Ադրբեջանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 42-րդ Գլխավոր Կոնֆերանսի փոխնախագահ

2023 թվականի նոյեմբերի 7-ին Փարիզում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի 42-րդ Գլխավոր Կոնֆերանսում Ադրբեջանն ընտրվել է փոխնախագահ (https://t.me/zangezuravtonomia/47377?fbclid=IwAR3RG6rFlp50szmUQK7KiX0jW3Mtq-mOnE_6VwmpCcGwINrxc4ohDeQTBxQ)։  Նախագահ է ընտրվել Ռումինիայի ներկայացուցիչ Սիմոնա-Միրելա Միկուլեսկուն, ով  2021 թվականի հունվարից զբաղեցնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը (https://www.unesco.org/en/general-conference/42/president)։

Տեղի են ունեցել Կոնֆերանսի նախագահի և փոխնախագահների, ինչպես նաև հանձնաժողովների նախագահների ու փոխնախագահների ընտրություններ։ Կոնֆերանսի շրջանակներում պետք է տեղի ունենա ՅՈՒՆԵՍԿՕ-ի ընդհանուր քաղաքականության քննարկում, ինչպես նաև կազմակերպության գործընկերների և երիտասարդների ֆորում:

Գլխավոր կոնֆերանսի 42-րդ նստաշրջանը կշարունակվի մինչև նոյեմբերի 22-ը։

Le Figaro ամսագրի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բուիսոնը դատապարտել է Ադրբեջանին փոխնախագահ ընտրելու որոշումը, նշելով․ «ՅՈՒՆԵՍԿՕ-ն նպատակահարմար չհամարեց դատապարտել ադրբեջանցիներին Արցախի 9-ամսյա շրջափակման համար, ինչը թույլ չտվեց հազարավոր հայ երեխաների դպրոց հաճախել։ Այժմ այն ընտրում է Ադրբեջանին իր գլխավոր կոնֆերանսի փոխնախագահ։ Դա խայտառակություն է» (https://www.panorama.am/en/news/2023/11/08/Le-Figaro-deputy-head/2923141):

Միջազգային հանրույթը՝ ի դեմս ՅՈՒԵՍԿՕ-ի, մի անգամ չէ, որ անթաքույց «խրախուսել» է Ադրբեջանի հակահայ քաղաքականությունը։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Զինված բախումների ընթացքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի՝ 2021 թվականի դեկտեմբերի 2-3-ը Փարիզում տեղի ունեցած անդամ պետությունների 16-րդ հանդիպման ժամանակ Ադրբեջանը 4 տարով ընտրվեց հիշյալ կոմիտեի անդամ (https://en.unesco.org/16th-Meeting-of-the-Committee-for-Protection-of-Cultural-Property-in-the-Event-of-Armed-Conflict-Working-Documents)։

Ադրբեջանն այդ կոմիտեի անդամ է եղել նաև 2011-2019 թվականներին,  երբ Ջուղայի խաչքարերն արդեն ոչնչացված էին։ Կասկածից վեր է, որ Ադրբեջանը, առնվազն Հաագայի 1954 թվականի կոնվենցիայի երկրորդ արձանագրության ընդունումից (1999 թվական) ի վեր, թերևս այն եզակի պետություններից է, որոնք ամենաշատն են խախտել հենց այդ նույն արձանագրության մի շարք դրույթներ։ Բայց իր թույլ տված խախտումների համար պատասխանատվության ենթարկվելու փոխարեն նա դարձել է կոնվենցիայի կիրարկման համար պատասխանատու և լիազոր ներկայացուցիչ։