Ադրբեջանական կրոնական և ազգային «հանդուրժողականության» հերթական դրսևորումը Ծակուռիի և Տողի եկեղեցիներում

2022 թվականի ապրիլի 14-ին Ադրբեջանի կրոնական կազմակերպությունների հետ տարվող աշխատանքի պետական կոմիտեի կողմից Սուրբ Հարության (Սուրբ Զատիկին) տոնին ընդառաջ կազմակերպվել էր Ադրբեջանում գործող քրիստոնեական կրոնական համայնքների, քրիստոնեական տարաբնույթ կազմակերպությունների կրոնական ներկայացուցիչների այցը օկուպացված Հադրութի շրջանի Ծակուռու սուրբ Աստվածածին և Տողի սուրբ Հովհաննես եկեղեցիներ: Այցը լայնորեն լուսաբանվել է ադրբեջանական զանազան լրատվական ծառայությունների կողմից (https://www.youtube.com/watch?v=vIiMa828CHo):

Այցի վերաբերյալ տարածված տեսանյութերում ասվում է, որ  հայկական օկուպացիայից Ղարաբաղն ազատագրելուց հետո քրիստոնեական համայնքի ներկայացուցիչները հնարավորություն են ստացել այցելել եկեղեցիներ ու այնտեղ աղոթել։ Ինչպես իր հարցազրույցում նշեց «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպության քարոզիչ Էլչին Փաշաևը, այցը կայացել էր իրենց և քրիստոնեական այլ կազմակերպությունների ներկայացուցիչների նախաձեռնությամբ:  Ադրբեջանական պաշտոնական քարոզչությունն այս այցի համատեքստում ևս  խոսել է Ծակուռի Սուրբ Աստվածածին  ու Տողի Սուրբ Հովհաննես եկեղեցիների աղվանական լինելու մասին։

Հայկական եկեղեցիներ են այցելել նաև «Ադրբեջանի աստվածաշնչային ընկերություն», «Ավետարանական քրիստոնեական բապտիստական», «Փրկչական ավետարանական-լութերական», «Յոթերորդ օրվա ադվենտիստների»,  «Ադրբեջանի Հանրապետությունում կաթոլիկ եկեղեցու պրեֆեկտուրայի»,  «Ադրբեջանի ոուս ուղղափառ»,  «Ալբան-ուդիական եկեղեցու» և այլ, ինչպես նաև մահմեդական կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Առավել մեծ տարակուսանք և զարմանք է առաջացնում Ռուս ուղղափառ եկեղեցու պաշտոնական ներկայացուցչի խոսքերը կրոնական, ազգային  հանդուրժողականության մասին օկուպացված Հադրութի շրջանում: Մի տարածքում, որը լիովին հայազրկվել է Ադրբեջանի կողմից հրահրված պատերազմի հետևանքով, իսկ տեղի քրիստոնեական հուշարձանները հայտնվել են ավերման, ձևափոխման, ինչպես նաև ագրեսիվ կերպով իրական ազգային, կրոնական պատկանելիությունը կեղծելու, քողարկելու, զանազան արհեստական շոուներով այլաբնույթ ներկայացնելու մշտական վտանգի տակ «Գյուտարար» Մոբիլին որոշել է աղվանական հայտարարել օկուպացված Հադրութի 17-19-րդ դարերի հայկական խաչաքանդակները - Monument Watch:

Դավանական, ազգային հանդուրժողականությունից են խոսում զանազան  անհայտ և առհասարակ անհասկանալի կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչները: Հանդուրժողականության մասին է խոսվում մի երկրում, որը պետական նպատակաուղղված քաղաքականությամբ ոչնչացրել, պղծել, այլափոխել, վնասել է հայկական հարյուրավոր եկեղեցիներ, մատուռներ, վանքեր, խաչեր և խաչքարեր: Կրոնական, ազգային հանդուրժողականությունից է խոսում մի երկիր, որի զինվորները 2020 թվականի պատերազմի ընթացքում և հետո ցինիկաբար, տարաբնույթ տեսանյութեր են հրապարակել, թե ինչպես են ջարդում, պղծում հայկական խաչքարերը և խաչերը, թե ինչպես են մահմեդական աղոթք հնչեցնում հայկական եկեղեցիներից։ Ադրբեջանի զինվորականները մահմեդական աղոթք են հնչեցնում օկուպացված Ջրաղացներ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում - Monument Watch, Հադրութի շրջանի Առաքել գյուղի խաչքարի ոչնչացումը - Monument Watch, Թշնամին պղծել է Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղի Կուսանաց Անապատը - Monument Watch:

Դավանական հանդուրժողականության մասին է խոսում մի երկիր, որը երկու անգամ նպատակադրված ռմբակոծել է Շուշիի Ղազանչեցոց տաճարը, իսկ ներկայումս էլ փորձում է այն վերափոխել «վերականգնման» անվան տակ: Հանդուրժողականության մասին է խոսում մի երկիր, ում զինվորները պայթեցրել են Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին, իսկ «վերականգնման» քողի տակ փորձում են այն այլափոխել: