Ադրբեջանական հերթական զավեշտը. հայերը 19-րդ դարում «գրիգորյան» խաչքարեր են ագուցել Արցախի եկեղեցիների պատերում՝ դրանով փորձել հայկականացնել «աղվանական» ժառանգությունը

Առաջին անգամը չէ, որ ստիպված ենք արձագանքել ադրբեջանական հնարանքներին։ Այս անգամ «գյուտը» վերաբերում է Դադիվանքի հարևանությամբ գտնվող Կուսանաց սբ. Աստվածածին անապատին, որը կառուցվել է 12-րդ դարի վերջերին և որի պատերում օգտագործվել են 10-11-րդ դարերի խաչքարեր (նկ. 1-3)։ Տարրական գիտելիքի բացակայությունը, թե արհամարհումը խաչքարերի ժամանակագրության վերաբերյալ լրացվում է ինքնահնար հոխորտանքով. թե տեսեք նոր փաստ ենք գտել, որ անապատի կառույցների մեկի պատում առկա է հետսագույն «գրիգորյան» խաչքար (https://www.youtube.com/watch?v=Jf1K_OBcYD4, 4.30-5.30 րոպեներ, նկ. 4, շնորհակալություն Սիմոն Մաղաքյանին աս նյութի հետ մեզ ծանոթացնելու համար)։

Նախ նկատենք, որ Հայ առաքելական եկեղեցին չի կոչվում «գրիգորյան»։ Այս եզրը շրջանառության մեջ է մտցվել 19-րդ դարի 30-ական թվականներին ցարական նոմենկլատուրայում և վաղուց պաշտոնապես չի կիրառվում որպես Հայ առաքելական եկեղեցու անվանում։ Բայց կարևորը. խաչքարը պատկանում է 10-11-րդ դարերի խոր ակոսատումով պարզունակ խաչքարերի շարքին, որպիսիք բավականաչափ տարածված են ողջ Հայաստանով մեկ, այդ թվում և Արցախում (Պետրոսյան, Երանյան 2022, 26-30)։ Այն, որ հատկապես ծանր ժամանակներում հայկական եկեղեցաշինության մեջ լայնորեն օգտագործվել են ավելի վաղ կերտված խաչքարերը, վաղուց հայտնի, գիտականորեն վավերացված և քննված իրողություն է (Պետրոսյան 2008, 326)։ Եվ ավելի վաղ խաչքարերի կիրառումը Կուսանաց անապատում հազիվ թե կարող է զարմանք առաջացնել։ Բավական է, օրինակ, այցելել Կուսանաց անապատի հարևանությամբ գտնվող 13-րդ դարի վերջերին կառուցված Հանդաբերդի վանք, որի պատերին, խաչքարերի և կղմինդրների վրա առկա են 12-13-րդ դարերի շուրջ երեսուն հայերեն արձանագրություններ, և համոզվել, որ հին խաչքարերի օգտագործումը նոր կառույցների մեջ տարածված երևույթ էր (նկ. 5, 6, Պետրոսյան, Կիրակոսյան, Սաֆարյան 2009, 32-33, 49-50)։ Նաև նշենք, որ Հանդաբերդի վանքի խաչքարերի մի զգալի մասն անցած դարի 80-ական թվականներին բառացիորեն հոշոտել են հենց Քարվաճառի ադրբեջանցի բնակիչները (նկ․ 7)։

Ցավալիորեն, մասնագիտական ակնհայտ տգիտությունը, փաստերի խեղաթյուրումն ու հոխորտանքը,ակադեմիական պարկեշտ կեցվածքին անվայել մեթոդներ են և հետևաբար, չեն կարող հավակնել որևէ գիտական արժեքի կամ տեսակետի: 

Գրականություն

  1. Պետրոսյան, Երանյան 2022 – Պետրոսյան Հ., Երանյան Ն., Արցախի կոթողային մշակույթը, Երևան։
  2. Պետրոսյան 2008 – Պետրոսյան Հ., Խաչքար. ծագումը, գործառույթը, պակերագրությունը, իամստաբանությունը, Փրինթինֆո, Երևան։
  3. Պետրոսյան, Կիրակոսյան, Սաֆարյան 2009 – Պետրոսյան Հ., Կիրակոսյան Լ., Սաֆարյան Վ., Հանդաբերդի վանքը և նրա պեղումները, Փրինթինֆո, Երևան։