Ադրբեջանն սպառնում է Դադիվանքից հեռացնել հայ վանականներին

2023 թվականի ապրիլի 2-ին,  Ադրբեջանի Կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական ​​կոմիտեի նախագահ Մուբարիզ Գուրբանլին լրագրողների հետ հանդիպմանը նշել է, որ  Դադիվանքի հայ վանականները պետք է լքեն համալիրը։ Հարկ է նշել, որ ադրբեջանական կողմն իր հայտարարության մեջ Դադիվանքը կոչում է Խուդավենգ, որն ըստ էության վանքի հայերեն մեկ այլ՝ Խութավանք անվան ինքնահնար ու աղավաղված ձևն է, https://www.turan.az/ext/news/2023/5/free/politics_news/ru/4097.htm): Թե՛ վանքի Խութավանք և թե՛ վանքին կից գյուղի Խութավան անվանումը   կապված է տեղանքի հետ, քանի որ «խութ» հայերեն նշանակում է «բլուր», այսինքն` բլրի վրա գտնվող վանք կամ վան (այս մասին առավել մանրամասն տե՛ս https://monumentwatch.org/hy/monument/դադիվանքի-համալիրը-ընդհանուր-տեղեկո/)

«Համոզված եմ, որ այնտեղից գնալու են։ Խուդավանգ վանքը կովկասյան Ալբանիային պատկանող հուշարձան է։ Վաղ թե ուշ ամեն ինչ կուղղվի ալբանա-ուդի համայնքի կողմից, և վանքի հոգևոր ծառայությունը կիրականացնի ալբանա-ուդիական համայնքը։ Հայերն այս վայրի հետ կապ չունեն», - հայտարարել է Գորբանալին: (https://www.turan.az/ext/news/2023/5/free/politics_news/ru/4097.htm):

Հարկ է նշել, որ աղվանացման կեղծ քարոզը Դադիվանքի շուրջ ադրբեջանական հռետորաբանության առաջին դեպքը չէ։ Դեռևս երկու տարի առաջ  «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում»  ակադեմիական հարթակն անդրադարձել էր 2021 թվականի մայիսի 5-ին ադրբեջանական քաղաքականության գործիք դարձած ուդիական կրոնական  համայնքի ներկայացուցիչների Դադիվանք կատարած այցին։   Վերջինիս ընթացքում  կրկին աղվանական էր հռչակվել հայկական վանական համալիրը, իսկ խաչքարերն ու արձանագրությունները` կեղծված և նոր ժամանակներում ագուցված (այս մասին առավել մանրամասն կարդացեք՝ https://monumentwatch.org/hy/alerts/ադրբեջանը-դադիվանքը-հռչակում-է-ուդիա/):

Դադիվանքն ուդիական հռչակելու և հայ հոգևորականների ծառայությունն ապահովելու կապակցությամբ Մայր Աթոռ Սուրբ էջմիածինը 2023 թվականի մայիսի 2-ին տարածել է հայտարարություն առ այն, որ «Մեր եկեղեցականները Դադիվանքում շարունակում են իրենց հոգևոր ծառայությունը՝ շնորհիվ ռուս խաղաղապահների երախտարժան առաքելության, որով ապահովվում է վանքի անվտանգությունը։ Ինչ վերաբերում է Դադիվանքի աղվանական լինելու կեղծ պնդումներին, ապա պատմական անհերքելի փաստ է, որ վանքն ի սկզբանե եղել է հայկական և որևէ առնչություն չի ունեցել Աղվանից եկեղեցու հետ, առավել ևս՝ այսօրվա նորահայտ աղվանա-ուդիական կրոնական համայնքի հետ» (https://www.tert.am/am/news/2023/05/02/dadivank/3930951#.ZFFDJerYwN4.facebook)։

Դադիվանքի`պատմականորեն հայկական լինելու փաստը հաստատող, հավաստի տեղեկությունների մասին  առավել մանրամասն կարող եք կարդալ  հետևյալ հոդվածներում՝

Մեր արձագանքը

Հարկ է հիշեցնել, որ Հաագայի արդարադատության միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշմամբ արգելվել են հայկական եկեղեցիների պղծման գոծողությունները․ «Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման գործողությունները, որոնք իրականացվում էին հայկական մշակութային ժառանգության նկատմամբ․․․» (International Court of Justice, Application of the International Convention on the Elimination of All Forms of Racial Discrimination (Armenia v. Azerbaijan), 7 December 2021, No. 2021/34)։

Իսկ ԵԽԽՎ 2583-րդ բանաձևով հայկական մշակութային արժեքների հայկականության փաստի ժխտումն ու դրանց՝ աղվաններին պատկանելը ճանաչվել է որպես «ադրբեջանական հորինվածք» (Parliamentary Assembly of the Council of Europe, Humanitarian consequences of the conflict between Armenia and Azerbaijan / Nagorno-Karabakh conflict, Resolution 2391 (2021), հոդված 18.4):

Եկեղեցիների գործառույթի փոփոխությունը ոտնահարում է կրոնական համոզմունքներն ու ծիսակատարություններն իրենց իրական բնույթով պահպանելու և իրականացնելու հայ հանրույթի մշակութային ֆունդամենտալ իրավունքը։ Յուրացման քաղաքականությունն իրավական տեսանկյունից խախտում է նաև 1966 թվականի «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների միջազգային դաշնագրի» 15-րդ և Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 27-րդ հոդվածը,  որը երաշխավորում է յուրաքանչյուրի` մշակութային կյանքին ազատորեն մասնակցելու իրավունքը։  2007 թվականի «Մշակութային իրավունքների Ֆրիբուրգի հռչակագիրը» ևս սահմանում է նման իրավասություն՝ մշակութային իրավունքները համարելով ինքնության դրսևորման, տարբեր մշակութային ռեսուրսներից և գիտելիքից օգտվելու հնարավորություն։ Այդ թվում նաև Ֆարոյի 2005 թվականի «Մշակութային ժառանգությունը հասարակության համար» կոնվենցիան ևս պարունակում է դրույթներ մշակութային ժառանգության իրավունքի վերաբերյալ: Ադրբեջանը խախտում է նաև 2001 թվականի «Մշակութային բազմազանության պաշտպանության մասին» և 2005 թվականի «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին» կոնվենցիաների դրույթները, որոնց անդամ է, ինչպես նաև 1965 թվականի ՄԱԿ-ի ընդունած «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիան։