Թուխնակալ ապարանքը վտանգված

Թուխնակալ ապարանքը գտնվում է Արցախի Հանրապետության  Ասկերանի շրջանի Մոշխմհատ գյուղից 1 կմ արևելք և Ղևոնդյաց վանքից 800 մետր հարավ-արևելք։ Ապարանքը տեղակայված է պատմական Վարանդա գավառի Թուխնակալ գյուղատեղում, անտառամերձ լեռնալանջի վրա (նկ․ 1)։

Ապարանքը կառուցվել է 18-րդ դարի վերջերին։ Թե գյուղատեղու և թե ապարանքի վերաբերյալ պատմական տեղեկություններ չեն պահպանվել։ Հարակից գյուղերի բնակիչները ապարանքը վերագրում են Մելիք-Դոլուխանյաններին։ Մելիքական շրջանի պատմական աղբյուրներում բացակայում է Դոլուխանյան տոհմանունը, սակայն 19-րդ դարի  երկու վիմագիր փաստում են Մելիք-Դոլուխանյանների Վարանդա գավառում ունեցած բարձր դիրքի և իշխանության մասին։

Ապարանքը կառուցված է տեղական կոպտատաշ կրաքարով (նկ․ 2)։ Բացառություն են կազմում մուտքի, պատուհանների, բուխարիի և կամարների եզրաքարերը։  Ապարանքի մասին ավելի մանրամասն տեղեկություն տես՝ https://monumentwatch.org/hy/monument/%d5%a9%d5%b8%d6%82%d5%ad%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%ac-%d5%a1%d5%ba%d5%a1%d6%80%d5%a1%d5%b6%d6%84/:

Թուխնակալ ապարանքը արցախյան պատերազմի ընթացքում  չի տուժել, սակայն ադրբեջանական օկուպացիայից հետո ադրբեջանական կողմը ինչ-որ «շինարարական» աշխատանքներ է տանում համալիրի մոտակայքում, և բուլդուզերների կողմից հողի հարթեցման աշխատանքները հասել են համալիրի պահպանական գոտուն։  Այդ մասին փաստում է մեր գործընկերների՝ http://caucasusheritage.cornell.edu/ կողմից ստացված արբանյակային լուսանկարները (նկ․ 3 ): Լուսանկարների աղբյուրը տես՝

https://www.facebook.com/CaucasusHW/photos/a.111592397775949/145488937719628:

Ըստ «Զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի կոնվենցիայի և դրան կից առաջին արձանագրության, գրավյալ տարածքներում  գրավող պետությունը պարտավոր է արգելել, կանխել և, եթե անհրաժեշտ է, խափանել մշակութային արժեքների գողության, կողոպուտի կամ ապօրինի յուրացման, ինչպես նաև դրանց նկատմամբ վանդալիզմի ցանկացած գործողություն։ Ըստ նույն կոնվենցիայի լրացուցիչ՝ 1999 թվականի երկրորդ արձանագրության 9-րդ հոդվածի գ կետի արգելվում է մշակութային արժեքի ցանկացած վերափոխումը, ինչպես նաև դրա օգտագործման ձևի փոփոխությունը, որոնք նպատակ ունեն թաքցնելու կամ ոչնչացնելու մշակութային, պատմական կամ գիտական վկայությունները: Իսկ մշակութային ժառանգության ՅՈՒՆԵՍԿՕ-յի, ԻԿՕՄՈՍ-ի և այլ փաստաթղթեր արգելում  են  ժառանգության ձևի, տարրերի, գործառույթի, արտաքին և ներքին բնույթի  ցանկացած փոփոխություն, որոնք խաթարում են ժառանգության պահպանության իսկության, ամբողջականության, մշակութային կարևորության և բացառիկության միջազգային հիմնարար սկզբունքները։