Այս անգամ էլ Ազոխի քարայրը

Արցախի մշակութային ժառանգության բռնայուրացման, պատմական իրականության խեղաթյուրմանը միտված ադրբեջանական քաղաքականության մի մասն է կազմում Արցախի օկուպացված տարածքներ տարբեր երկրների քաղաքացիների այցելությունների կազմակերպումը: Սովորաբար այցելուները  լրագրողներ են, ովքեր տարբեր մեդիա հարթակներում ունեն մեծ լսարան, քիչ չեն նաև դիվանագիտական կորպուսի տարբեր ներկայացուցիչները: Նման այցելությունների շրջանակներում ադրբեջանական կողմը ցուցադրում է Ֆիզուլիում կառուցած նոր օդանավակայանը, ենթակառուցվածքները, ուղեկցում է օկուպացված Շուշի, Աղդամ, Հադրութ, Տող, Ազոխ, Թալիշ, Մատաղիս: Նման այցելությունների գլխավոր նպատակը մեդիա ներկայացուցիչներին ‹‹հայկական կողմի վայրագությունները›› ցուցադրելն է։ Սովորաբար նման այցելությունները կազմակերպում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը, Ադրբեջանի նախագահին առընթեր արտաքին կապերի, մամլո ծառայությունները:

Անցած շաբաթ նման մի այցելություն էր կազմակերպվել՝ ներառելով նաև  համաշխարհային ճանաչում ստացած Ազոխի քարեդարյան քարայրը՝ իբր ներկայացնելու, թե ինչպես են ‹‹քարայրը վանդալիզմի ենթարկել հայերը, ինչ վատ են վերաբերվել›› (https://www.facebook.com/watch/?v=735705211594785): Սակայն, քարայրի ներսի պահպանական հարթակները, պեղված հատվածների պահպանիչ հատուկ թաղանթներն, ընդհակառակը, վկայում են այստեղ աշխատած միջազգային արշվախմբի բարձր պրոֆեսիոնալիզմը։ Ուշագրավ է, որ օտարազգի ներկայացուցիչներն իրենց ելույթներում խոսում են միայն տարածքների գեղեցկության մասին և չեն անդրադառնում իրենց մատուցվող «վանդալիզմին»։

Նախքան 2020 թվականի 44-օրյա պատերազմը Ազոխի քարայրում Արցախի Հանրապետության իշխանությունների հրավերով պեղումներ է իրականացրել միջազգային հնագիտական արշավախումբը՝ Թանյա Քինգի և Լևոն Եպիսկոպոսյանի գլխավորությամբ: Ահա և այս տեսնայութի մասին արշավախմբի համաղեկավար կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Եպիսկոպոսյանի կարծիքը. «Տեսանյութում հնչող ոչ մասնագիտական գնահատականները, որոնք ներկայացվում են մեդիա հարթակի ներկայցուցիչներին, իրականության հետ որևէ աղերս չունեն և բնավ չեն արտացոլում 2000-2019 թվականներին Ազոխի քարանձավում միջազգային արշավախմբի կատարած աշխատանքը։ Արշավախումբը, որը ներառել է հնէաբանության, երկրաբանության և հնամարդաբանության ոլորտների աշխարհահռչակ մասնագետներ տարբեր երկրներից, իր գործունեությունը ծավալել է հնէաբանական և հնագիտական պեղումների համար պահանջվող միջազգային բոլոր չափանիշներին համաձայն, ինչն արձանագրված է մի շարք հեղինակավոր գիտական ամսագրերում հրապարակված հոդվածներում, միջազգային գիտաժողովներում ներկայացված զեկույցներում, ինչպես նաև 2016 թվականին Springer հրատարակչությունում լույս տեսած «Azokh Cave and the Transcaucasian Corridor» կոլեկտիվ մենագրությունում։

Միևնույն ժամանակ, կան ստույգ ապացույցներ, որ 1960-80-ականներին ադրբեջանական գիտնականների կողմից Ազոխի հնավայրի պեղումները իրականացվել են իսկապես վանդալային մեթոդներով՝ օգտագործելով վակուումային հորատիչ և պայթուցիկ նյութեր։ Նախ և առաջ այդօրինակ պեղումների ընթացքում դուրս են բերվել ահռելի քանակությամբ նստվածքաշերտեր, որոնք առանց պատշաճ մաղման գործընթաց անցնելու, պարզապես լցվել են հարակից ձորը՝ գոյացնելով հսկայական շրջած հողաշերտեր։ Մինչդեռ, ինչպես հետագայում պարզվեց վերոնշյալ միջազգային արշավախմբի ջանքերով, այդ հողային կուտակումները պարունակում էին բազմաթիվ արժեքավոր հնէաբանական նյութեր։ Ի վերջո, հենց այդ տեղահանված հողաշերտերում է հայտնաբերվել «ազոխանթրոպի» ստորին ծնոտի բեկորը (Ազոխի քարանձավի ամենահայտնի գտածոն), ինչի հետևանքով էլ ադրբեջանական արշավախմբի ղեկավարները այդպես էլ չեն եկել ընդհանուր համաձայնության, թե որ շերտին է այն պատկանում»։

2000-2019 թվականների միջազգային արշավախմբի նախաձեռնած պեղումները մեկնարկել են Ազոխի հնավայրի պահպանությանն և պաշտպանությանն ուղղված միջոցառումներով՝ առաջին հերթին պարսպապատելով բոլոր մուտքերը՝ չարտոնված այցելությունները կանխելու նպատակով, որոնց հետևանքով տարիներ շարունակ ոչնչացվել են քարանձավաբնակ չղջիկները, խաթարվել են հնագիտական շերտերը»։