Մեխակավանի Զորավոր սբ․ Աստվածածին եկեղեցու ոչնչացումը

2021 թվականի մարտի 25-ին BBC World News լրատվամիջոցի հրապարակումով տարածվեց տեղեկատվություն, որ քրիստոնեական եկեղեցին, որը գտնվում էր Մեխակավան (Ջեբրայիլ) բնակավայրում և Արցախյան երկրորդ պատերազմից հետո անցել էր ադրբեջանական վերահսկողության տակ, անհետացել է (https://www.bbc.com/news/av/world-europe-56530604)։ BBC լրագրող Ջ․ Ֆիշերի բացահայտումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ ադբեջանական քարոզչամեքենան ուղղված է հայկական ժառանգության վերացմանը։

Զորավոր սբ․ Աստվածածին եկեղեցու շինարարությունը սկսվել էր 2013 թվականին, ավարտվել և օծվել է 2017 թվականին (https://artsakhpress.am/arm/news/73603/)։ Եկեղեցու շինարարությունը ֆինանսավորել էր բարերար Գրիգոր Մովսիսյանը, եկեղեցու օծման հանդիսավոր արարողությունը կատարել էր ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։ Եկեղեցու կառուցման հիմնական նպատակն է եղել ստեղծել հոգևոր կառույց, որը կծառայեր զինվորներին, սպաներին և նրանց ընտանիքներին։

Ակնհայտ փաստ է, որ եկեղեցու ավերումը տեղի է ունեցել պատերազմի դադարից հետո, ինչը հակասում է ադրբեջանական պաշտոնական մամուլի տարածած այն տեղեկատվությանը, որի համաձայն եկեղեցին ոչնչացվել է պատերազմական գործողությունների արդյունքում։ Դա փաստում է նաև BBC լրագրող Ջ․ Ֆիշերը, ով տեղում նկարել է եկեղեցին պատերազմից հետո։ Ավելին, նշենք, որ Զորավոր սբ․ Աստվածածին եկեղեցին մինչև ամբողջական ավերումը ադրբեջանական զինվորների կողմից անարգվել էր (նկ․ 1)։

Մշակութային ժառանգության ոչնչացում, ավերում։

Համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելվում է մշակութային  ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի  ցանկացած գործողություն։ Ըստ Հաագայի 1954 թվականի  առաջին արձանագրության՝ արգելված է գրավյալ տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները։ Հաագայի 1999 թվականի երկրորդ արձանագրությունը վերահաստատում է այս պահանջը և  այդպիսի արարքը՝ ըստ 15-րդ հոդվածի, որակում որպես միջազգային հանցագործություն։ Մշակութային արժեքների ոչնչացման գործողություններն արգելվում են նաև Ժնևի 1949 թվականի օգոստոսի 12-ի պատերազմից տուժածների պաշտպանության, պատերազմի օրենքների և սովորույթների վերաբերյալ միջազգային չորս կոնվենցիաներով և արձանագրութուններով, ինչպես նաև ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերով և Մարդու իրավունքների պաշտպանության պայմանագրերով։