Բաքվում տեղի ունեցած «Կովկասյան Աղվանք․ կրոնական և հասարակական կյանքը» 10-րդ միջազգային գիտաժողովի շուրջ

2023 թվականի ապրիլի 14-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում, աշխարհի 9 երկրներից (այդ թվում՝ Ռուսաստան, Վրաստան,  Իտալիա)  ժամանած «գիտնականների» մասնակցությամբ տեղի է ունեցել «Կովկասյան Աղվանք․ կրոնական և հասարակական կյանքը» 10-րդ միջազգային գիտաժողովը։ (https://mir24.tv/news/16549064/na-konferenciyu-kavkazskaya-albaniya-v-baku-priehali-uchenye-iz-devyati-stran): Հետազոտողները ներկայացրել են իրենց զեկույցները Կովկասյան Աղվանքի պատմության տարբեր ժամանակաշրջանների, մշակութային ժառանգության վերաբերյալ։

Աղվանա-ուդիական համայնքի նախագահ Ռոբերտ Մոբիլին նշել է, որ  «Այսօր աղվանա-ուդի համայնքը մեծ աջակցություն ունի Կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական ​​կոմիտեից, Բաքվի բազմամշակութայնության միջազգային կենտրոնից, Հեյդար Ալիևի հիմնադրամից և Ադրբեջանի հասարակ քաղաքացիներից: Իսկ նախագահ Իլհամ Ալիևը մեզ ամենամեծ աջակցությունն է ցուցաբերում»:

Համայնքի ղեկավարը նշել է նաև, որ Ադրբեջանը Կովկասյան Աղվանքի մշակութային ժառանգության իրավահաջորդն է (https://mir24.tv/news/16549064/na-konferenciyu-kavkazskaya-albaniya-v-baku-priehali-uchenye-iz-devyati-stran), և որ Ադրբեջանում, մասնավորապես Ղարաբաղում, կա աղվանական հարուստ ժառանգություն. «Այս շրջաններում գտնվում են պատմական հուշարձաններ և քրիստոնեական եկեղեցիներ: Հայերը ցանկանում են յուրացնել աղվանների պատմությունը: Բայց Ադրբեջանի այս հողերում հայերը ոˊչ եկեղեցիներ ունեն, ոˊչ հուշարձաններ: Քրիստոնեական մշակութային ժառանգության այս օրինակները պատկանում են աղվանական եկեղեցուն» (https://report.az/ru/religiya/predsedatel-obshiny-azerbajdzhan-yavlyaetsya-preemnikom-bogatogo-albanskogo-naslediya-v-karabahe/

Բաքվի բազմամշակութայնության միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Ռավան Հասանովը հայտարարել է, որ «Ադրբեջանը հանդիսանում է աղվանական հարուստ էթնոմշակութային ժառանգության, կովկասյան Աղվանքի հնագույն և վաղմիջնադարյան մշակույթի, ամբողջ պատմական և կրոնական ժառանգության անմիջական պատմական ժառանգորդն ու պահապանը, որը ստեղծվել է այս տարածքում հետագա դարերում ապրած էթնիկ խմբի կողմից» (https://ru.oxu.az/society/718279):

Ադրբեջանի կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական ​​կոմիտեի նախագահ Մուբարիզ Գուրբանլին հավելել է, որ իբր հայերն օկուպացված տարածքներում  ոչնչացրել են Ադրբեջանի շուրջ 200 մշակութային հուշարձաններ (https://t.me/cidir_duzu/10238

Մեր արձագանքը

Հարկ է հիշեցնել, որ ՄԱԿ-ի Հաագայի արդարադատության միջազգային դատարանի 2021 թ. դեկտեմբերի 7-ի որոշմամբ դատապարտվել են հայկական եկեղեցիների պղծման գործողությունները․ «Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման գործողությունները, որոնք իրականացվում էին հայկական մշակութային ժառանգության նկատմամբ․․․» (տե՛ս International Court of Justice, Application of the International Convention on the Elimination of All Forms of Racial Discrimination (Armenia v. Azerbaijan), 7 December 2021, No. 2021/34)։

Իսկ ԵԽԽՎ 2583-րդ բանաձևով հայկական մշակութային արժեքների հայկականության փաստի ժխտումն ու դրանց՝ աղվաններին պատկանելը ճանաչվել է որպես «ադրբեջանական հորինվածք» (Parliamentary Assembly of the Council of Europe, Humanitarian consequences of the conflict between Armenia and Azerbaijan / Nagorno-Karabakh conflict, Resolution 2391 (2021), հոդված 18.4):

Յուրացման քաղաքականությունն իրավական տեսանկյունից խախտում է նաև 1966 թվականին «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների միջազգային դաշնագրի» 15-րդ հոդվածը, որը երաշխավորում է յուրաքանչյուրի` մշակութային կյանքին մասնակցելու իրավունքը։ 2007 թվականի «Մշակութային իրավունքների Ֆրիբուրգի հռչակագիրը» ևս սահմանում է նման իրավասություն՝ մշակութային իրավունքները համարելով ինքնության դրսևորման, տարբեր մշակութային ռեսուրսներից և գիտելիքից օգտվելու հնարավորություն։ Ադրբեջանը խախտում է նաև 2001 թվականի «Մշակութային բազմազանության պաշտպանության մասին» և 2005 թվականի «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին» կոնվենցիաների դրույթները, որոնց անդամ է։