Բեռլինի միջազգային զբոսաշրջային կոմիտեն արգելել է 2023 թ․ մարտի 7-9-ը Բեռլինում տեղի ունեցող համաշխարհային խոշորագույն ցուցահանդեսի ժամանակ ներկայացնել Արցախի մշակութային ժառանգությունը

Բեռլինի միջազգային զբոսաշրջային կոմիտեն (ITB Berlin) նամակ է հղել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը՝ պահանջելով այս տարի մարտի 7-9-ը Բեռլինում տեղի ունեցող համաշխարհային խոշորագույն ցուցահանդեսի ժամանակ չօգտագործել Լեռնային Ղարաբաղի զբոսաշրջային գրավչության մասին վկայող պատմական, մշակութային փաստեր, բուկլետներ, կատալոգներ և այլ նյութեր:

Հարկ է նշել,  որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության ֆինանսների և հաշվապահական հաշվառման վարչության պետ Գայանե Աթոյանին հասցեագրված  նամակում ի մասնավորի նշված է. ITB Berlin 2023-ին Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի մասնակցության դեպքում  քաղաքական բնույթի գովազդը խստիվ արգելված է, նույնիսկ, եթե այն ներկայացված է արվեստի և մշակույթի տեսքով: Սա նշանակում է, որ քաղաքական բնույթի ոչ մի տեղեկատվական նյութ չի կարող տարածվել պաստառների, տեղեկատվական նյութերի և այլնի տեսքով: Ավելին, ոչ մի քաղաքական հայտարարություն չի կարող ներառվել տաղավարների ձևավորման մեջ:

Նամակի շարունակական ընթերցմամբ պարզ է դառնում, որ ցուցահանդեսի կազմակերպիչները հատուկ շեշտում են, որ խոսքը հենց Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանին է վերաբերում։ Ավելին, ասվածը հիմնավորելու համար ցուցհանդեսի կազմակերպիչները  հղում են այն իրողությանը, որ  «Լեռնային Ղարաբաղի օկուպացիան դատապարտվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձեւերով (822, 853, 874 և 884»): Նամակում նաև նշված է, որ կազմակերպիչների կողմից հատուկ ուշադրության է արժանանալու հայկական տաղավարը․ «Վերոնշյալ  ասպեկտների վերաբերյալ ITB Berlin-ի ընթացքում մենք կհետևենք ձեր տաղավարին, ձևավորմանը, ինչպես նաև տեղեկատվական նյութերին և բրոշյուրներին: Ընկերությունն իրեն իրավունք է վերապահում համապատասխան կերպով արձագանքել խախտումներին»: https://arminfo.info/full_news.php?id=74605&lang=2

Նշենք, որ Բեռլինի միջազգային զբոսաշրջային բորսան աշխարհի խոշորագույն զբոսաշրջային ցուցահանդեսն է, որը տեղի կունենա այս տարի մարտի 8-12-ը: Ամեն տարի դրան մասնակցում է 10 հազար կազմակերպություն՝ 180 երկրներից։ Այն կարևոր է նոր գործընկերներ ներգրավելու, նոր կապեր և համագործակցության ուղիներ փնտրելու, ժառանգությունը հանրահռչակելու նպատակով։

Մեր արձագանքը

Բեռլինի համաշխարհային զբոսաշրջային ցուցահանդեսին Արցախի մշակութային ժառանգության հանրահռչակման արգելքը խախտում է միջազգային տարբեր կոնվենցիաներով և մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով սահմանված ժողովրդի մշակույթի իրավունքը։  Հարկ է նշել, որ մշակութային ժառանգության հանրահռչակումը ժառանգության պահպանության ընդհանուր համակարգի բաղկացուցիչ մասն է կազմում և զատված չէ ժառանգության կոնցեպտից։

Արցախահայության գիտելիքի, փորձառության, հմտությունների շնորհիվ ստեղծված ցանկացած արժեք (նյութական և ոչ նյութական) համաշխարհային ընդհանուր ժառանգության մի մասն է կազմում, ինչպես սահմանված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ընդունված միջազգային մի շարք կոնվենցիաներում և պայմանագրերում։ Ի մասնավորի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 1972 թվականին Փարիզում ընդունված «Համաշխարհային և բնական  ժառանգության պահպանության» կոնվենցիան նշում է, որ յուրաքանչյուր ժողովրդի մշակութային ժառանգությունն իր ներդրումն ունի համաշխարհային մշակութային բազմազանությանբ  մեջ և պետք է պահպանվի (այդ թվում հանրահռչակվի) որպես աշխարհի ընդհանուր ժառանգության մի մաս։ Հաագայի 1954 թվականի կոնվենցիան, որը նաև մյուս միջազգային պայմանագրերի հիմքն է, իր առաջին հոդվածով սահմանում է, որ մշակութային արժեքը, «Անկախ ծագումից կամ սեփականատիրոջից, յուրաքանչյուր ժողովրդի համար մեծ նշանակություն ունեցող շարժական կամ անշարժ ժառանգությունն է»։ Այս դեպքում Բեռլինի զբոսաշրջային կազմակերպությունը ցուցաբերում է խտրական և տարբերակմած մոտեցում   ոչ միայն Արցախի ժառանգության, այլև՝ այն ստեղծած ժողովրդի նկատմամբ։