Հադրութի Սուրբ Խաչ վանքն՝ Ադրբեջանի կողմից աղվանա-ուդիական հռչակելու մասին

Սույն թվականի նոյեմբերի 4-ին CBC TV Azerbaijan ալիքն իր յութուբյան բաժնում տեղադրեց  «Ադրբեջանի աղվանա-ուդիական քրիստոնյա համայնքի անդամներն այցելել են Հադրութ» վերնագրով տեսանյութը։ Տեսանյութում մասնավորապես անդրադարձ է կատարվում Ադրբեջանի աղվանա-ուդիական  քրիստոնեական կրոնական համայնքի ներկայացուցիչների՝ դեպի  «հայերի կողմից օկուպացիայից ազատագրված բնակավայրերի քրիստոնեական տաճարներ պարբերաբար   այցելություններին», որտեղ նրանք իբրև հարգանքի տուրք են մատուցում Ադրբեջանի տարածքային ամբողջականության համար մղված  44-օրյա պատերազմի ընթացքում զոհված ադրբեջանցի զինվորականների համար։ Այս անգամ նրանք այցելել էին Հադրութի Սպիտակ Խաչ վանք https://www.youtube.com/watch?v=OqS26fM0z64։

Այստեղ ուշագրավ է այն հանգամանքը, որ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այցելություններով հայկական պատմական եկեղեցիները հռչակվում են  աղվանա-ուդիական և կարծես այցելությունը հենց հայկական եկեղեցիների իսկության ու պատմության ոչնչացման ազդակը լինի։ Հիշեցնենք, որ ավելի վաղ նրանք այցելել և ուդիական-աղվանական են հռչակել Դադիվանքն ու Ծիծեռնավանքը։  Մինչ ուդիական համայնքի ներկայացուցիչ Ռոբերտ Մոբիլին հայտարարում է, որ սա իրենց պատմական  այցելությունն է դեպի իրենց եկեղեցի, տեսախցիկը հստակ ֆիքսում է հայերեն արձանագրությունները: Նկատենք, որ Սպիտակ խաչ վանքն իր անունը ստացել է 1346 թվականին այստեղ կանգնեցված որմնափակ խաչքարից (նկ. 1, 2), որի բարավորի հայերեն արձանագրությունը հայտնում է «Ես Աջամի` որդի Իշխանայ, կանկ/նեցի զխաչս ի փրկութի[ւն] հոգ/ոյ որդոյ իմոյ Ասուդարայ: Որ/ք կարդէք` յիշեցէք ի սուրբ յ[ա]ղ/աւթս ձեր` աղաչեմ: Ի թվիս :ՉՂԵ:» (տե՛ս նաև https://monumentwatch.org/hy/monument/%d5%bd%d5%ba%d5%ab%d5%bf%d5%a1%d5%af-%d5%ad%d5%a1%d5%b9-%d5%be%d5%a1%d5%b6%d6%84/;  https://monumentwatch.org/facts_and_details/the-white-cross-of-hadrut/): Խաչքարն ավելի պարզ կրկնությունն է դեռևս 13-րդ դարի վերջերին Գտչավանքում մշակված «Խաչի երկրորդ գալուստը» հորինվածքի, ուր հրեշտակները բերում են հաղթական խաչն՝ ի փրկություն հավատացյալների: Մեջբերենք և վանքի հյուրատան բարավորի արձանագրությունը. «Ես Միկրտիչս գ/րեցի. Յիշատակ է թանապիս/ Սուրապու որդի Ովանէս եպ[իս[կ[ոպո]սին./ շինեցաւ :ՌՃՁԴ: (1735 թ.) թվին. այն տարին էր`/ Թահմազ խ[ա]ն օսմանլուն երկրէս տուրս ար[ա]ւ» (նկ. 3, 4):

Ադրբեջանի հայահալած քաղաքականության սպասյակի հայտարարություններով, ստացվում է, որ հայախոս ու հայագիր, օսմանցիների ագրեսիաներին դիմակայող հայ հանրույթն այդպես էլ չի գիտակցել, որ իրենք ուդիներ են ու օսմանցի-մերօրյա ադրբեջանցի նվաճողների բարեկամներ: Որ Արցախի հայ հանրույթն իր քաղաքական ու դավանական կենսընթացը մի կողմ դրած՝ հա զբաղվել է չեղած աղվանական եկեղեցիները հայացնելով. պատերին ագուցել է խաչքարեր, հավելել հայերեն արձանագրություններ և ոչնչացրել աղվանական հետքը։ Աչքի է զարնվում և ինքնահնար, զավեշտի հասնող իբր կրոնական ծեսը, որը հանգում է եկեղեցու խորանում առանց տակդիրի  մոմեր վառելուն և սրբազան տարածքն աղտոտելուն։

Մեր արձագանքը

Մշակութային եղեռնը միայն բնաջնջելը չէ, այն նաև իրական պատմությունն ու կրոնա-ծիսական պատկանելությունը կեղծելն է, փաստերն անտեսելը, հիշողությունը խաթարելը, կեղծ մշակութային կամ կրոնական օրակարգեր ստեղծելը։  Ադրբեջանի կողմից հայկական եկեղեցիներն աղվանա-ուդիական հռչակելը, հայ առաքելական քրիստոնեական կառույցում անօրինական ծիսակատարություններ իրականացնելը միանշանակ խախտում է հայ քրիստոնյա համայնքի կրոնական և մշակութային իրավունքը, վիրավորում նրա դավանական զգացմունքը։

Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության յուրացման դեպքերի հետ կապված հարկ է նշել, որ յուրացնելով հայկական ժառանգությունը, այն համարելով աղվանական կամ ուդիական, ժառանգությունը կորցնում է իր հիմնական արժեքը, զրկվում իսկության և ամբողջականության հատկանիշներից, որոնք բխում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Համաշխարհային մշակութային և բնական ժառանգության» կոնվենցիայից, 1994 թվականի Ճապոնիայում ընդունված մշակութային ժառանգության իսկության վերաբերյալ Նարայի փաստաթղթից (https://www.icomos.org/charters/nara-e.pdf), ինչպես նաև ԻԿՕՄՕՍ-ի կողմից 2017 թվականին Նյու Դելիում ընդուված փաստաթղթից (http://www.icomos-isc20c.org/pdf/madrid-new-delhi-document-2017.pdf) և այլ միջազգային կառույցների փաստաթղթերից: Բացի դա, ըստ «Զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի կոնվենցիայի 4-րդ հոդվածի և  ըստ  լրացուցիչ՝ 1999 թվականի երկրորդ արձանագրության 9-րդ հոդվածի գ կետի՝ արգելվում է  մշակութային արժեքի ցանկացած վերափոխումը, ինչպես նաև դրա օգտագործման ձևի փոփոխությունը, որոնք նպատակ ունեն թաքցնելու կամ ոչնչացնելու մշակութային, պատմական կամ գիտական վկայությունները: