Ադրբեջանը պատրաստվում է Շուշին հռչակել «Թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք»

Ադրբեջանի Հանրապետության մշակույթի նախարար Անար Քերիմովը սույն թվականի սեպտեմբերի 17-ին իր թվիթերյան էջում (https://twitter.com/Anar_Karim/status/1438790399884201985?s=20) նշել է, որ Բաքուն պատրստվում է 2023 թվականին Շուշին հռչակել «Թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք»։ Այս մասին նախարարը զեկուցել է նաև Ուզբեկստանի Խիվա քաղաքում 2021 թվականի սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած թյուրք նախարարների միջազգային 38-րդ հանդիպմանը և հավելել, որ Ադրբեջանը պետք է ակտիվացնի իր համագործակությունը թյուրքական մշակույթի պահպանությամբ, թյուրք ժողովուրդների ընդհանուր մշակույթի զարգացմամբ զբաղվող ТюрКСОЙ միջազգային կազմակերպության հետ (https://www.turksoy.org/ru) հատկապես Ղարաբաղի պատմամշակութային հուշարձանների ոչնչացումների հետ կապված (https://regnum.ru/news/cultura/3373318.html):

Հիշեցնենք, որ թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաքն ամեն տարի ընտրվում է TURKSOY միջազգային կազմակերպության անդամների կողմից` քաղաքի մշակութային արժեքները հանրահռչակելու և պամամշակութային ժառանգության վրա ուշադրություն հրավիրելու համար: Ղազախստանի մայրաքաղաք Աստանան 2012 թվականին առաջինն է եղել, որ ստացել է «Թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք» տիտղոսը, իսկ հաջորդը՝ Խիվան էր՝ 2020 թվականին։

Մեր արձագանքը

Պատմական Շուշի քաղաքի, որը նաև հայ մշակույթի կարևորագույն կենտրոնն էր, հռչակումը որպես մահմեդական թյուրքական աշխարհի մշակութային կենտրոն, ակնհայտորեն ոտնահարում է քաղաքի պատմականության, վերջինիս իսկության և ամբողջականության հիմնարար սկզբունքները, որոնք բխում են 1994 թվականի Ճապոնիայում ընդունված մշակութային ժառանգության իսկության վերաբերյալ Նարայի փաստաթղթից (https://www.icomos.org/charters/nara-e.pdf), ինչպես նաև ԻԿՕՄՕՍ-ի կողմից 2017 թվականին Նյու Դելիում ընդուված փաստաթղթից (http://www.icomos-isc20c.org/pdf/madrid-new-delhi-document-2017.pdf) և ՅՈՒՆԵՍԿՕ-ի և այլ միջազգային կառույցների փաստաթղթերից: Իսկության սկզբունքների պահպանության Նարայի փաստաթուղթը նշում է, որ մշակութային արժեքների՝ հակամարտություններում հայտնվելու դեպքում պահանջվում է մշակութային արժեքների հանդեպ լեգիտիմության ճանաչում: Կարևոր է ընդգծել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործունեության հիմնարար սկզբունքները, համաձայն որոնց՝ մշակութային ժառանգության պահպանության և կառավարման պատասխանատվությունը վերապահված է այն համայնքին, որը ստեղծել է մշակութային ժառանգությունը: Իսկ մշակութային ժառանգության իսկության փաստը ոչ մի դեպքում չպետք է ստորադասվի (Իսկության վերաբերյալ Նարայի փաստաթուղթ, 8-րդ կետ): Բացի այդ` 2005 թվականի հոկտեմբերի 13-ին Ֆարոյում (Պորտուգալիա) ԵԽ նախարարների կոմիտեի կողմից ընդունված «Մշակութային ժառանգության նշանակությունը հասարակության համար» կոնվենցիան ևս շեշտում է, որ մշակութային ժառանգության նշանակությունը որոշում է տվյալ համայնքը, և ցանկացած արժեք, որը տվյալ ժողովրդի հավաքական մտքի արտահայտությունն է, պետք է պահպանվի իր բնականության և իսկության սկզբունքներով։ Ժառանգության պահպանությունն իր պատմական բոլոր դրսևորումներով և ժամանակագրությամբ արմատավորված է ժառանգությանը վերաբերող արժեքներում: Այդ մշակութային արժեքներն ընկալելու մեր ունակությունը կախված է դրանց վերաբերյալ տեղեկատվական աղբյուրների արժանահավատության կամ վստահելի լինելու աստիճանից, որոնք ստեղծում են անհրաժեշտ հիմք իսկության բոլոր կողմերի սահմանման համար, որոնք պետք է թույլ տան հասկանալու մշակութային ժառանգության տեսակը, առանձնահատկությունները, նշանակությունը և պատմությունը (Իսկության մասին Նարայի փաստաթուղթ, 1994թ․ Ճապոնիա): Իսկության ընկալումը հիմնարար դերակատարություն ունի մշակութային ժառանգության, պահպանությանն առնչվող բոլոր գործընթացներում: Ժառանգության հուշարձանները պետք է քննության առնվեն և գնահատվեն դրանց պատկանելության մշակութային համատեքստի հիման վրա: Այդ իսկ պատճառով մեծ կարևորություն և հրատապություն է ձեռք բերում ժառանգության արժեքների առանձնահատկությունների ճանաչումը յուրաքանչյուր առանձին մշակույթի (արցախահայության մշակույթի) համատեքստում, ինչպես նաև դրանց վերաբերող տեղեկատվական աղբյուրների արժանահավատությունը և ճշմարտացիությունը: Իսկության ասպեկտները կարող են ընդգրկել ձևը և նախագծումը, նյութերը և նյութակազմը, օգտագործումը և գործառույթը, ավանդույթները, գտնվելու վայրը և տեխնիկան, ոգին և զգացմունքները, ինչպես նաև արտաքին և ներքին գործոնները: Այս ամենից ելնելով մենք փաստում ենք, որ Շուշի քաղաքի հռչակումը որպես թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք էականորեն խաթարում է քաղաքի պատմության, ավանդույթների, արտաքին և ներքին տարրերի, քաղաքի հանդեպ ունեցած բնակչության զգացմունքների իսկության իրական փաստը։