2023 թվականի նոյեմբերի 1-ին Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը Կարմիր դրոշի ահազանգ է հայտարարել Հայաստանի հանդեպ Ադրբեջանի Հանրապետության ագրեսիայի հավանականության վերաբերյալ։ Ըստ Լեմկինի ինստիտուտի՝ առաջիկա օրերին և շաբաթներին Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայի բարձր հավանականություն կա: Հայտարարությունն ընդգծում է, որ Ադրբեջանը շարունակական զավթողական քաղաքականություն է վարում Հայաստանի դեմ և հավակնություններ ցուցաբերում Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի հանդեպ։ Մեջբերենք հայտարարությունից մի հատված․ «Ադրբեջանը վաղուց է ցանկանում Հայաստանի հարավային Սյունիքի մարզը, որը ոչ վաղ անցյալում քննարկվում էր որպես Նախիջևան տանող և Ադրբեջանի կողմից վերահսկվող «Զանգեզուրի միջանցք»-ի անցման վայր: Հաշվի առնելով տարածաշրջանում տեղի ունեցող վերջին քաղաքական զարգացումները, այդ թվում՝ 2023-ի սեպտեմբերի 19-ին ադրբեջանական ներխուժումն Արցախ և դրան հաջորդած տարածքի բռնագրավումը, ինչպես նաև՝ Թուրքիայում և Ադրբեջանում ցեղասպանական հայատյացությունը, ադրբեջանական ներխուժումը կարող է վերածվել ցեղասպանության»։ Լեմկինի ինստիտուտն ընդգծում է, որ ցեղասպանությունն արտահայտվում է ոչ միայն զանգվածային սպանությունների միջոցով, այլև բնիկ տարածքներից բռնի տեղահանման միջոցով, երբ այդ գործողությունների հիմքում ընկած գաղափարախոսությունն ուղղված է ինքնությունն ամբողջությամբ կամ մասամբ ոչնչացնելուն։
Լեմկինի ինստիտուտը կոչ է անում արևմտյան ուժերին համապատասխան քայլեր ձեռնարկել՝ թույլ չտալու Հարավային Կովկասում ևս մեկ ցեղասպանություն: Լեմկինի ցեղասպանության ինստիտուտի հայտարարությանը կարելի է ծանոթանալ հղմամբ՝ https://www.lemkininstitute.com/red-flag-alerts/red-flag-alert-for-genocide---azerbaijan-in-armenia։