Ադրբեջանի հանրապետության ագրեսիվ քաղաքականության հերթական դրսևորումը

2022 թվականի դեկտեմբերի 29-ին Ադրբեջանի Գիտությունների ակադեմիայի նախագահության որոշմամբ բացվել է «Արևմտյան Ադրբեջանին» նվիրված միանգամից 3 բաժին։ Ա․ Ա․ Բաքիխանովի անվան Պատմության ինստիտուտում ստեղծվել է  «Արևմտյան Ադրբեջանի պատմության», ֆոլկլորի ինստիտուտում՝ «Արևմտյան Ադրբեջանի ֆոլկլորի», իսկ Նասիմիի անվան լեզվաբանության ինստիտուտում՝ «Արևմտյան Ադրբեջանի տեղանվանագիտության» բաժինները: Նշենք, որ այս ամենին նախորդել էր 2022 թվականի դեկտեմբերի 18-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» մտավորականների հետ: Այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնք»-ը  «Ադրբեջանի փախստականների միություն» ՀԿ-ի 2022 թվականի օգոստոսին վերափոխված անունն է։ Իր ելույթում Ալիևը նշում է․ «Վստահ եմ, որ գալու է այն օրը,  երբ ինչպես Ղարաբաղի փախստականները, այնպես էլ Արևմտյան Ադրբեջանի մեր ազգակիցները՝ նրանց բարեկամները, որդիները, թոռները, կվերադառնան մեր պատմական տարածք՝ Արևմտյան  Ադրբեջան։ Այժմյան Հայաստանը (ՀՀ տարածքն Ալիևը կոչում է ծննդավայր, հայրենիք և այլն) մեր պատմական հողն է, որն  ապացուցում են շատ պատմական փաստաթղթեր և պատմական քարտեզներ»։ https://www.youtube.com/watch?v=Jvs2TU7tg_w

Շարունակելով հայերին ուղղված  անհիմն մեղադրանքների շղթան, Իլհամ Ալիևը նշում է, որ  ինչպես Ղարաբաղում, այնպես էլ «Արևմտյան  Ադրբեջանում» հայերը ոչնչացրել են ադրբեջանական պատմական ու կրոնական հուշարձանները, մասնավորապես  Զանգեզուրի 67 մզկիթներից 65-ը:

Իր ելույթում Ալիևը Հայաստանի (նրա խոսքով Արևմտյան Ադրբեջանի) և Արցախի (Ղարաբաղի) հայությանը  ներկայացնում է որպես եկվոր ժողովուրդ և ասում, որ Հարավային Կովկասում հայերը երբեք պետություն չեն ունեցել. «1918 թ. նորաստեղծ Ադրբեջանի Ժողովրդական Հանրապետության դեմ  առաջին հանցագործ որոշումներից մեկով ադրբեջանական պատմական քաղաք Երևանը նվիրաբերվել է Հայաստանին: Որտե՞ղ է Երևանի պատմական կենտրոնը: Պատմական կենտրոնը եղել է ադրբեջանական, դրա համար ավերվել է: Բացի այդ, Ադրբեջանի պատմական հողերից Զանգեզուրն էլ է անջատվել Ադրբեջանից ու միացվել Հայաստանին»։

Ալիևն իր ելույթը եզրափակում է հետևյալ հայտարարությամբ «Հայաստան-Ադրբեջան սահմանին ռազմական օպերացիանների իրականացումով Արևմտյան Ադրբեջանի քաղաքները այժմ մեր աչքի առաջ են: Տեսնում ենք Սևանն առանց հեռադիտակի։ Մենք ուզում ենք խաղաղ ճանապարհով վերադառնալ մեր հայրենիք, և մենք ունենք դրա համար  պատմական, քաղաքական և իրավական հիմքեր։ Մենք ունենք արևմտյան ադրբեջանցիների վերադարձի կոնցեպտ, այդ թվում՝ միջազգային գիտաժողովների անցկացում, միջազգային կառույցների ու լրատվականների հետ աշխատանքներ և այլն»:

Ադրբեջանի իշխանությունն իր  հանցավոր քաղաքականությունը փորձում է շարունակել նոր ուղղությամբ՝ տարածքային, պատմական և մշակութային հավակնություններ դրսևորելով ՀՀ սուվերեն տարածքի, հայ ժողովրդի պատմական հայրենիքի և մշակութային ժառանգության  նկատմամբ: