Ադրբեջանական հերթական ագրեսիան և վտանգված ժառանգությունը

2022 թվականի մարտի 24-ին Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումներն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել էին շփման գիծը, գրավել գյուղը՝ զբաղեցնելով նոր դիրքեր գյուղում և նրա շրջակայքում ու շարժվել դեպի Շիկաքար-Քարագլուխ բարձունքը, որի մի հատվածին հաջողել էին տիրանալ (https://www.youtube.com/watch?v=tFbW9xLT06E), (https://www.youtube.com/watch?v=3afgONXJjVM):

Շիկաքար-Քարագլխի լեռնաբազուկը իր բարձունքներով հանդերձ Արցախի Հանրապետության տարածքով անցնող Արցախի լեռնաշղթայի բազմաթիվ մեծ ու փոքր ճյուղավորումներից մեկն է, որի զգալի մասը անցնում է Ասկերանի շրջանով (Մելքումյան 2005, 346, https://www.armgeo.am/artsakh-mountains/): Այն Խաչենագետի և Կարկառի հովիտների սահամանաբաժան բազուկներից մեկն է, գերիշխում է և վերահսկում Արցախյան տափաստանի զգալի հատվածները, մուտքը դեպի Կարկառի վերնահովիտ, ուր գտնվում են  Ասկերանն ու Ստեփանակերտը, բազմաթիվ հայկական գյուղեր։ Հաշվի առնելով այս կարևոր ռազմավարական դիրքը՝ Ադրբեջանի զինված ուժերը ջանում են ամրանալ այս լեռնաբազկի վրա:

Շիկաքար-Քարագլխի լեռնաբազկի վրա ամրանալով՝ ադրբեջանական կողմը լրջագույն վտանգի տակ է դնում ոչ միայն Քարագլխի տարածքում գտնվող պատմական բազմաթիվ հուշարձանները, այլ նաև հետագա առաջխաղացման պարագայում վտանգի տակ է հայտնվում պատմական Արցախի քաղաքական, մշակութային, հոգևոր կարևորագույն կենտրոններից մեկը՝ Խաչենագետի վերնահովիտը իր բազմաթիվ հուշարձաններով, պատմական միջավայրով, որոնք գտնվում են Շիկաքար-Քարագլխին հարող և նրանից ոչ հեռու գտնվող լեռնաբազուկների վրա, դրանց մոտով անցնող Խաչենի գետահովտում: Առավել ռիսկային գոտում են Խրամորթ, Խնապատ գյուղերի և դրանց հարակից տարածքներում գտնվող հուշարձանները:

2022 թվականի մարտի 29-ի դրությամբ Փառուխ գյուղի տարածքը կրկին գտնվում էր Արցախի տարածքում տեղակայված ռուսական խաղաղապահ զորքերի վերահսկողության տակ https://www.youtube.com/watch?v=HimbI1MxGTM: Թեև ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները լքեցին գյուղը, սակայն, դատելով ադրբեջանական կողմից տարածվող մի շարք տեսանյութերի, սրանք թերևս գտնվում են գյուղից ոչ հեռու: Մարտի 31-ից սկսած  ադրբեջանական լրատվական ցանցերով ակտիվորեն շրջանառվում էր մի լուր, ըստ որի՝ ադրբեջանական կողմը Փառուխի շրջակայքում հողային-ինժեներական աշխատանքներ կատարելիս հայտնաբերել է «ադրբեջանցիների զանգվածային հուղարկավորության վայրեր»: Ադրբեջանական քարոզչամեքենան սկսեց տարածել այն թեզը, թե այդ ոսկորները պատկնում են Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ զոհված, անհետ կորած ադրբեջանցի զինվորականներին, անգամ Խոջալուի «ցեղասպանության» զոհերին https://www.youtube.com/watch?v=-dOepDQRg64 :

Վտանգավոր միտում ենք նկատում, երբ անհայտ պայմաններում, անհայտ տեղանքում հայտնաբերված մարդկային ոսկորներին տալիս են տարաբնույթ մեկնաբանություններ և քաղաքական շահարկումների առարկա դարձնում՝ այն փոխադրելով նաև մշակութային քաղաքականության ոլորտ։ Փառուխ գյուղի շրջակայքում հայտնաբերված ոսկրային մնացորդները, ըստ Արցախի ԿԳՄՍ նախարարության մասնագետների, թերևս գտնվել են Կալեն խութ միջնադարյան (9-13-րդ դարեր) գերեզմանոցի տարածքից https://www.facebook.com/azatutyun/videos/509153717249596, https://www.facebook.com/ArtsakhTV/videos/960315998183462: Սա կարող է փաստել, որ ադրբեջանական կողմը միտումնավոր կերպով ինժեներական աշխատանքներ է տանում միջնադարյան գերեզմանոցի տարածքում՝ վանդալիզմի ենթարկելով այն, ինչի վկայությունը ցուցադրվող ոսկորներն են:

 

Գրականություն

  1. Մելքումյան Ս., Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական և սոցիալական աշխարհագրություն, Երևան, 2005։
  2. Արցախի կորսված լեռները, https://www.armgeo.am/artsakh-mountains/։
  3. Ադրբեջանը վերահսկողության տակ է վերցրել Փառուխ գյուղը և հարակից դիրքերը, https://www.youtube.com/watch?v=tFbW9xLT06E։
  4. Քարագլխի հիմնական բարձունքը մեր վերահսկողության տակ է, https://www.youtube.com/watch?v=3afgONXJjVM։
  5. Ռուս խաղաղապահները կադրեր են հրապարակել Արցախից, ենթադրաբար Փառուխից, https://www.youtube.com/watch?v=HimbI1MxGTM։
  6. Արցախից ահազանգում են, https://www.facebook.com/ArtsakhTV/videos/960315998183462։
  7. Արցախից հայտնում են, Փառուխի ու Քարագլխի հայկական մշակութային ժառանգությունը վտանգված է, https://www.facebook.com/azatutyun/videos/509153717249596։