Ահազանգ․ Կավաքավանքի եկեղեցին կորցնում է իր նախնական տեսքը

Ադրբեջանցի օգտատերերից մեկի կողմից համացանցում տեղադրված տեսանյութերից երևում է, որ օկուպացված Հադրութի շրջանում գտնվող Կավաքավանք վանքային համալիրի տարածքում շինարարական աշխատանքներ են իրականցվում (https://m.facebook.com/story.php?story_fbid=pfbid026nn89DTMQ2fyJaJ2tESfop7j2mr5LtpLmsgjJPPWfBNzs5cobXm2sQMRxpa6MmaSl&id=100060016715063&mibextid=Nif5oz): Վանքը գտնվում է Տողից Վարանդա (Ֆիզուլի) տանող ճանապարհից ձախ՝ հարթավայրից առանձնացող մի բլրի վրա (վանքի մասին մանրամասն տես՝ Կավաքավանք - Monument Watch):

2020 թվականի հոկտեմբերի 12-14-ը Կավաքավանքի շրջակայքում  ինտենսիվ մարտեր են ընթացել, տարածքը ենթարկվել է հրետակոծության: Ադրբեջանցի զինվորականները եկեղեցին օգտագործել են որպես ռազմական հենակետ, ինչի հետևանքով կառույցի զարդաքանդակներն ու հայերեն արձանագրությունները զգալիորեն տուժել կամ և ոչնչացվել են: Եկեղեցու վիճակի մասին 44-օրյա պատերազմից հետո՝ մինչև այս տեսանյութերի ի հայտ գալը, տեղեկություններ չկային:

Տեսանյութից երևում է, որ եկեղեցին և նրա շրջակայքը զգալիորեն տուժել են հակառակորդի հրետակոծությունից, կան փլված հատվածներ, ընկած ու թափված քարեր, վնասված է տանիքը: Այս վնասները նախքան 2020 թվականի պատերազմը առկա չէին: Բացի այդ, ինչպես երևում է տեսանյութից, եկեղեցին որպես ռազմական հենակետ օգտագործած զինվորականները եկեղեցու ներսում՝ տարբեր հատվածներում թողել են ադրբեջաներենով արված տասնյակ գրություններ: Անհետացել է եկեղեցու կողքին դեռևս 1995 թվականին տեղադրված՝ տարածքն ազատագրած ազատամարտիկների հիշատակին նվիրված խաչքարը: Շատ հնարավոր է, որ խաչքարը ոչնչացրել են ադրբեջանցի զինվորականները: Նկատենք, որ ադրբեջանական կողմը չի էլ թաքցնում, որ 1994 թվականից այս կողմ կանգնեցված խաչերի, խաչքարերի, տարաբնույթ հուշակոթողների, ինչպես նաև նոր կառուցված եկեղեցիների հանդեպ իր վեաբերմունքը:

Տեսանյութից երևում է, որ ադրբեջանական կողմը հարթեցրել է եկեղեցու շրջակա տարածքը, կատարել հողալցումներ: Դատելով տեսանյութում երևացող տեխնիկայից՝ դեպի եկեղեցի նոր, ասֆալտապատ ճանապարհ է կառուցվում:  Առավել մտահոգիչ են եկեղեցու ներսում և շքամուտքի վրա կատարվող աշխատանքները: Դատելով տեսանյութից՝ շքամուտքը զգալիորեն վնասված է, համարյա անհետացել են զարդաքանդակ եզրագոտիները: Եվ իհարկե, քարոզչական էժանագին հնարքը՝ հայկական միջավայրում, հայերի կողմից 1742 թվականին կառուցված և հայերեն արձանագրություններ կրող եկեղեցին (Կավաքավանք - Monument Watch) հորջորջել որպես աղվանական:

Ադրբեջանական կողմը եկեղեցու կարծես ամրակայման, վերականգնողական աշխատանքներ է իրականացնում, որոնցից առավել ռիսկայինը եկեղեցու իրական-պատմական տեսքի աղավաղումն է, վերականգնման պատրվակի ներքո նրա աղճատումը և այսպես կոչված ‹‹աղվանացումը››: Իսկ ադրբեջանական կողմը իր բազմաթիվ հայտարարություններով, որոնք արվել են նաև երկրի նախագահի մակարդակով, մշտապես նշել է, որ իբր հայերը օկուպացիայի տարիներին հայկականացրել են երկրամասի, այսինքն՝ Արցախի «աղվանական» հուշարձանները և իրենք նախնական տեսքի են բերելու դրանք, ինչը նշանակում է, որ վերացվելու են խաչային հորինվածքները, խաչքարերը և առաջին հերթին հայերեն արձանագրությունները (մանրամասն տես. Ծակուռու եկեղեցու մասին Ադրբեջանի նախագահի հայտարարությունը - Monument Watch): Ահա այս վտանգն ենք տեսնում նաև Կավաքավանքի եկեղեցու «շինարարական աշխատանքների» դեպքում:

Մեր արձագանքը

Հարկ է նշել, որ, ըստ «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թ. կոնվենցիայի և դրա լրացուցիչ՝ 1954 թ. և 1999 թ. արձանագրությունների, արգելվում է կոնվենցիայով սահմանված մշակութային արժեքն օգտագործել ռազմական նպատակներով։ Հաագայի 1999 թ. երկրորդ արձանագրության 6-րդ հոդվածն արգելում է մշակութային արժեքները վերածել ռազմական օբյեկտների կամ օգտագործել այնպիսի նպատակներով, որոնք կարող են դրանք ավերվելու կամ վնասվելու վտանգի ենթարկել։ Իսկ երկրորդ արձանագրության 15-րդ հոդվածի գ և դ կետերով այդպիսի արարքը որակվում է որպես ռազմական հանցագործություն։ Երբ մշակութային ժառանգությունն օգտագործվում է ռազմական նպատակներով, զրկվում է վերոնշյալ կոնվենցիայով սահմանված իր լրացուցիչ պաշտպանությունից և դառնում քաղաքացիական օբյեկտ։

Հարկ է հիշեցնել, որ Հաագայի արդարադատության միջազգային դատարանի 2021 թ. դեկտեմբերի 7-ի որոշմամբ արգելվել են հայկական եկեղեցիների պղծման գոծողությունները․ «Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման գործողությունները, որոնք իրականացվում էին հայկական մշակութային ժառանգության նկատմամբ․․․» (International Court of Justice, Application of the International Convention on the Elimination of All Forms of Racial Discrimination (Armenia v. Azerbaijan), 7 December 2021, No. 2021/34)։

Իսկ ԵԽԽՎ 2583-րդ բանաձևով հայկական մշակութային արժեքների հայկականության փաստի ժխտումն ու դրանց՝ աղվաններին պատկանելը ճանաչվել է որպես «ադրբեջանական հորինվածք» (Parliamentary Assembly of the Council of Europe, Humanitarian consequences of the conflict between Armenia and Azerbaijan / Nagorno-Karabakh conflict, Resolution 2391 (2021), հոդված 18.4):