Ադրբեջանական պրոպագանդան այս անգամ «քննարկում» է Տիգրանակերտը

Լավ է, որ ի վերջո թեկուզ անգրագետ ոճով արդբրեջանական կողմն սկսել է օգտագործել հայ հնագետների պեղումների նյութերը, գծագրերն ու գրչանկարները (https://www.youtube.com/watch?v=JasrYqTwhOA ): Իհարկե չեն դադարում մեղադրանքները, որ մենք անօրեն ենք պեղել, որ ինչ-որ բաներ թաքցրել ենք, որ այլ տեղերից խաչքար ենք բերել և դրել Տիգրանակերտում: Բայց առաջընթացն ակնհայտ է՝ մեզ փորձում են հերքել մեր իսկ կատարած աշխատանքները ցուցադրելով, ճիշտ է՝ կիսատ-պռատ,  մենտորական ոճով, երբեմն էլ ուղղակի իբր թե ծաղրելով:

Միայն մեկ հորդոր. գոնե մոտավորապես հասկացեք, թե ինչ է Տիրգրանակերտը, նոր շաղակրատեք: Որպես օգնություն ադրբեջանական ագիտպրոմին՝ դնում ենք Տիգրանակերտի մասին արշավամբի ղեկավար Համլետ Պետրոսյանի հանրամատչելի հոդվածը՝ նկարներով հանդերձ:

Շուտով կգործարկենք նաև Տիգրանակերտին նվիրված եռալեզու կայքը, որի մոտ 40 բաժիններում մեկ-առ մեկ կներկայցվեն բոլոր փաստերն ու մանրամասները: Եվ դա կանենք նաև ի գիտություն և ի ուրախություն ադրագիտպրոմի: Գուցե լրջանա՞ք պարոնյաք, գոնե մի քիչ:

Ավելի լուրջ լսարանին խորհուրդ ենք տալիս հետևյալ հրատարակությունները.

«Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» (MONUMENT WATCH) թիմ։

ԱՐՑԱԽԻ ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏԸ

Արցախի Տիգրանակերտը, որը 44-օրյա պատերազմից հետո անցել է Ադրրբեջանի վերհսկողության ներքո, գտնվում է Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հանրապետության Ասկերանի շրջանում, լեռնաշխարհի երկրորդ խոշոր գետի` Խաչենագետի ներքնահովտում: Բուն քաղաքը՝ անտիկ Ամրացված թաղամասն ու անտիկ քաղաքային թաղամասերը (մ. թ. ա. առաջին – մ. թ. առաջին դարեր), տարածվում էր Վանքասար լեռան հարավ-արևմտյան ներքնալանջի վրա և դրան կից գոգավորությունում` Արքայական աղբյուրների հարևանությամբ, զբաղեցնելով ավելի քան 70 հեկտար տարածություն (նկ. 1): Քաղաքի անմիջական շրջապատը ներառում է Վանքասարի և Ցիցսարի հուշարձանները, անտիկ արևելյան դամբարանադաշտը, ջրանցքը, քրիստոնեական ժայռափոր-պաշտամունքային համալիրը և զբաղեցնում է մոտ չորս քառակուսի կիլոմետր տարածք։ Տիգրանակերտը խոշոր վարչական և կրոնական (քրիստոնեական) կենտրոն էր նաև վաղ միջնադարում (4-9-րդ դարեր):

Նկ. 1 Քաղաքի կենտրոնական հատվածը:

Քաղաքը մ.թ.ա. 90-ական թթ. վերջերին հիմնել է Հայոց արքա Տիգրան Բ Մեծը (95-55 թթ. մ.թ.ա.): Քաղաքի հետքերը 2005 թ. հայտնաբերել և 2006-2020 թվականներին նրա տարածքում հնագիտական պեղումներ է իրականացրել Հայաստանի հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի արշավախումբը: Արցախի Տիգրանակերտը Տիգրանի անունը կրող բազմաթիվ բնակավայրերից միակն է, որի տեղը ճշգրտորեն պարզված է, և որը ենթարկվել է հնագիտական հետազոտության: Պեղված հարուստ հնագիտական նյութի հիման վրա 2010 թ. ստեղծվել է քաղաքի հնագիտական թանգարանը:

Հնագիտական հետազոտության արդյունքում կարելի է խոսել հելլենիստական ամրաշինական ու քաղաքաշինական առաջադեմ կառուցապատումով և շինարարական տեխնիկայով ստեղծված ընդարձակ մի բնակավայրի մասին, որը հիմնադրվելով մ.թ.ա. առաջին դարում՝ հարատևել է մինչև 13-րդ դարի վերջերը (նկ. 2): Քաղաքը բաղկացած է եղել լեռան լանջն ի վեր` արհեստական դարավանդների տեսքով փռված, հզոր պարիսպներով շրջափակված ընդարձակ անտիկ Ամրացված թաղամասից, հարթավայրում փռված անտիկ քաղաքային թաղամասերից, գերզմանոցներից և ընդարձակ գյուղատնտեսական արվարձաններից: Քաղաքն ամբողջովին կառուցվել է տեղական կաթնագույն կրաքարից: Քաղաքը վաղ միջնադարում (5-7-րդ դարեր) գոյատևել է որպես կարևոր ադմինիստարատիվ և կրոնական-քրիստոնեական կենտրոն։

Նկ. 2 Քաղաքի հանույթը պեղված հատվածների նշումով. Տիգրանակերտի և շրջակայքի հուշարձանները և հնագիտական հետազոտության ենթարկված համալիրները. 1. Ամրացված թաղամասը, 2. Վաղքրիստոնեական թաղամասը, 3. Առաջին անտիկ թաղամասը, 4. Վաղքրիստոնեական դամբարանադաշտը, 5. Արևելյան անտիկ դամբարանադաշտը, 6. Ժայռափոր հնձանը, 7. Արքայական աղբյուրները, 8. 18-րդ դարի մզկիթն ու ջրավազանը, 9. Անտիկ երկրորդ թաղամասը, 10. Ցիցսարի սրբարանները:

Ամրացված թաղամասը (նկ. 3-5) տեղադրված է եռանկյուն հրվանդանի վրա. գագաթին տեղադրված է ուղղանկյուն աշտարակը, որից սկիզբ են առնում եռանկյան կողմերը կազմող հարավային և հյուսիսային պարիսպները: ժայռի մեջ ժապավենների տեսքով փորվել են պարսպի արտաքին և ներքին շարքերի առանձին հիմքերը, իսկ դրանց մեջ՝ առաձին կվադրի համար նախատեսված բները: Բները լցվել են կրաշաղախով, որի մեջ էլ ընկղմվել-ամրացվել են կվադրերը: Կրաշաղախը առաջին շարքի կվադրերի ամրացման և միջկվադրային դատարկությունները լցնելուց բացի օգտագործվել է նաև հիմքի և ժայռի միջև եղած արանքը լցնելու համար, որպեսզի անձրևաջրերը չթափանցեն հիմքի տակ: Պարիսպը հնարավորինս համապատասխանեցվել է տեղանքի ուղղաձիգ և հորիզոնական անկումներին` հմտորեն համադրելով տարբեր ակոս-ժապավենները, աստիճաններն ու հարթակները: Պատն իր հիմքում հենվում է ոչ թե միատարր-հոծ զանգվածի, այլ երեք առանձին «ոտքերի» վրա (արտաքին և ներքին շարքերը և դրանց միջև ընկած զանգվածը), ինչը հակասեյսմիկ դեր է խաղացել՝ ցնցումները հիմքին մոտ բաժանելով բաղադրիչների:

Նկ. 4 Հատված հյուսիսային պարսպապատից:

Նկ. 3 Ամրացված թաղամասի հատակագիծը:

Նկ. 5 Հյուսիսային պարսպի երկրորդ կլոր աշտարակը:

