Հադրութի Քյուրաթաղ գյուղում խաչքար է ոչնչացվել

2023 թվականի հուլիսի 9-ին մեդիա տիրույթում տարածվեց մի լուսանկար, որտեղ հստակ երևում է, որ ոչնչացվել է Ադրբեջանի կողմից բռնազավթված Հադրութի Քյուրաթաղ գյուղի՝ 2014 թվականին կառուցված Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարը։ Լուսանկարում ադրբեջանցի մի երիտասարդ նստած է  տապալված խաչքարի պատվանդանին, որը նաև պղծված է ինչ որ գրությամբ և  ցույց է տալիս Գորշ գայլերի նշանը (https://t.me/ararathau/18879)։ Այն թյուրքական «Ազգայնական շարժում» կուսակցության նշանն է, որը  «Գորշ գայլերը» համարում են իրենց խորհրդանիշը։ Այս ժեստը լայնորեն կիրառվել է նաև 44-օրյա պատերազմի ընթացքում թուրք-ադրբեջանական զինվորականների կողմից։

Խաչքարի կողքին գտնվող և հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի  ճակատագիրն այս պահին անհայտ է:

Մեր արձագանքը

Ադրբեջանի կողմից հայկական մշակութային արժեքների ոչնչացման և յուրացման ցանկացած գործողություն արգելված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Եվրոպայի խորհրդի ընդունած բազմաթիվ կոնվենցիաներով, Արդարադատության միջազգային դատարանի դրույթներով և այլ փաստաթղթերով։

Օկուպացված Հադրութի Քյուրաթաղ գյուղի՝ 2014 թվականին կառուցված Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարի ոչնչացման հետ կապված հարկ է նշել, որ միջազգայնորեն արգելված է հատկապես խաչքարերի թիրախավորումը, քանզի «Հայկական խաչքարերի արվեստը. խաչքարերի սիմվոլիզմն ու վարպետությունը» 2010 թվականից ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 2003 թ. ընդունված «Ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում» https://ich.unesco.org/en/RL/armenian-cross-stones-art-symbolism-and-craftsmanship-of-khachkars-00434: Սա նշանակում է, որ խաչքարային արվեստն ունի համամարդկային բացառիկ համընդգրկուն արժեք և միջազգային լրացուցիչ պահպանության կարիք, ինչպես նաև մեծ հետաքրքրություն է ներկայացնում համաշխարհային մշակութային գանձարանում։ Բացի այդ՝ խաչքարային արվեստը ճանաչված է որպես հայկական և, անկախ այս կամ այն պետության ցանկությունից, պետք է պահպանվի։

Խաչքարային մշակույթը լրացուցիչ պաշտպանություն ունի նաև պատերազմի ժամանակ և դրանից հետո։ Ի մասնավորի, համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թ. կոնվենցիայի լրացուցիչ՝ 1999 թ. ընդունված երկրորդ արձանագրության սկզբունքների, խաչքարային ողջ մշակույթն ունի ուժեղացված պաշտպանություն, և դրան հասցված ցանկացած վնաս, համաձայն արձանագրության 15-րդ հոդվածի ա կետի, «լուրջ խախտում» է, որը՝ որպես ռազմական հանցագործություն, կարող է հետապնդվել միջազգային դատարաններում (https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=31415։)

Կարևոր է ընդգծել, որ  Արդարադատության միջազգային դատարանը հաստատել է, որ օկուպացված տարածքներում գործող օրենքները՝ ներառյալ մշակութային արժեքների պաշտպանության դրույթները,  ձեռք են բերել միջազգային սովորութային իրավունքի (infra Jurisprudence) կարգավիճակ, այսինքն գործում են որպես համընդհանուր և անշրջանցելի կանոն և պարտադիր են  բոլոր պետությունների համար (https://casebook.icrc.org/case-study/icjisrael-separation-wallsecurity-fence-occupied-palestinian-territory