Արցախի մշակութային ժառանգության մասին Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) կողմից ընդունած բանաձևի առթիվ

2022 թվականի մարտի 22-ին և 23-ին Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում տեղի է ունեցել Իսլամական համագործակցության կազմակերպության երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի 48-րդ նիստը: Քննարկվել են իսլամական աշխարհին առնչվող մի շարք հարցեր։

Ըստ Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական հաղորդագրության` ադրբեջանական պատվիրակությունը ներկայացրել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Էլնուր Մամեդովը: Նիստի ժամանակ ընդունվել են Ադրբեջանին առնչվող չորս բանաձև, որոնցից մեկը վերնագրված է «Ադրբեջանի տարածքում Հայաստանի ագրեսիայի հետևանքով իսլամական մշակույթին առնչվող մշակույթի և պատմության հուշարձանների ավերումը»:

Ընդունված բանաձևում կազմակերպության անդամ երկրները դատապարտում են Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքում իսլամական մշակութային և պատմական ժառանգության ավիրումը, անօրինական տեղափոխությունը, յուրացումը, ինչպես նաև վանդալիզմի դրսևորումները, ազատագրված տարածքներում մզկիթների և սրբավայրերի պղծումը:

https://report.az/ru/vneshnyaya-politika/na-zasedanii-soveta-mid-ois-prinyaty-4-rezolyucii-v-svyazi-agressiej-armenii-protiv-azerbajdzhana/?fbclid=IwAR1Tu0Td7RZoboTfsiFYjekojNTe9bTZLl4WqM3fs6VsSazz7TZaUz2SKcY

Մեր արձագանքը

2020 թվականի 44-օրյա պատերազմի ավարտից հետո Ադրբեջանի Հանրապետությունը պաշտոնական և ոչ պաշտոնական ուղիներով սկսեց իրականացնել շատ ագրեսիվ քարոզչական պատերազմ, որի գլխավոր թեզերից մեկն այն է, որ իբր հայկական կողմը պետական մակարդակով և նպատակաուղղված կերպով ոչնչացրել է Արցախի տարածքում գտնվող մահմեդական հուշարձանները, վնասել դրանք: Ադրբեջանական կողմը այս համատեքստում առաջին հերթին խոսում է մզկիթների մասին՝ նշելով, որ հայկական կողմը իբր ամբողջովին քանդել է Ղարաբաղի տարածքում գտնվող 67 մզկիթներից 64-ը https://report.az/ru/karabakh/mecheti-razrushennye-armyanami-v-karabahe/  Տարակուսանք են առաջացնում մզկիթների թվաքանակի մասին պաշտոնական Ադրբեջանի կողմից ներկայացվող տվյալները, քանի որ ակնհայտ է դրանց թվաքանակի միտումնավոր ուռճացումը և խիստ անհամապատասխանությունը խորհրդային տարիներին  հենց ադրբեջանցիների կողմից պաշտոնապես վավերացված մզկիթների թվաքանակի հետ: Այդ միտումն ուղղակիորեն բացահայտ է դառնում նախախորհրդային ու խորհրդային տարիների, ինչպես նաև մինչև 2020 թվականի պատերազմը և դրանից հետո մզկիթների մասին առկա թվային տվյալների պարզ համեմատության շնորհիվ: Ադրբեջանական կողմը խոսում է մզկիթների մասին անգամ Լաչինի և Քելբաջարի շրջաններում, որտեղ առհասարակ մզկիթներ կամ աղոթատներ երբևիցե չեն փաստվել։

https://www.youtube.com/watch?app=desktop&v=9VQ_FDsj_Kw&feature=share&fbclid=IwAR17WpTWNAR48NrVqc1IH_QdZrYaQErLp352JchpXTjAqWsjzeJlBnO7j0A :

Արցախի Հանրապետության տարածքում նախքան 2020 թվականի պատերազմը վավերացված մահմեդական հուշարձանները՝ մզկիթները, դամբարանները, տարաբնույթ այլ շինությունները պահպանվում էին պետության կողմից և հնարավորության դեպքում բարեկարգվում էին և վերանորոգվում: Այսպես, պետական միջոցներով վերանորոգվել են, ամրակայվել Փանահ խանի ամրոցը և մզկիթի շենքը Շահբուլաղում, պեղվել է մզկիթի առջևի ավազանը, մասնավոր միջոցներով վերանորոգվել է Սաաթլի մզկիթի շենքը Շուշիում, իսկ նույն քաղաքի Վերին մզկիթը (նկ.1) վերանորոգվել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) և «Արևելյան պատմական ժառանգության վերածնունդ» հիմնադրամների ծրագրերի շրջանակներում: Աղդամ քաղաքում գտնվող մզկիթը պահպանելու, անասունների մուտքից զերծ պահելու համար փակվել է նրա մուտքը: Մի քանի անգամ Արցախի ԿԳՄՍ նախարարության ջանքերով բարեկարգվել են Խաչենի (նկ.2) և Վանոցայի (նկ.3) մահմեդական մզկիթները, Ղարղաբազարի իջևանատունը իր մզկիթով (նկ.4) ու դրանց շրջակայքը և այլն:

Արցախի տարածքում գտնվող մահմեդական հուշարձանները հաշվառվել, լուսանկարվել և վավերացվել են թե' Արցախի ԿԳՄՍ նախարարության մասնագետների կողմից, թե' տարբեր տարիներին Արցախում աշխատած մի շարք հայ մասնագետների և մեծ ծավալով հատկապես Արցախի հնագիտական արշավախմբի կողմից: Փաստվել են հուշարձանների վիճակը և առկա խնդիրները: Հարկ ենք համարում ասել, որ բոլոր աշխատանքները կատարվել են Արցախի պետական մարմինների հովանավորությամբ և գիտությամբ, քանի որ այս հուշարձանները մշտապես դիտարկվել են որպես Արցախի մշակութային ժառանգության մի մաս: Հուշարձանների մի մասում առկա է նաև ակնհայտ կապ հայկական մշակույթի հետ, ինչը խորհրդային տարիներին փաստում էին նաև ադրբեջանցի մասնագետները: Ասվածի լավագույն օրինակը Խաչենի, Վանոցայի դամբարաններն են և այլ հուշարձաններ: Հաշվի առնելով այս միտումները՝ դեռ 2010 թվականին լույս է տեսել Արցախի մահմեդական հուշարձաններին նվիրված  գրքույկը:

Արցախի տարածքում գտնվող մահմեդական հուշարձաններից շատերը գտնվում էին անխաթար վիճակում, վավերացվել են բոլոր վնասները, որոնք հիմնականում հետևանք էին 1991-1994 թվականների ռազմական գործողությունների: Վավերացվել են նաև տեղի բնակիչների անօրինական գործունեության պատճառով մի շարք հուշարձանների կրած վնասներն, ինչպես նաև բնակիչների կողմից որոշ հուշարձանների օգտագործումը տնտեսական նպատակներով։  Նախքան պատերազմը բազմիցս փորձ է արվել կանխել նման երևույթները: Այս խնդիրները երբևիցե չեն թաքցվել Արցախի պետական մարմինների կողմից:

Կարևորելով մահմեդական հուշարձանները՝ Artsakh Monument Watch թիմը սկսել է մահմեդական հուշարձանների հետազոտության և դրանց ներկայացման ծրագիրը, տես. Ղարղաբազար, իջևանատունը և մզկիթը - Monument Watch, Խաչենի մահմեդական դամբարանը - Monument Watch։

Հարկ ենք համարում նշել, որ ադրբեջանական կողմը հաճախ ցուցադրելով վնասված հուշարձանները, մոռանում է շեշտել, որ դրանցից շատերը վնասվել են Արցախյան առաջին պատերազմի տարիներին, երբ տարածքները, ինչպես օրինակ Ֆիզուլին, Ջեբրայիլը և այլն, ինտենսիվ ռազմական գործողությունների թատերաբեմ էին: Հավելենք, որ մահմեդական բազմաթիվ հուշարձաններ վթարային վիճակում էին գտնվում արդեն խորհրդային տարիներին: