Ազոխի քարանձավը և ռուս հնագետի «անտեղյակությունը»
2025 թվականի նոյեմբերի 20-ին ՏԱՍՍ գործակալության կայքում հրապարակվեց տեղեկատվություն այն մասին, որ ռուս հնագետներն ադրբեջանցի գործընկերների հետ պեղումներ են իրականացնում գրավյալ Արցախի Հադրութի շրջանի Ազոխի քարանձավում։ ՌԴ ԳԱ Սիբիրի բաժանմունքի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի քարեդարյան հնագիտության բաժնի ղեկավար, ՌԴ ԳԱ թղթակից անդամ Միխայիլ Շունկովը նշում է, որ այս հնավայրում հնագիտական աշխատանքները երկար ժամանակ դադարեցված էին։ Նա ընդգծել է, որ նախորդ պեղումներից անցել է 40 տարի, և անհրաժեշտ է ուսումնասիրել հնավայրը՝ օգտագործելով նոր թվագրման մեթոդներ (https://tass.ru/nauka/25679233):
Մինչդեռ, Ազոխի քարայրում Արցախի Հանրապետության իշխանությունների հրավերով 2002-2019 թվականներին պեղումներ է իրականացրել միջազգային հնագիտական արշավախումբը (հետազոտություններին մասնակցել է 35 մասնագետ աշխարհի 8 երկրից՝ այդ թվում՝ Հայաստան, Մեծ Բրիտանիա, Իսպանիա, Իռլանդիա, Ֆրանսիա, Գերմանիա, Ավստրալիա և Հարավային Աֆրիկա) https://monumentwatch.org/hy/monument/%D5%A1%D5%A6%D5%B8%D5%AD%D5%AB-%D6%84%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6%D5%B1%D5%A1%D5%BE%D5%A8/։ Արշավախումբը, որը ներառել է հնէաբանության, երկրաբանության և հնամարդաբանության ոլորտների աշխարհահռչակ մասնագետներ տարբեր երկրներից, իր գործունեությունը ծավալել է հնէաբանական և հնագիտական պեղումների համար պահանջվող միջազգային բոլոր չափանիշներին համաձայն, ինչն արձանագրված է մի շարք հեղինակավոր գիտական ամսագրերում հրապարակված հոդվածներում, միջազգային գիտաժողովներում ներկայացված զեկույցներում, ինչպես նաև 2016 թվականին Springer հրատարակչությունում լույս տեսած «Azokh Cave and the Transcaucasian Corridor» կոլեկտիվ մենագրությունում (https://monumentwatch.org/hy/?s=%D4% B1%D5%A6%D5%B8%D5%AD):
Արշավախմբի աշխատանքներում կիրառվել են պեղումների արդի և համակարգված մեթոդներ. գտածոների եռաչափ արձանագրում՝ դրանց տարածական և ժամանակային բաշխվածություն տեղեկատվությունն ապահովելու նպատակով, նստվածքաշերտերի զննում՝ մանր կաթնասունների հայտնաբերման նպատակով, երկրաբանական մանրազնին աշխատանք՝ ուղղված քարանձավի շերտագրության ուսումնասիրմանը, ինչպես նաև հաջորդականության ռադիոմետրիկ թվագրում (Fernandez-Jalvo, King, Yepiskoposyan, Andrews 2016, 10-20) մանրամասն տես https://monumentwatch.org/hy/monument/%d5%a1%d5%a6%d5%b8%d5%ad%d5%ab-%d6%84%d5%a1%d6%80%d5%a1%d5%b6%d5%b1%d5%a1%d5%be%d5%a8/:
Այն փաստը, որ ադրբեջանական քարոզչությունը մշտապես փորձում է կեղծել իրականությունը, վաղուց հայտնի է գիտական հանրությանը։ Սակայն տարօրինակ են հնչում Շունկովի հայտարարությունները, քանի որ նա, հանդիսանալով Հնագիտության և ազգագրության ինստիտուտի պալեոլիթի բաժնի վարիչ, պետք էր գոնե տեղյակ լիներ Ազոխի քարանձավի 2002–2019 թթ․ պեղումներին, որոնց ընթացքն ու գիտական արդյունքները բազմիցս և մանրամասն կերպով հրապարակվել են մասնագիտական լուրջ հանդեսներում:
Գրականություն
- Fernandez-Jalvo Y., King T., Yepiskoposyan L., Andrews P., Azokh Cave and the Transcaucasian corridor, 2016, Springer․
- https://monumentwatch.org/hy/monument/%D5%A1%D5%A6%D5%B8%D5%AD%D5%AB-%D6%84%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6%D5%B1%D5%A1%D5%BE%D5%A8/։
- https://monumentwatch.org/hy/?s=%D4% B1%D5%A6%D5%B8%D5%AD
- https://tass.ru/nauka/25679233.