Ադրբեջանը հայազրկում է Շուշիի մշակութային ժառանգությունը

2020 թվականից հետո Արցախի օկուպացված տարածքներում Ադրբեջանի կողմից հայկական պատմական և մշակութային հետքերի վերացման, օտարման և բռնայուրացման քաղաքականության առանցքում Շուշի քաղաքն է: Պատերազմի ավարտից հետո Ադրբեջանի պետական քաղաքականությունն անմիջապես լծվեց Շուշիի հայկական պատմամշակութային միջավայրի վերափոխմանն ու բռնայուրացմանը: Այս քաղաքականությունը սկիզբ էր առել դեռևս խորհրդային տարիներին՝ 1960-ական թվականներին, երբ սկսվեց խմբագրվել Շուշի քաղաքի պատմությունը, ինչի հետևանքով քաղաքին նվիրված գիտական և հանրամատչելի գրականության մեջ Շուշին սկսեց ներկայացվել որպես զուտ ադրբեջանական քաղաք՝ աստիճանաբար նվազեցնելով հայկական մշակութային և պատմական ժառանգության մասին հիշատակումները, իսկ հետո նաև առհասարակ լռելով դրանց մասին: Նշենք, որ սկսած 1960-ական թվականներից մինչև 1992 թվականը, ադրբեջանական կողմը հասցրել էր ավերել, վերափոխել Շուշիի հայկական ժառանգության զգալի հատվածը՝ ընդհուպ նաև քաղաքի հայկական գերեզմանոցները:

2020 թվականից հետո, երբ քաղաքը օկուպացվեց Ադրբեջանի կողմից, Շուշիի ապահայկականացման գործընթացը մտավ իր նոր փուլը, առաջ բերվեցին նոր թեզեր՝ ի մասնավորի ռուսական ուղղափառ հայտարարվեցին քաղաքի գլխավոր խորհրդանիշ Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին և Կանաչ ժամ եկեղեցին: Այս եկեղեցիներում ադրբեջանական կողմը ի ցուցադրումն ամբողջ աշխարհի սկսեց «վերականգնողական» աշխատանքներ անել, որոնց առանցքը շինությունների հայկականության կորուստն է: Հայկական այս եկեղեցիների ու այլ կառույցների այսօրինակ փոփոխությունների հիմնական նպատակը՝ Շուշիի հայկական դիմագծերից ձերբազատվելն է: Դրանով ավարտվում է դեռևս 1960-ական թվականներից պետականորեն սկսված գործընթացը:

Շուշիի շուրջ իրականացվող քաղաքականության մեջ առանցքային դեր ունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Վերջինս, քաղաքի օկուպացիայից հետո, բազմիցս այցելել է Շուշի՝ հաճախ ընտանիքի անդամների հետ: Բոլոր այցերը կրում են ցուցադրական-քարոզչական բնույթ: Նույնպիսի բովանդակություն ունեն նաև Ալիևի ելույթները, որոնք հնչեցվում են հատկապես Շուշի քաղաքից: Ադրբեջանի նախագահի Շուշիում կատարված բոլոր քայլերը, ելույթները և հայտարարությունները միտում ունեն ցուցադրելու իր հաղթանակը և իրավիճակին տեր և թելադրող լինելը: Իր առաջին այցերի ժամանակ Ալիևը չէր թաքցնում իր հոխորտանքը և ծաղրը: Սա շատ լավ երևում է օկուպացիայից անմիջապես հետո առաջին այցի ժամանակ, երբ Ալիևը լինում է նաև Շուշիի վարչակազմի շենքում  ( Şuşi yox, Şuşa! https://www.youtube.com/watch?v=mQTfkK_LWJM):

Շուշիից հնչեցված հայտարարությունների և ելույթների հասցեատերը առաջին հերթին հայ հանրույթն է և, մասնավորապես, Արցախի հայությունը: Այստեղ առավել ցուցադրականն այն է, որ խաղաղությունից խոսող Ադրբեջանի նախագահը օկուպացված Շուշիում, որտեղ իր հրամանով քաղաքը կերպարը լիովին վերափոխվում է, սպառնալիքներ է հնչեցնում հայությանը, կոչ անում լքել հայրենիքը, եթե չենթարկվեն իրեն: Նման հայտարարություններ վերջինս արել է Շուշիում տեղի ունեցած մեդիաժողովի ժամանակ և Եվրոնյուս հեռուստաալիքին տրած ընդարձակ հարցազրույցում՝ պատասխանելով Արցախի հայերի մասին հարցերին (Президент Ильхам Алиев Ответил на Вопрос Гелы Васадзе о Реинтеграции Армян Карабаха, https://www.youtube.com/watch?v=aO4m7wWKc1A, Интервью президента Ильхама Алиева телеканалу Euronews, https://www.youtube.com/watch?v=aP21JUpQUho): Կարող ենք տեսնել, որ Ադրբեջանի իշխանությունները մեծ տեղ են հատկացնում խորհրդանշաններին: Այսպես, Շուշի քաղաքում է ստորագրվել հատկապես Հայաստանի դեմ ուղղված Ադրբեջանի և Թուրքիայի միջև ստորագրած «Շուշիի հռչակագիրը», Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն այցելել է Շուշի և հայտարարել Շուշիում թուրքական հյուպատոսություն հիմնադրելու մասին: Շատ խորհրդանշական է, որ առաջին հերթին ադրբեջանական կողմը քանդեց Շուշիում Արցախի իշխանությունների կողմից կառուցված խորհրդարանի շենքը և տեղում հյուրանոց կառուցեց, որտեղ էլ 2023 թվականի հուլիսին իրականացվեց Շուշիի մեդիաֆորումը: Շարքը կարելի է անվերջ շարունակել:

Ադրբեջանական իշխանությունները քայլեր են ձեռնարկում Շուշին մահմեդական և թյուրքական աշխարհի մշակութային և հոգևոր կենտրոն ներկայացնելու ուղղությամբ՝ լռության մատնելով քաղաքի հայկական հարուստ մշակութային ժառանգությունը, պատմական անցյալն ու բազմաթիվ հուշարձանները:  Սրան են միտված նաև Շուշիում կազմակերպվեող զանազան փառատոնները, որոնք թեև հայտարարվում են մշակութային, սակայն առաջին հերթին միտում ունեն հանրայնացնելու քաղաքի ադրբեջանական լինելը:

Շուշիի շուրջ տարվող քարոզչության հիմնական թեման՝ իբր հայերի կողմից քաղաքի համատարած ավերումն էր և անտերության մատնելը՝ սկսած 1992 թվականից և քաղաքի նոր վերածնունդը 2020 թվականից այս կողմ: Սրանով ադրբեջանական կողմը ցանկանում է ցուցադրել, որ քաղաքի իրական տերերը իրենք են: Ադրբեջանի նախագահն իր ելույթներում՝ տողատակում և ուղիղ տեքստով հայտարարում է, որ Շուշին հայերի հետ կապ չունի: Ալիևի քարոզչական տեսանյութերում ներկայացվում է, թե ինչպես են իր հրամանով անմիջապես սկսում վերականգնել քաղաքի մզկիթները, փողոցները, սակայն այստեղ ամենից ուշագրավն այն է, որ ադրբեջանական կողմը սկսեց վերականգնել դեռևս նախքան պատերազմը «բարբարոս հայերի» կողմից վերանորոգված Շուշիի Վերին մզկիթը, Սաաթլի մզկիթը, որպես վերանորոգված սկսեցին ցուցադրվել նախքան 2020 թվականի ադրբեջանական օկուպացիան վերակառուցված փողոցները, ենթակառուցվածքները: Այս քարոզչության կենտրոնական տեղը հատկացված է ոչ միայն Իլհամ Ալիևին, այլ նաև իր ընտանիքի անդամներին: Փորձելով փոխել քաղաքի իրական պատկերը, Շուշին ներկայացվում է նաև որպես ադրբեջանական ավանդական տոնակատարությունների վայր: 2021-2022 թվականներին Ադրբեջանի նախագահը նման կերպ մեկնարկ տվեց Շուշիում Նովրուզը և մի շարք այլ տոները նշելուն:

Շուշի քաղաքի գրավումը Ադրբեջանի կողմից վերջին երեք տարիներին դարձավ ժամանակակից ադրբեջանական ինքնության մի մաս, որտեղ որպես «ադրբեջանական հաղթանակի» խորհրդանիշ է ներկայացվում Շուշիի սարահարթի և շրջակա տարածքների վրա աճող Ophrys caucasica ծաղիկը, նույն ինքը խոլորձն, որն ներկայացվում է որպես Շուշիի և իրենց հաղթանակի նոր խորհրդանիշ՝ այն անվանելով Խարը Բյուլբյուլ (սոխակի փուշ) անվամբ: Այս ծաղկի պատկերները  դարձել են համատարած, դրանք կարելի է տեսնել գրեթե ամենուրեք: Այս խորհրդանիշը ադրբեջանական կողմը փորձում է նաև լայնորեն տարածել Ադրբեջանից դուրս՝ պատկերելով շքանշանների, հուշամեդալների, փոստային բացիկների և այլ առարկաների վրա, որոնք տրվում են Ադրբեջան այցելող պատվիրակություններին: Այդ խորհրդանիշը նաև դառնում է զբոսաշրջային ապրանք և վաճառվում է Ադրբեջանում ամենուրեք:

Այսպիսով, կարող ենք տեսնել, որ ադրբեջանական հակահայ քարոզչության մեջ առանցքային տեղ է տրվում օկուպացված Շուշի քաղաքին և դրա հետ՝ հայերի պատմության և մշակույթի  կապ «չունենալուն»: