Բերձորի (Լաչինի) միջանցքի փակման և ստեղծված հումանիտար ճգնաժամի հետևանքով խախտվել են արցախահայերի մշակութային հիմնարար իրավունքները

2022 թվականի դեկտեմբերի 12-ին առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ` բնապահպանական պատճառաբանություններով, փակել են Բերձորի (Լաչինի) միջանցքը։ Ճանապարհի փակ լինելու պատճառով հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում՝ անչափահասներ, չեն կարողանում Արցախ վերադառնալ, իսկ արցախահայերն (այդ թվում առողջապահական օգնության կարիք ունեցող անձինք) չեն կարողանում անգամ հումանիտար հրատապ կարիքների համար ապավինել Հայաստանի և աշխարհի օգնությանը: Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ https://armenpress.am/arm/news/1099909/։ Բացի այդ ադրբեջանցիները՝ շարունակելով արդեն իսկ մի քանի անգամ «հաջողությամբ» իրագործված ծրագիրը, դեկտեմբերի 13-ից դիտավորությամբ փակել էին  Հայաստանից դեպի Արցախ գազ մատակարարող, սակայն իրենց վերահսկողության տարածքում գտնվող Արցախի միակ գազատարը, օրեր շարունակ (4 օր) առանց վառելիքի թողնելով հազարավոր արցախահայերի և ձմռան պայմաններում ստեղծելով հումանիտար աղետ։

Նախևառաջ նշենք, որ Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտման՝ վախի, ֆիզիկական և հոգեբանական ճնշման, հայաթափման, Արցախի ժողովրդի բնականոն կյանքն իրենց  պատմական հայրենիքում անհնարին դարձնելուն ուղղված գործողությունները ոչ թե իրարից անջատ արարքներ են, այլ մեկ միասնական քաղաքականության բաղկացուցիչ մասեր։

Սույն քաղաքականության արդյունքում՝ իրենց հիմնարար իրավունքներն իրացնելու անհնարինության պայմաններում, միջանցքի փակ լինելու և ստեղծված հումանիտար ճգնաժամի արդյունքում, ի թիվս այլ իրավունքների (ազատ տեղաշարժման, առաջին անհրաժեշտության ապրանքների և սննդամթերքի մատակարարման անհնարինության), խախտվել  և խախտվում է նաև արցախահայերի մշակութային կյանքին ազատորեն մասնակցելու, իրենց բնականոն կյանքը իրենց պատկերացումներին և մշակութային պրակտիկաներին համապատասխան ապրելու իրավունքը, որը որպես հիմնարար իրավունք հաստատված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 27-րդ հոդվածով և վերահաստատված ԵԽ ընդունած «Մշակութային ժառանգությունը հասարակության համար՝ Ֆարոյի կոնվենցիայով»։ Հավելենք, որ մշակութային իրավունքը մարդու մշակութային կյանքին և կրթությանը մասնակցելու իրավունքն է, որի սահմանափակումը մարդու իրավունքների լուրջ խախտում է, քանզի մարդու իրավունքները համընդհանուր են և հետևաբար պետք է զերծ լինեն երկակի ստանդարտներից և  տարբերակված մոտեցումներից։

Կարևոր է հիշատակել նաև ՄԱԿ-ի կողմից 1966 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին» միջազգային դաշնագիրը (այն ստորագրել է Ադրբեջանը դեռևս 1992 թվականի օգոստոսի 13-ին https://treaties.un.org/Pages/ViewDetails.aspx?src=IND&mtdsg_no=IV-3&chapter=4 ), համաձայն որի,  վախից ու կարիքից անկախ, պետք է ստեղծվեն այնպիսի պայմաններ, որոնցում յուրաքանչյուր ոք կարող է օգտվել իր տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքներից (Դաշնագիր, նախաբան https://treaties.un.org/doc/Treaties/1976/01/19760103%2009-57%20PM/Ch_IV_03.pdf ):

Դաշնագրի 15-րդ հոդվածը հատուկ կարևորում է մարդու մշակութային իրավունքը և դրա իրացումը, ի մասնավորի նշելով, որ ՄԱԿ-ի 1966 թվականի «Տնտեսական, սոցիալական և մշակութային» դաշնագրին անդամակցող պետությունները (Ադրբեջանը) պետք է ճանաչեն յուրաքանչյուր մարդու`

ա/ մշակութային կյանքին մասնակցելու իրավունքը,

ա/ գիտական առաջադիմության արդյունքներից և դրանց գործնական կիրառումից օգտվելու իրավունքը։

Դաշնագրի 15-րդ հոդվածի 3-րդ կետը հավելում է, որ  դաշնագրին մասնակցող պետությունները պարտավորվում են հարգել այն ազատությունը, որն, անհրաժեշտ է մշակութային ստեղծագործական գործունեության համար (Հոդված 15, 3-րդ մաս https://treaties.un.org/doc/Treaties/1976/01/19760103%2009-57%20PM/Ch_IV_03.pdf ):

Եթե այս ամենին հավելենք նաև այն, որ  «Ոչ նյութական մշակութային ժառանգության ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 2003 թվականին ընդունված կոնվենցիան» շեշտում է, որ ոչ նյութական ժառանգությունը   կյանքի է կոչվում այն  կրողների կողմից՝ իրացման միջոցով, ապա պարզ կդառնա, որ  հենց ժառանգության իրացումն է, որ թույլ է տալիս ապահովել ոչ նյութականի պաշտպանությունը, իսկ իրացման անհնարինությունը՝ հետևաբար՝ խոչընդոտ է հանդիսանում ոչ նյութական ժառանգության պահպանությանը։

Այս ամենը հիմք է տալիս վավերացնել, որ Արցախի ժողովրդի նկատմամբ էթնիկ զտման քաղաքականությունն Ադրբեջանի պետական առաջնահերթությունն է, որին ստորադասվում են այդ իսկ պետության կողմից ստանձնած միջազգային իրավունքի պարտավորությունները: