Ադրբեջանը հողին է հավասարեցրել Շուշիի Սբ. Հովհաննես Մկրտիչ (Կանաչ ժամ) եկեղեցին

Մեր գործընկերներ «Կովկասի ժառանգության մշտադիտարկում» (CHW) նախաձեռնության կողմից արբանյակային լուսանկարների միջոցով փաստվել է ադրբեջանական վանդալիզմի հերթական դեպքը (նկ․ 1)։ Այս անգամ վանդալիզմի թիրախ է դարձել 1847 թվականին կառուցված Շուշիի Կանաչ ժամ՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին։

Հիշեցնենք, որ Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին (նկ. 2) թիրախավորվել էր դեռևս 2020 թվականի պատերազմի ռազմական գործողությունների ընթացքում՝ խախտելով պատերազմի ժամանակ ժառանգության պահպանության միջազգային սկզբունքներն ու հումանիտար իրավունքի նորմերը։

2020 թվականի պատերազմից անմիջապես հետո Կանաչ ժամը պայթեցվել էր՝ վնասելով եկեղեցու գմբեթն ու զանգակատունը (նկ․ 3-5): Հետագայում ՝ 2021 թվականի հուլիսին, ադրբեջանցիները անհիմն կերպով հերքելով եկեղեցու հայկական պատկանելությունը՝ ձեռնամուխ էին եղել կառույցը՝ որպես ռուս ուղղափառ ներկայացնելու և եկեղեցին «վերափոխելու» աշխատանքներին և անօրինական ծիսակատարություններ էին անում եկեղեցում՝ խախտելով հայ հանրույթի դավանական գործառույթը (նկ․ 6-7)։ Բացի այդ, եկեղեցուն կից հովվատունը, որը կառուցվել էր որպես հայ քրիստոնյա հանրույթին սպասարկող եկեղեցու ծիսական գործառույթի անհրաժեշտ բաղադրիչ և ծառայում էր որպես հոգևորականների ժողովատեղի և գրատուն, Ադրբեջանի կողմից վերածվել էր սրճարանի։

 Մեր արձագանքը

Շուշիի կանաչ ժամ՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին Ադրբեջանի կողմից պատերազմի ժամանակ և բռնազավթման ողջ ընթացքում ենթարկվեց համակցված հանցագործությունների՝ խախտելով թե՛ պատերազմի ժամանակ ժառանգության պահպանության միջազգային նորմերն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված իսկության և ամբողջականության սկզբունքները և թե՛ պղծվեց՝ խաթարելով եկեղեցու ոչ նյութական՝ ծիստական ավանդույթն ու արցախահայերի իրավունքները։ Եվ այդպես էլ չգտնելով այն ապահայկականացնելու հիմնավոր փաստարկ, Ադրբեջանն այն իսպառ ոչնչացրեց։

Եկեղեցուն հասցված վնասը համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թ. կոնվենցիայի 4-րդ հոդվածի և լրացուցիչ՝ 1999 թ. ընդունված Երկրորդ արձանագրության 15-րդ հոդվածի ա կետի, «լուրջ խախտում» է, որը՝ որպես ռազմական հանցագործություն, կարող է հետապնդվել միջազգային դատարաններում https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=31415։

Եկեղեցու կանխամտածված ոչնչացումը խախտում է նաև Հռոմի Ստատուտի 8-րդ հոդվածը և համարվում մարդկության դեմ ծանր հանցագործություն։

Կանաչ ժամ եկեղեցու ոչնչացումը նաև ցեղասպանական գործողություն է, քանզի ցեղասպանության խնդիրն այսօր դիտարկվում է նաև մշակութային ժառանգության վրա հարձակումների համատեքստում (ICC, Policy on Cultural Heritage, para. 88)։ Հռոմի կանոնադրության մշակութային ժառանգության դրույթների քննման ձեռնարկը նշում է․ «Մշակութային ժառանգության դեմ կամ դրա վրա ազդող հանցագործությունները հաճախ կապված են ցեղասպանության հետ կամ կատարվում են որպես դրա մի մաս, ուղեկցվելով խմբի անդամների ամբողջական կամ մասնակի ֆիզիկական ոչնչացման գործողություններով, որոնցից են սպանությունը, մարմնական կամ հոգեկան լուրջ վնասվածքների պատճառումը, դիտավորությամբ կյանքի վատ կենսապայմանների ստեղծումը, խմբի ներսում ծնունդների կանխարգելման դիտավորվալ գործողությունները, և երեխաներին դիտավորությամբ մի խմբից մյուսը բռնի տեղափոխելը և այլն (ICC, Policy on Cultural Heritage, para. 78.) Բացի դա, մշակութային ժառանգության դեմ կատարվող հանցագործությունները, որոնք տեղի են ունենում խմբի դեմ ուղղված այլ ֆիզիկական կամ կենսաբանական գործողությունների հետ միասին, կարող են ցեղասպանության հատուկ մտադրության ապացույց լինել (ICC, Policy on Cultural Heritage,para. 79)։ Մշակութային ժառանգության ոչնչացումը կարող է լուրջ հոգեկան վնաս պատճառել մարդկանց՝ ուժեղացնելով ցեղասպանական գործողությունների ծանրությունն ու լրջությունը համաձայն Հռոմի կանոնադրության 6(բ) հոդվածի։

Սովորութային օրենքները, Արդարադատության միջազգային դատարանի որոշմամբ պարտադիր են բոլոր պետությունների համար և արգելում են ժառանգության ցանկացած ոչնչացում՝ միջազգային մարդասիրական կրավունքի 38-րդ , https://heritage.sensecentar.org/assets/home/sg-7-06-icrc-ihl.pdf 39-րդ, 40-րդ և 41-րդ կանոններով։

 

 

Նկ. 1

Նկ. 2

Նկ. 3

Նկ. 4

Նկ. 5

Նկ. 6

Նկ. 7