Պարսպի արտաքին և ներքին շարքերի կվադրերն ունեն շփման մակերեսների իդեալական տաշվածք, դրսի երեսների ռուստիկ (բարձիկատեսք) մշակում և վարպետորեն արված ֆասկաներ (կվադրերի դրսի եզրերի թեք կտրվածքներ): Խոշոր կվադրերն ուղղակի դրված են իրար վրա, մանր կվադրերը լրացուցիչ իրար են միացվել «ծիծեռնակապոչ կապերով: Այս տեխնիկան լայնորեն տարածված էր Փոքր Ասիայում, Միջագետքում, Արարատյան դաշտում: Սակայն Արցախում հայտնաբերվում է առաջին անգամ:

Ի դեմս Տիգրանակերտի ամրոցի՝ գործ ունենք եռանկյուն մի մոդելի հետ, որի պարտադիր բաղադրիչներն են իրար հաջորդող ուղղանկյուն և կլոր աշտարակները և դրանք իրար միացնող զիգզագ պարսպապատը: Պատերի տարբեր երկարություններն ու ուղղությունները տեխնիկական այն միջոցներն են, որոնց օգնությամբ եռանկյուն մոդելը համապատասխանեցվել է տեղանքի բնական պաշտպանական հնարավորություններին:

Տիգրանակերտի պաշտպանական համակարգը երևան է բերում մոտ զուգահեռներ մերձավորարևելյան դասական (Միլեթ, Եփեսոս, Պերգամոն, Պրիենե, Մեանդրի վրայի Մագնեզիա, Դուրա-Եվրոպոս և ուր.) և անդրկովկասյան որոշ հուշարձանների հետ (Արտաշատ, Արմազցիխե-Բագինեթի):

Տիգրանակերտը կառուցվել է ժամանակի առաջադեմ ճարտարապետական մտքի և կառուցողական տեխնիկայի լիարժեք օգտագործումով: Այս հանգամանքները Տիգրանակերտը դարձնում են մ.թ. ա. առաջին – մ. թ. առաջին դարերի էտալոնային հուշարձան, քանի որ այն թվարկած հուշարձանների համապատասխան համալիրների համեմատ շատ ավելի լավ է պահպանված:

Պեղումները տվել են մ.թ.ա. առաջին - մ.թ. առաջին դարերի գունազարդ խեցեղենի, մետաղյա իրերի և զարդերի մի շարք օրինակներ: Առանձնակի կարելի է շեշտել անտիկ կնիք-գեմմայի և սասանյան կնքադրոշմների գյուտերը: Դրանք ցուցում են, որ Տիգրանակերտն ունեցել է կարևոր առևտրա-ադմինիստրատիվ դերակատարում:

Քաղաքային անտիկ թաղամասերը: Տիգրանակերտի քաղաքային դիմագիծը պարզելուն մեծապես օգնում են ամրոցի ստորոտում՝ հարթավայրում տեղադրված քաղաքային թաղամասերը: Հնագիտորեն վավերացված անտիկ չորս թաղամասերից պեղվել է Առաջին անտիկ թաղամասի մի հատվածը (նկ. 6), հետախուզական պեղումներ են արվել Անտիկ երկրորդ թաղամասում: Առաջին թաղամասը հմնադրվել է ամրոցի հետ միաժամանակ և գոյատևել է մինչև մ.թ. 7-րդ դարը:

Նկ. 6 Անտիկ առաջին թաղամասը:

Հատակագծումն արվել է հիպոդամյան կառուցապատմանը մոտ սկզբունքնով՝ ուղիղ փողոցային հատվածներ, ուղիղի պատեր, միայն ուղղանկյուն հատումներ: Պեղված հատվածի կառուցապատման հիմքը կազմում է հյուսիս-հարավ ձգվող ուղիղի պատը (որր պեղվել են մինչև 25,5 մ երկարությամբ), որի երկու կողմերում տեղադրված են մոտավոր քառակուսի սենյակներից բաղկացած բնակելի-տնտեսական համալիրները: Շինարարական հաջորդ երկու փուլերոմ (մ.թ. 3-7-րդ դարեր) վերակառուցումները կատարվել են մեծ մասամբ կրկնելով եղած շինությունների հատակագծային լուծումները: Սենյակներն ունեն կավածեփ հատակներ, երբեմն կրասվաղի հետքերով, պահպանվել են պարզունակ խարսիսխներ՝ նախատեսված ծածկը կրող փայտյա սյուների համար, որոշ սենյակներում պահպանվել են հատակից 0.30 մ բարձրությամբ դրված օջախ-կրակարնները, ուշ անտիկ որոշ սենյակներում ավելացվել են թոնիրներ: Որոշ սենյակների հատակների սալարկված հատվածներում ամրացված են կրաքարե սանդեր: Սանդկոթերի և աղորիքների բեկորների գյուտերն այս միջավայրում, հատակի մեջ ամրացված կարասների մնացորդները ցույց են տալիս, որ ամեն մի տնտեսություն ինքնուրույն է լուծել հացամթերքների մշակման խնդիրը: Ջուլհակագործի հում կավից պատրաստված կոնաձև, բրգաձև և բլիթաձև մի քանի տասնյակի հասնող ծանրոցները թեևրևս ցուցում են այս արհեստի տնայնագործական բնույթը:

Առանձին նշելի է Տիգրանակերտի անտիկ խեցեղենը, որը երևան է բերում սև փայլեցվածից մինչև կարմիր գունազարդ խեցեղենի հազարավոր բեկորներով և մի քանի տասնյակ ամբողջական անոթներով՝ սկսած մեծ կարասներից ու ձձումներից, մինչև նուրբ սափորներն ու տափաշշերը, տարատիպ թասերն ու ձկնամանները: Ողկույզազարդ սևափայլ անոթներն ու ատրպատականյան ակունքներ ունեցող գունազարդ խեցեղենի դասական օրինակները իրենց յուրահաատլություններով վկայում են, որ Տիգրանակերտը հանդես էր գալիս որպես Կուրի աջափնյակի մշակութային չափանիշների ստեղծող: Նշելի են նաև ներմուծված խեղեցեղենի օրինակները, որոնց զուգահեռները հասնում են Տիգրիսի Սելևկիա և Դուրա Եվրոպոս:

Անտիկ արևելյան դամբարանադաշտը (նկ. 7, 8): Անտիկ դամբարանադաշտը տեղադրված է հարթավայրում` բուն քաղաքից մոտ մեկ ու կես կմ հյուսիս-արևելք: Պեղումներով հայտնաբերվել և ուսումանսիրվել են մեկ քարակղային և վեց կարասային թաղումներ: Մեկ կարասային թաղում էլ պեղվել է Ամրոցի հյուսիսային պարսպի պեղումների ժամանակ՝ ամրոցի ներսում, պարսպապատից ոչ հեռու:

Նկ. 7 Անտիկ արևելյան դամբարանադաշտ, կարասային թաղում, մ.թ.ա առաջին – մ. թ. առաջին դարեր:

Նկ. 8 Կարասային թաղման անոթների մեկը:

Թաղումները միասնական ուղղվածություն չունեն, հորիզոնական դիրքով դրված կարասները տարբեր շեղումներով ուղղված են հյուսիս-արևմուտքից դեպի հարավ-արևելք կամ հյուսիս-արևելքից դեպի հարավ-արևմուտք: Թաղումներից գտնվել են լավ պահպանված պարթևական արծաթյա դրախմաներ, զենքի և կենցաղային իրերի օրինակներ, տարատեսակ զարդեր (ոսկյա ֆոլգայով պատված ուլունքներ, գեմմաներով մատանիներ, ոսկյա կախիկներ, ականջօղեր, հարյուրավոր ուլունքներ), կարասների և ջրամանների կատարյալ օրինակներ: Թաղման ամֆորատիպ մի կարասի ուսը բոլորող գունազարդ գոտին ներկայացնում է որսի տեսարան՝ հսկա սաղարթախիտ ծառերի արանքում եղնիկներին շների ուղեկցությամբ հետապնդում են նիզակներով ու նետ աղեղով զինված հետիոտն և հեծյալ որսորդները: Կարասային թաղումները մ.թ.ա. վերջին և մ.թ. առաջին դարերում թաղման տարածված ձևերից էին ընդարձակ մի տարածաշրջանում: Առկա հետազոտություններով թաղմանն այդ ծեսը շատ ավելի բնորոշ է Անդրկովկասին: Կարելի է հավաստել, որ այն Արցախում և Ուտիքում բացարձակապես գերակշռող մինչքրիստոնեական թաղման ձևն էր:

Վաղքրիստոնեական հրապարակը (նկ. 9): Վաղքրիստոնեական ժամանակաշրջանում Տիգրանակերտը հանդիսանում էր Պարտավի մերձակայքում տեղակայված խոշոր ռազմա-վարչական ու կրոնական կենտրոն: Քաղաքի միջնադարյան հետքերը դիտելի են ուշմիջնադարյան ամրոցից դեպի հարավ-արևելք ձգվող մոտ յոթ հա զբաղեցնող, շրջապատից 4-6 մետր բարձրությամբ առանձնացող տափարակում: Այս թաղամասի կենտրոնական հատվածում մինչև պեղումները նկատելի էին քարուկիր պատերի մեծ զանգվածներ՝ ընկած ընդարձակ փոսորակի եզրերին: 2006-2009 թթ. պեղումների արդյունքում այստեղ մակերեսից մոտ 3,5 մետր խորության վրա բացվեցին վաղքրիստոնեական մի ընդարձակ տաճարի ավերակները (Մեծ եկեղեցին, նկ. 10): Այն իր ծավալատարածական հորինվածքով պատկանում է 4-6-րդ դարերում Հայաստանում և Կովկասում տարածված միանավ բազիլիկաների տիպին: Սկզբնապես այն եղել է արտաքուստ հնգանիստ աբսիդով միանավ սրահ: Հետագայում հնգանիստ ծավալը ներառվել է ուղղանկյուն ծավալի մեջ, հավելվել է հարավային ավանդատունը, որը մուտք է ունեցել դրսից։ Սրբատաշ խոշոր բլոկներով ու կրաշաղախով իրականացված, եռաստիճան գետնախարսխի վրա դրված եկեղեցին ունեցել է արևմտյան մեկ, հարավային ու հյուսիսային զույգ շքամուտքեր, ատամնազարդ քիվ, փայտածածկ ու կղմինդրապատ տանիք: Շքամուտքերն ունեցել են պատկից զույգ սյուներ, որոնք ավարտվել են մանրամասն հարդարված խոյակներով: Պեղումների ժամանակ հայտնաբերվել են ատամնազարդ քիվերի, պատկից սյուների բազմաթիվ օրինակներ, կղմինդրների հարյուրավոր բեկորներ և երկու խոյակներ՝ խաչը լուսատուների և խաչն այգային միջավայրում հորինվածքներով (նկ. 11):

Նկ. 9 Վաղքրիստոնեական հրապարակը:

Նկ. 10 Մեծ բազիլիկ եկեղեցին, 5-6-րդ դարեր:

Նկ. 11 Խոյակ խաչային հորինվածքով, մեծ եկեղեցի, մ. թ. 5-6-րդ դարեր:

Նկ. 12 Մեծ եկեղեցու խոյակներից, 5-6-րդ դարեր:

Հատուկ նշելի է կավե սկավառակը՝ 5-6-րդ դարերի հայերեն արձանագրությամբ (նկ. 12): Եկեղեցին 9-րդ դարի վերջերին ավերվել և հրդեհվել է, և նրա ավերակների վրա բնակելի համալիրներ են կառուցվել:

Պեղումները հյուսիսային բակում երևան բերեցին ընդարձակ սալահատակ մի բակ՝ վաղքրիստոնեական խաչակիր կոթողի, արտաքուստ ընդգծված աբսիդով բազիլիկայի (փոքր եկեղեցի), նրան արևմուտքից կից տապանաբակի, և արևելյան աբսիդի տակ գտնվող մասունքարանի մնացորդներով հանդերձ:

Վաղքրիստոնեական նման մեծ և հարուստ կառուցապատումով հրապարակի առկայությունը կարևոր փաստարկ է հօգուտ այն իրողության, որ վաղմիջնադարում Տիգրանակերտը պահպանում էր նշանավոր բնակավայրի իր կարգավիճակը:

Քաղաքի անմիջական շրջակայքում են գտնվում Վանքասարի եկեղեցին (7-րդ դար, նկ. 13), թունելային հատվածներով ջրանցքը (նկ. 14), վաղքրիստոնեական ժայռափոր համալիրը (նկ. 15), Ցիցսարի սրբարանները (նկ. 16), որոնք ենթարկվել են մանրամասն հետազոտության:

44-օրյա պատերազմի ժամանակ Տիգրանակերտը դարձել էր թշնամու հրետակոծության տարածք: Արդյունքում ամբողջովին ոչնչացվել է Տիգրանակերտի հնագիտական հանգրվանը (նկ. 17): Արցախի իշխանությունները և մեր հետազոտական թիմը չէին կարող թույլ տալ, որ նման ճակատագրի արժանանա նաև Տիգրանակերտի հնագիտական թանգարանը: Թանգարանային հավաքածուները տարհանվել են և գտնվում են ապահով վայրում։ Տիգրանակերտի պեղումների հնագիտական գտածոները Արցախի ժողովրդի սեփականությունն են: Արցախի քաղաքականապես չճանաչված լինելը, օկուպացիան և բռնի տեղահանությունը չեն կարող զրկել նրա բնիկ ժողովրդին մշակույթի իրավունքից, այդ թվում և իր նյութական մշակութային ժառանգությունը տնօրինելու իրավունքից: Արցախի ժողովրդին իր մշակութային ժառանգությունից զրկելու ադրբեջանական ռազմավարությունը հայ մշակութային ժառանգության գենոցիդի շարունակությունն է: Գենոցիդ, ինչի ականատեսն ենք եղել տասնամյակներ շարունակ, գենոցիդ, որի գագաթնակետը եղավ 2005-2006 թթ. Ջուղայի հազարավոր խաչքարերի ոչնչացումը, մշակությաին ցեղասպանություն` ինչն ավելի մեծ թափ էր ստացել 44-օրյա պատերազմից հետո և դարձել ամենօրյա պրակտիկա՝ Արցախի՝ 2023 թ. սեպտեմբերյան էթնիկ զտումից հետո: Եվ այն չի կարող արդարացվել կեղծ քաղաքական հայտարություններով ու շինծու մեղադրանքներով: Ագրեսիան, ռազմական գերակայությունը, էթնիկ զտումը, հայերին ուղղված սպառանլիքները իրավասու չեն և չեն կարող Արցախի ժողովրդին զրկել իր մշակութային ժառանգությամբ իր ինքնությունը պահպանելու իրավունքից:

Նկ. 13 Վանքասարի կեղեցին, 7-րդ դար:

Նկ. 14 Ջրանցքի թունելներից մեկը:

Նկ. 15 Վաղքրիստոնեական ժայռափոր համալիրը, հատված, 7-9-րդ դարեր:

Նկ. 16 Ցիցսարի սրբարանները, 5-13-րդ դարեր:

Նկ. 17 Տիգրանակերտի հնագիտական հանգրվանը ադրբեջանական հրետակոծությունից հետո, 2020 թ. հոկտեմբեր:

44-օրյա պատերազմից հետո Տիգրանակերտի հուշարձանը, որը Կովկասի քաղաքակրթական և մշակութային էական դրսևորումներից մեկն է, դարձել է ադրբեջանական պրոպագանդայի առացքներից մեկը: Բարձրաստիճան պաշտոնյաներից մինչև հնագետները արժեզրկում են հուշարձանը: Օրինակ, քաղաքի վաղքրիստոնեական եկեղեցին ներկայացնում են որպես բաղնիք, սարկոֆագերը՝ ջրի ցիստեռներ, Արքայական աղբյուրների պուրակը վերածել են կերուխումի վայրի և այլն (մանրամասները տե՛ս https://monumentwatch.org/en/2023/11/09/azerbaijani-led-excavations-in-tigranakert-an-overview/; https://monumentwatch.org/en/alerts/again-and-again-tigranakert-and-the-tigranakert-expedition-under-the-blow-of-azerbaijani-propaganda/; https://monumentwatch.org/en/alerts/tigranakert-of-artsakh-does-exist-regardless-of-what-azerbaijani-propaganda-says-about-it/):

 

Համլետ Պետրոսյան,

Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավար: