Ադրբեջանը շարունակում է Հայաստանի դեմ մեղադրանքները. 2022 թ. դեկտեմբերի 15-16-ը Փարիզում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի» 17-րդ նստաշրջանում Ադրբեջանի զրպարտչական ելույթի մասին

Մինչ Ադրբեջանը շարունակում է էթնիկ զտման՝ վաղուց որդեգրած քաղաքականության նորովի գործարկումը օրեր շարունակ փակ պահելով Բերձորի (Լաչինի) միջանցքը՝ խախտելով արցախահայերի մի շարք իրավունքներ՝ այդ թվում կրթության, մշակութային կյանքին հասանելության հիմնարար իրավունքը,  Ադրբեջանի  պետական պաշտոնյաները արցախահայերի իրավունքների վերականգնման փոխարեն, շարունակում են դրանք ոտնահարել և մեղադրանքներ ներկայացնել հայ ժողովրդին միջազգային հարթակներում։ Ի մասնավորի, Ադրբեջանի մշակույթի նախարարությանը կից մշակութային ժառանգության պաշտպանության, զարգացման և վերականգնման պետական ծառայության ղեկավար Ազադ Ջաֆարլիի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 15-16-ին Փարիզում  մասնակցել են  ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Զինված բախումների   դեպքում  մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի» 17-րդ նստաշրջանին։  Ադրբեջանը՝ որպես Կոմիտեի անդամ (2021-2025 թթ․)՝ ունենալով ելույթի հնարավորություն, առիթը բաց չի թողել  հայերին վարկաբեկելու և իբրև թե հայերի կողմից  ոչնչացված մշակութային արժեքների վերաբերյալ  հերթական մեղադրանքները հնչեցնելու համար https://apa.az/en/culture-policy/issue-on-mines-planted-by-armenians-raised-at-the-unesco-session-392059:

Կոմիտեի նիստի օրակարգում, ի թիվս  1954 թվականի Հաագայի կոնվենցիայի երկրորդ արձանագրության կատարման կանոնակարգի, մոնիտորինգի և վերահսկման մեխանիզմների փոփոխությունների ընդունման, մշակութային ռեսուրսների պահպանության և Ուկրաինայում մշակութային ժառանգության պաշտպանությանն առնչվող հարցերի, քննարկվեց նաև լրատվամիջոցի նշմամբ Հայաստանի կողմից ականապատված տարածքների  հարցը https://caliber.az/en/post/131519/։

Մեր արձագանքը

Ադրբեջանի մշակույթի ոլորտի պաշտոնատար անձինք միջազգային ամենաբարձր ատյաններում շարունակում են զրպարտել Հայաստանին և  խոսել մշակութային արժեքների պաշտպանության անհրաժեշտության մասին։ Այնինչ միջազգային կոնվենցիաները  մատնացույց անող Ադրբեջանը բազմիցս փաստացիորեն խախտել է  ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պահպանության» կոնվենցիան և դրան կից արձանագրությունների դրույթները, որոնց անդամ է:

Հարկ է կարևորել այն փաստը, որ հենց Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարության՝ դեռևս 2021 թվականի հունիսի 3-ի  հաղորդագրության համաձայն, Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությամբ, Հայաստանը ադրբեջանական կողմին է փոխանցել Ֆիզուլիի և Զանգիլանի շրջաններում տեղադրված շուրջ 92 հազար հակատանկային և հակահետևակային ականների քարտեզ (https://infocom.am/hy/Article/58544)։ Իսկ Հաագայի դատարանում Ադրբեջանի ներկայացուցչի կողմից հայտարարվել է, որ Հայաստանն իրենց տեղեկություն է փոխանցել շուրջ 189 հազար ականների տեղադրման վայրերի մասին  https://www.azatutyun.am/a/31517743.html։  Այս ամենը թույլ է տալիս մեզ եզրակացնել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նիստի ժամանակ հնչած մեղադրանքներն ընդդեմ Հայաստանի և հայ ժողովրդի՝ էթնիկ զտման քաղաքականության բաղկացուցիչ մաս են կազմում, որոնց նպատակը հայերին հեղինակազրկելն ու զրպարտելն է։