Թալիշ գյուղի սբ․ Ամենափրկիչ եկեղեցին ‹‹աղվանա-ուդիական›› հռչակելու մասին
2023 թվականի հունվարի 15-ին ադրբեջանական CBC TV Azerbaijan հեռուստալիքով հեռարձակվեց բացահայտ քարոզչական բնույթ կրող «Разрушенные храмы Карабаха: разоблачение армянского вандализма» ռուսալեզու վավերագրական ֆիլմը https://www.youtube.com/watch?v=pbgRzebfJwA: Ֆիլմի հեղինակը և վարողը Ադրբեջանում ռուսական համայնքի ղեկավարի տեղակալ, լրագրող Անաստասիա Լավրինան է: Ակնհայտ քարոզչական բնույթ կրող ֆիլմում թիրախավորված էին Արցախի Հանրապետության Թալիշ գյուղի երկու կառույցներ՝ գյուղի մշակույթի տունը և սբ. Ամենափրկիչ եկեղեցին:
Թալիշ գյուղի սբ. Ամենափրկիչ եկեղեցին ներկայացվում է որպես աղվանա-ուդիական և վերագրվում 12-13-րդ դարերին: Նման կերպ է եկեղեցին ներկայացնում և թվագրում Ադրբեջանում ուդիական համայնքի ղեկավար Ռոբերտ Մոբիլին, ով ակտիվորեն մասնակցում է հայկական մշակութային ժառանգության բռնայուրացմանը միտված ադրբեջանական պաշտոնական քաղաքականությանը և քարոզչությանը: Ռոբերտ Մոբիլիի համար նման թվագրության համար հիմք է հանդիսացել այն, որ ‹‹եկեղեցին կառուցված է ավազաքարից, կրաքարից, որոնք հողմահարվում են 500-600 տարվա ընթացքում››: Իսկ քանի որ, ըստ նրա, եկեղեցու որոշ քարեր մաշված են, հողմահարված, ուրեմն եկեղեցին շատ ավելի հին է։ Նշենք, որ Թալիշի սբ. Ամենափրկիչ եկեղեցին կառուցվել է 1894 թվականին տեղի բնակիչների միջոցներով: Եկեղեցու մասին փաստացի տվյալներ է հաղորդում Մակար Բարխուդարյանցը (Բարխուտարեանց 1895, 226): Եկեղեցու մասին ավելի մանրամասն տես՝ https://monumentwatch.org/hy/?s=%D4%B9%D5%A1%D5%AC%D5%AB%D5%B7%D5%AB+%D5%A5%D5%AF%D5%A5%D5%B2%D5%A5%D6%81%D5%AB:
Ադրբեջանական կողմը, որը որոշ դեպքերում ինքն է մեջբերում և հղում Մակար Բարխուդարյանցին, ում աշխատանքներին շատ լավ ծանոթ է, այս դեպքում, բնականաբար, լռում է: Թալիշի սբ. Ամենափրկիչ եկեղեցու աղվանա-ուդիական լինելու մյուս կռվանը ըստ Մոբիլիի՝ եկեղեցու ներսի խաչերն են: Չգիտես ինչու, ադրբեջանական կողմը, Ռոբերտ Մոբիլին 17-19-րդ դարերի խաչային հորինվածքները, խաչերը, խաչաքանդակները ներկայացնում են որպես աղվանա-ուդիական: Այս մասին ավելի մանրամասն տես՝ https://monumentwatch.org/hy/alerts/%d5%a3%d5%b5%d5%b8%d6%82%d5%bf%d5%a1%d6%80%d5%a1%d6%80-%d5%b4%d5%b8%d5%a2%d5%ab%d5%ac%d5%ab%d5%b6-%d5%b8%d6%80%d5%b8%d5%b7%d5%a5%d5%ac-%d5%a7-%d5%a1%d5%b2%d5%be%d5%a1%d5%b6%d5%a1%d5%af/
Վավերագրական ֆիլմում հնչում է այն միտքը, որ եկեղեցին չի ‹‹հայկականացվել››, գրեթե անաղարտ՝ ‹‹աղվանա-ուդիական տեսքով›› է պահպանվել զուտ այն պատճառով, որ խորհրդային տարիներին շենքը օգտագործվել է որպես տնտեսական պահեստ և ներսի պատերը ծածկվել են սվաղի շերտով, ‹‹որի շնորհիվ էլ տեղում մնացել են ուդիական խաչերը››: Ռոբերտ Մոբիլին հայտնեց այն միտքը, որ շուտով եկեղեցին պետք է վերանորոգվի, ամրակայվի որպես տարածքում աղվանա-ուդիական հուշարձանի, եկեղեցու ցուցադրման լավ օրինակ:
Ինչպես տեսնում ենք, Ադրբեջանի քարոզիչներն ու իրենց «հետազոտողներ ու փորձագետներ» հռչակողները, տարրական գիտելիքի պակասն ու անտեղյակությունը լրացնում են ինքնահնար հայտարարություններով՝ ըստ առաջադրանքի և պահի փոխելով հայ քրիստոնեական կառույցների ժամանակն ու պատկանելությունը։