Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին ավերվում է ադրբեջանցիների կողմից

2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի միջնորդությամբ և ՀՀ վարչապետի, ԱՀ, ՌԴ նախագահների  կողմից ստորագրված համաձայնագրի արդյունքում պատմական ԼՂԻՄ մաս կազմող և Արցախի Հանրապետության մշակութային քաղաք համարվող Շուշին անցավ ադրբեջանական զինված  ուժերի վերահսկողության տակ, որից հետո առաջին «հարվածներից»  մեկն ուղղվեց հենց Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ կամ Կանաչ ժամ եկեղեցուն։ Ադրբեջանական կողմը սկսեց «վերականգնել» եկեղեցին՝ իրականում այն նենգափոխելով, բռնյուրացնելով, հայ առաքելական հանրույթի ծիսական ավանդույթները խախտելով, ժառանգության պահպանության միջազգային հիմնական օրենքները ոտնահարելով, այն քանդելով և ավերելով։

Օրեր առաջ, հունիսի 29-ին ֆեյսբուքյան հարթակում տարածված լուսանկարները հավաստում են եկեղեցու ավերման մասին․ քանդված է գմբեթը, վնասված են սուրբ խորանը և սուրբ սեղանը, ջարդուփշուր են արված մոմավառության համար նախատեսված մոմակալները և այլն, իսկ եկեղեցու սրբազան քարերն աղբի տեսքով կույտի են վերածվել: https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid034GLxbSc7swhvbLQ6fMc9aYDWzAh7w9dHyXVRYg9GvU9QtVmDgLAtgTgNHa3pvW6Pl&id=100064926077027 ։ Եվ սա արվում է պետականորեն՝ բարձր մակարդակով խթանվող քաղաքականության արդյունքում, համաձայն որի բռնյուրացվում են արցախյան քրիստոնեական կառույցները, այն ինչ հնարավոր է ոչնչացվում է, այն ինչը ոչ` աղվանացվում, ադրբեջանականացվում, իսկ այս դեպքում՝ ռուսականացվում։ Կարող ենք վստահաբար նշել, որ այս վերականգնումներն ու եկեղեցու ներքին հատվածի ավերումներն արգելված են Հաագայի Արդարադատության միջազգային դատարանի՝ դեկտեմբերի 7-ի որոշմամբ, որով դատարանը հորդորել էր Ադրբեջանին ձեռնարկել բոլոր միջոցները արգելելու կամ կանխելու հայկական մշակութային արժեքների ոչնչացումն ու դրանց վնասումը, ներառյալ, բայց չսահմանափակվելով հոգևոր կառույցներով։ Բացի այդ ԵԽ-ն իր  «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին թիվ 2582 բանաձևով» վերահաստատել էր Հաագայի դատարանի պահանջը և  անդրադառնալով եկեղեցիների վնասմանն ու նենգափոխմանը,  հորդորել էր զերծ մնալ նման դատապարտելի ու մերժելի գործելակերպից։

Կարող եք նաև կարդալ «Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին որպես Ռուս ուղղափառ եկեղեցի ներկայացնելու և այնտեղ կազմակերպված անօրինական ծիսակատարության մասին» 2021 թվականի հուլիսի 10-ին www.monumetnwatch.org կայքի ներկայացրած հոդվածը հետևյալ հղմամբ

https://monumentwatch.org/hy/alerts/%d5%a1%d5%a4%d6%80%d5%a2%d5%a5%d5%bb%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%af%d5%b8%d5%b2%d5%b4%d5%ab%d6%81-%d5%b7%d5%b8%d6%82%d5%b7%d5%ab%d5%ab-%d5%af%d5%a1%d5%b6%d5%a1%d5%b9-%d5%aa%d5%a1%d5%b4-%d5%a5%d5%af%d5%a5/

Մեր արձագանքը

 Շուշիի Կանաչ ժամ եկեղեցու անօրինական վերականգնումները, կառույցի նենգափոխումն ու հռչակումը որպես ռուս ուղղափառ, ակնհայտորեն ոտնահարում է հուշարձանի պատմականության, վերջինիս իսկության և ամբողջականության հիմնարար սկզբունքները, որոնք բխում են 1994 թվականի Ճապոնիայում ընդունված մշակութային ժառանգության իսկության վերաբերյալ Նարայի փաստաթղթից (https://www.icomos.org/charters/nara-e.pdf), ինչպես նաև ԻԿՕՄՕՍ-ի կողմից 2017 թվականին Նյու Դելիում ընդուված փաստաթղթից (http://www.icomos-isc20c.org/pdf/madrid-new-delhi-document-2017.pdf) և ՅՈՒՆԵՍԿՕ-ի և այլ միջազգային կառույցների փաստաթղթերից: Իսկության սկզբունքների պահպանության Նարայի փաստաթուղթը նշում է, որ մշակութային արժեքների՝ հակամարտություններում հայտնվելու դեպքում պահանջվում է մշակութային արժեքների հանդեպ լեգիտիմության ճանաչում: Կարևոր է ընդգծել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործունեության հիմնարար սկզբունքները, համաձայն որոնց՝ մշակութային ժառանգության պահպանության և կառավարման պատասխանատվությունը վերապահված է այն համայնքին, որը ստեղծել է մշակութային ժառանգությունը: Իսկ մշակութային ժառանգության իսկության փաստը ոչ մի դեպքում չպետք է ստորադասվի (Իսկության վերաբերյալ Նարայի փաստաթուղթ, 8-րդ կետ): Բացի այդ` 2005 թվականի հոկտեմբերի 13-ին Ֆարոյում (Պորտուգալիա) ԵԽ նախարարների կոմիտեի կողմից ընդունված «Մշակութային ժառանգության նշանակությունը հասարակության համար» կոնվենցիան ևս շեշտում է, որ մշակութային ժառանգության նշանակությունը որոշում է տվյալ համայնքը, և ցանկացած արժեք, որը տվյալ ժողովրդի հավաքական մտքի արտահայտությունն է, պետք է պահպանվի իր բնականության և իսկության սկզբունքներով։ Ժառանգության պահպանությունն իր պատմական բոլոր դրսևորումներով և ժամանակագրությամբ արմատավորված է ժառանգությանը վերաբերող արժեքներում: Այդ մշակութային արժեքներն ընկալելու մեր ունակությունը կախված է դրանց վերաբերյալ տեղեկատվական աղբյուրների արժանահավատության կամ վստահելի լինելու աստիճանից, որոնք ստեղծում են անհրաժեշտ հիմք իսկության բոլոր կողմերի սահմանման համար, որոնք պետք է թույլ տան հասկանալու մշակութային ժառանգության տեսակը, առանձնահատկությունները, նշանակությունը և պատմությունը (Իսկության մասին Նարայի փաստաթուղթ, 1994թ․ Ճապոնիա): Իսկության ընկալումը հիմնարար դերակատարություն ունի մշակութային ժառանգության, պահպանությանն առնչվող բոլոր գործընթացներում: Հուշարձանները պետք է քննության առնվեն և գնահատվեն դրանց պատկանելության մշակութային համատեքստի հիման վրա: Այդ իսկ պատճառով մեծ կարևորություն և հրատապություն է ձեռք բերում ժառանգության արժեքների առանձնահատկությունների ճանաչումը յուրաքանչյուր առանձին մշակույթի (արցախահայության մշակույթի) համատեքստում, ինչպես նաև դրանց վերաբերող տեղեկատվական աղբյուրների արժանահավատությունը և ճշմարտացիությունը: Իսկության հատկանիշները կարող են ընդգրկել ձևը և նախագծումը, նյութերը և նյութակազմը, օգտագործումը և գործառույթը, ավանդույթները, գտնվելու վայրը և կատարողական եղանակը, ոգին և զգացմունքները, ինչպես նաև արտաքին և ներքին այլ գործոնները:

Հարկ է նշել նաև, որ համաձայն  Հաագայի 1954 թվականի «Զինված հակամարտության ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» կոնվենցիային կից երկրորդ արձանագրության (1999) 9-րդ հոդվածի գ ենթակետի՝ «Մշակութային արժեքների պաշտպանությունը բռնազավթված տարածքներում», արգելվում է մշակութային արժեքի ցանկացած վերափոխում, այդ թվում` օգտագործման ձևի և գործառույթի որևէ փոփոխություն: