Շուշիի հյուսիս-արևելյան (հայ-ռուսական) գերեզմանոցն ու դրա ոչնչացումը

Արցախի տարածքում շարունակվում է Ադրբեջանի կողմից կազմակերպված՝ հատկապես 18-19-րդ դարերի հայկական պատմական հետքը ներկայացնող մշակութային ժառանգության կազմակերպված ոչնչացումը։ Կովկասի ժառանգության մշտադիտարկման միջազգային կենտրոնը (Caucasus Heritage Watch) արբանյակային լուսանկարների օգնությամբ փաստագրել է Շուշիի արևելյան, հայ-ռուսական գերեզմանոցի մասնակի ոչնչացումը ծանր տեխնիկայի միջոցով (https://storymaps.arcgis.com/stories/86f8801887584a249d8d63e7f08880f8?fbclid=IwY2xjawUKie5wZG9mBWV4dG4DYWVtAjExAGJyaWQRMXJsRXpudWFheWNCVkhDbGhzcnRjBmFwcF9pZBAyMjIwMzkxNzg4MjAwODkyAAEeWP5OvpWWG8tJIBV_4CF_piiM4XfwH_9q9t3glh6luZE7Uqdj9yJ_1VqF9_c_aem_lm67b774FiRznp1DoHlKZQ) (նկ. 1)։ Ըստ արբանյակային լուսանկարների դա տեղի է ունեցել 2026 թվականի մայիսի 9-ից 14-ը ընկած ժամանակահատվածում։ Գերեզմանատան ավերման տեսարանը նկատելի է նաև ադրբեջանական սոցիալական կայքերից վերցված մի տեսանյութում (https://www.facebook.com/reel/2244998109683181)։ Ինչպես երևում է տեսանյութում, գերեզմանատունը ոչնչացվել է Շուշիի մշակութային կերպարը փոփոխող շինարարական մեծաքանակ աշխատանքների շրջանակում կառուցվող կոյուղաջրերի հեռացման խողովակաշարի անցկացման արդյունքում։

2004-2005 թ. ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի հնագիտական արշավախումբը Շուշիի և շրջակայքի միջնադարյան հուշարձանների պեղումների շրջանակներում 2005 թ. հուլիսին այս գերեզմանոցում իրականացրել է հետախուզական աշխատանքներ (https://monumentwatch.org/en/2023/05/09/medieval-shushi-through-the-lens-of-archaeological-research/, նկ. 2): Արդյունքում վավերացվել են 12-13-րդ դարերի հինգ խաչքարեր, մաքրվել է գերեզմանոցի մի հատվածը, մաքրվել և լուսնակարվել են տապանաքարերն ու գերզմանային կառույցները:

Հայ-ռուսական գերեզմանոցը Շուշիի հին գերեզմանոցներից մեկն է, որը գտնվում է քաղաքի արևելյան պարսպից մոտավորապես 400 մետր հեռավորության վրա, բանտից հարավ-արևելք (նկ. 3): Բարձրությունը ծովի մակերևույթից 1154 մետր է: Գերեզմանոցում 19-րդ դարի տապանաքարերի հետ միասին կան մեծ քանակությամբ անմշակ քարերով թաղումներ, որոնք իրենց ձևով բնորոշ են ինչպես միջնադարին, այնպես էլ ավելի ուշ շրջաններին: Այս գերեզմանոցը մեծ հետաքրքրություն է ներկայացնում, քանի որ այստեղ պահպանվել են 12-13-րդ դդ. խաչքարեր (նկ. 4, 5, 6)։ Հնագիտական աշխատանքների արդյունքում պարզ է դարձել, որ գերեզմանոցը,  սկիզբ առնելով առնվազն 12-13-րդ դարերից, շարունակել է գործածվել 15-16-րդ դդ. (բազմազան անմշակ տապանաքարեր) և  նորից օգտագործվել է 19-րդ դարում (նկ. 7, 8): 12-13-րդ դդ. հինգ խաչքարերի վավերացումը վկայում են, որ Շուշիի սարահարթը հայերի կողմից բնակեցված էր նաև Խաչենի հայկական իշխանության ամենածաղկուն դարաշրջանում (12-14-րդ դարերում):

Գերեզմանոցի մյուս առանձնահատկությունը տեղում ուղղափառ եկեղեցու հետևորդների գերեզմաններն են՝ ռուսերեն և լատիներեն գրություններով (նկ. 9)։ Գերեզմանոցի 19-րդ դարում ձևավորված հատվածը, որին վերաբերվում են ուղղափառ եկեղեցու հետևորդների գերեզմանաքարերը, կարծես, բաժանված է երկու մասի` հյուսիսային  մասը հայկականն է, հարավայինը` ուղղափառը:

Մեր արձագանքը

Կարևոր է արձանագրել, որ միջազգային կոնվենցիաների և միջազգային դատարանի անվանական վճիռների պայմաններում Ադրբեջանը շարունակում է  Արցախի մշակութային ժառանգության ոչնչացման քաղաքականությունը։

Հաճախ, այս պայմաններում հստակ հայկականությունը ներկայացնող հուշարձանների հետ ոչնչացվում են նաև ուղղափառ և իսլամական հուշարձաններ։

Այնուամենայնիվ, Արցախի մշակութային ժառանգության ամենավտանգված հուշարձանները շարունակում են մնալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության շրջանի և 18-19-րդ դարերի հուշարձանները, որոնք անհնար է ներառել «աղվանականացման» կեղծ թեզի ներքո։

Օգտագործված գրականություն

  1. Հարությունյան 2008 - Հարությունյան Հ., Շուշի. 18-19-րդ դարերի տապանագրերը, Երևան, ԵՊՀ հրատ.
  2. Петросян, Сафарян, Енгибарян, Титанян 2013 - Петросян Г., Сафарян В., Енгибарян Н., Титанян М., Археологические свидетельства существования древних поселений на территории Шуши, Феномен Шуши. Историко-политологические исследования, Рабочие тетради, 1-2 (25-26), Ереван, с. 30-39.

Նկ․ 1 Գերեզմանոցի տարածքը մինչև մասնակի ոչնչացումը և դրանից հետո, լուս․՝ Caucasus Heritage Watch-ի։

Նկ․ 2. Գերեզմանոցի տարածքը մինչև 2005 թ. պեղումները, լուս․՝ Հ. Պետրոսյանի։

Նկ․ 3. Գերեզմանոցի տարածքը մինչև 2005 թ. պեղումները, լուս․՝ Հ. Պետրոսյանի։

Նկ․ 4. Գերեզմանոցի տարածքի 12-13-րդ դդ. խաչքարերից, լուս․՝ Հ. Պետրոսյանի։

Նկ․ 5. Գերեզմանոցի տարածքի 12-13-րդ դդ. խաչքարերից, լուս․՝ Հ. Պետրոսյանի։

Նկ․ 6. Գերեզմանոցի տարածքի 12-13-րդ դդ. խաչքարերից, լուս․՝ Հ. Պետրոսյանի։

Նկ․ 7. Գերեզմանոցի տարածքը 2005 թ. պեղումների ընթացքում, լուս․՝ Հ. Պետրոսյանի։

Նկ․ 8. Գերեզմանոցի տարածքը 2005 թ. պեղումների ընթացքում, լուս․՝ Հ. Պետրոսյանի։

Նկ․ 9. Լատիներեն գրությամբ տապանաքարերից, արձ.` ''SOPHIA REGINA/ REANDER/ Frederici Reiss Professoris/ filia/ Mosquae d. 29 Iunii/ A.D. 1807 nata/ hac vita d. 30 Aprilis/ A.D. 1839 ad/ Dominum discessit'', լուս․՝ Հ. Պետրոսյանի։