրերի հեռացման խողովակաշարի անցկացման արդյունքում։
2004-2005 թ. ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի հնագիտական արշավախումբը Շուշիի և շրջակայքի միջնադարյան հուշարձանների պեղումների շրջանակներում 2005 թ. հուլիսին այս գերեզմանոցում իրականացրել է հետախուզական աշխատանքներ (https://monumentwatch.org/en/2023/05/09/medieval-shushi-through-the-lens-of-archaeological-research/, նկ. 2): Արդյունքում վավերացվել են 12-13-րդ դարերի հինգ խաչքարեր, մաքրվել է գերեզմանոցի մի հատվածը, մաքրվել և լուսնակարվել են տապանաքարերն ու գերզմանային կառույցները:
Հայ-ռուսական գերեզմանոցը Շուշիի հին գերեզմանոցներից մեկն է, որը գտնվում է քաղաքի արևելյան պարսպից մոտավորապես 400 մետր հեռավորության վրա, բանտից հարավ-արևելք (նկ. 3): Բարձրությունը ծովի մակերևույթից 1154 մետր է: Գերեզմանոցում 19-րդ դարի տապանաքարերի հետ միասին կան մեծ քանակությամբ անմշակ քարերով թաղումներ, որոնք իրենց ձևով բնորոշ են ինչպես միջնադարին, այնպես էլ ավելի ուշ շրջաններին: Այս գերեզմանոցը մեծ հետաքրքրություն է ներկայացնում, քանի որ այստեղ պահպանվել են 12-13-րդ դդ. խաչքարեր (նկ. 4, 5, 6)։ Հնագիտական աշխատանքների արդյունքում պարզ է դարձել, որ գերեզմանոցը, սկիզբ առնելով առնվազն 12-13-րդ դարերից, շարունակել է գործածվել 15-16-րդ դդ. (բազմազան անմշակ տապանաքարեր) և նորից օգտագործվել է 19-րդ դարում (նկ. 7, 8): 12-13-րդ դդ. հինգ խաչքարերի վավերացումը վկայում են, որ Շուշիի սարահարթը հայերի կողմից բնակեցված էր նաև Խաչենի հայկական իշխանության ամենածաղկուն դարաշրջանում (12-14-րդ դարերում):
Գերեզմանոցի մյուս առանձնահատկությունը տեղում ուղղափառ եկեղեցու հետևորդների գերեզմաններն են՝ ռուսերեն և լատիներեն գրություններով (նկ. 9)։ Գերեզմանոցի 19-րդ դարում ձևավորված հատվածը, որին վերաբերվում են ուղղափառ եկեղեցու հետևորդների գերեզմանաքարերը, կարծես, բաժանված է երկու մասի` հյուսիսային մասը հայկականն է, հարավայինը` ուղղափառը:
Մեր արձագանքը
Կարևոր է արձանագրել, որ միջազգային կոնվենցիաների և միջազգային դատարանի անվանական վճիռների պայմաններում Ադրբեջանը շարունակում է Արցախի մշակութային ժառանգության ոչնչացման քաղաքականությունը։
Հաճախ, այս պայմաններում հստակ հայկականությունը ներկայացնող հուշարձանների հետ ոչնչացվում են նաև ուղղափառ և իսլամական հուշարձաններ։
Այնուամենայնիվ, Արցախի մշակութային ժառանգության ամենավտանգված հուշարձանները շարունակում են մնալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության շրջանի և 18-19-րդ դարերի հուշարձանները, որոնք անհնար է ներառել «աղվանականացման» կեղծ թեզի ներքո։
Օգտագործված գրականություն
- Հարությունյան 2008 - Հարությունյան Հ., Շուշի. 18-19-րդ դարերի տապանագրերը, Երևան, ԵՊՀ հրատ.
- Петросян, Сафарян, Енгибарян, Титанян 2013 - Петросян Г., Сафарян В., Енгибарян Н., Титанян М., Археологические свидетельства существования древних поселений на территории Шуши, Феномен Шуши. Историко-политологические исследования, Рабочие тетради, 1-2 (25-26), Ереван, с. 30-39.