«Արևմտյան Ադրբեջանի համայնք» կոչվող կազմակերպությունը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ «Արևմտյան Ադրբեջանի» մշակութային ժառանգության ոչնչացման կանխման առաջարկով

Կազմակերպությունը վերջերս պաշտոնական նամակով դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին, առաջարկելով քայլեր ձեռնարկել «Արևմտյան Ադրբեջանի» (իրականում՝ Հայաստանի հանարապետության) մշակութային ժառանգության պահպանության և իբրև հայերի կողմից դրանց ոչնչացման կանխման ուղղությամբ https://news.az/news/unescos-positive-response-important-for-not-distorting-regions-history-western-azerbaijan-community-spokesperson։ Ի մասնավորի, ներկայացվել է կոչ՝ ճանաչել միջազգային կոնվենցիաներով սահմանված համայնքների համապատասխան դերը մշակութային ժառանգության պահպանման ոլորտում և խնդրանք՝ գործնական աջակցություն ցուցաբերել համայնքների կարողությունների ամրապնդման գործում:

ՅՈՒՆԵՍԿՕ-ն պատասխան նամակով դրականորեն է արձագանքել կոչին՝ նշելով, որ համապատասխան քայլեր կձեռնարկի մշակութային ժառանգության պահպանման համայնքային սկզբուքների կիրառման գործում և աջակցություն կցուցաբերի կարողությունների զարգացման ոլորտում https://www.trend.az/azerbaijan/politics/3793001.html։

Այս առիթով «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» մամլո խոսնակ Ուլվիյա Զուլֆիկարը սեպտեմբերի 7-ին հայտարարություն է տարածել, որտեղ, ի մասնավորի նշում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրական արձագանքի կարևորության մասին տարածաշրջանի պատմությունը չխեղաթյուրելու տեսանկյունից․ «Ներկայիս Հայաստանի տարածքում Ադրբեջանի հարյուրավոր մզկիթներ, տասնյակ քարավանատներ, բերդեր, պատմական հուշարձաններ, ինչպես նաև մոտ հինգ հարյուր գերեզմանոցներ կամ ավերված են, կամ կործանման վտանգի տակ են։ Սա անարդարություն է և հանցագործություն մարդկության դեմ։ Արևմտյան Ադրբեջանի ավերված հուշարձանները պատկանում են ոչ միայն մեզ, այլև համաշխարհային ժառանգությանը, հետևաբար դրանք միջազգային ջանքերով պահպանության անհրաժեշտություն ունեն, որպեսզի կանխվի դրանց ամբողջական ավերումը», - ասված է հայտարարության մեջ։

Կարևոր է առանձացնել հատկապես այն հանգամանքը, որ համայնքը կշարունակի գործնական համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ՝ ավելացնելու իր կարողությունները Հայաստանում Ադրբեջանի մշակութային ժառանգությունը պահպանելու համար՝ ներառյալ ժամանակակից մեթոդաբանության հիման վրա մշակութային հուշարձանների գրանցամատյանի վարումը, դրանց վիճակի գնահատումը և վերականգնման համար անհրաժեշտ քայլերը https://www.trend.az/azerbaijan/politics/3793001.html

Մամուլի խոսնակը հավելել է, որ «Արևմտյան Ադրբեջանի համայնքը» կօգտագործի բոլոր հնարավոր քաղաքական և իրավական միջոցները՝ ապահովելու ներկայիս Հայաստանի տարածքից վտարված ադրբեջանցիների իրավունքների վերականգնումը և ապահովելու վերադարձն իրենց տները։

Հիշեցնենք, որ «Արևմտյան Ադրբեջանի համայնքըն» «Ադրբեջանի փախստականների միություն» ՀԿ անվանման՝ դեռևս 2022 թվականի օգոստոսին վերափոխված անունն է։ Արևմտյան Ադրբեջան հորինվածքի շուրջ ադրբեջանական քարոզչությունը նորություն չէ։ Դեռևս 2022 թվականի դեկտեմբերի 29-ին, Ադրբեջանի Գիտությունների ակադեմիայի նախագահության որոշմամբ Ա․ Ա․ Բախիխանովի անվան Պատմության Ինստիտուտում ստեղծվել է «Արևմտյան Ադրբեջանի պատմության», Ֆոլկլորի ինստիտուտում՝ «Արևմտյան Ադրբեջանի ֆոլկլորի», իսկ Նասիմիի անվան Լեզվաբանության ինստիտուտում՝ «Արևմտյան Ադրբեջանի տեղանվանագիտության» բաժինները: Հարկ է նշել, որ սույն որոշմանը նախորդել է Ադրբեջանի նախագահի «Արևմտյան Ադրբեջան» հորինվածքի շուրջ ծրագրային ելույթը https://www.facebook.com/photo.php?fbid=6387683154578326&set=a.558053444208022&type=3 , https://www.facebook.com/photo.php?fbid=6387682791245029&set=a.558053444208022&type=3։ Այդ թվում որոշում է կայացվել ստեղծել Արևմտյան Ադրբեջանի ուսումնասիրման գիտական առանձին ուղղություն, որը պետք է զբաղվի դիսկուրսի միջազգային տարածման, գիտաժողովների, սիմպոզիումների, սեմինարների կազմակերպման, ոլորտում միջազգային փորձագետների ներգրավման և այլ հարցերով։

Մեր արձագանքը

Ադրբեջանում տոտալ հայաթափման, հայերին իրենց պատմական հայրենիքում ցեղասպանելոըւ և բռնի տեղահանության քաղաքականությանը զուգահեռ Ադրբեջանը շարունակում է տարածքային, պատմական և մշակութային հավակնությունների  քաղաքականությունը ՀՀ սուվերեն տարածքի, հայ ժողովրդի պատմական հայրենիքի և մշակութային ժառանգության նկատմամաբ։ Սրանք անընդունելի գործողությունների ամբողջություն են, որոնց նպատակը հայկական հետքի բնաջնջումն է։ Եվ հազիվ թե ՅՈՒՆԵՍԿՕ-ում տեղյակ չեն այդ մասին: