Նորից և նորից. Տիգրանակերտը և Տիգրանակերտի արշավախումբը Ադրբեջանի պրոպագանդայի թիրախում

2022 թվականի օգոստոսի 22-ին ադրբեջանական news.days.az կայքին ծավալուն հարցազրույց տվեց ադրբեջանցի ‹‹հետազոտող›› Րիզվան Հուսեյնովը: Հարցազրույցում վերջինս անդրադարձավ մի շարք թեմաների https://news.day.az/politics/1487822.html:

Պատասխանելով լրագրողի հարցին Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցու հետագա ճակատագրի մասին՝ Հուսեյնովը նշում է, որ եկեղեցին անօրինական է կառուցվել ‹‹հայկական օկուպացիայի տարիներին›› և ըստ այդմ էլ չունի որևէ կարգավիճակ: Ըստ նրա՝ եկեղեցու հետագա ճակատագիրը կորոշվի Ադրբեջանի օրենսդրությանը համաձայն: Որպես ծաղր է հնչում Հուսեյնովի այն հայտարարությունը, որ ադրբեջանցիները այն ազգը չեն, որ ավերում են եկեղեցիները, եթե անգամ դրանք նորակառույց են: Այստեղ կարելի է թվարկել 2020 թվականից մինչև մեր օրերը Արցախի օկուպացված տարածքներում քանդված, վնասված, պղծված բազմաթիվ կոթողները, հուշարձանները, ռմբահարված և պայթեցված Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին, Շուշիի Ղազանչեցոց տաճարը, Մեխակավանի պայթեցված եկեղեցին: Հարկ է հիշել նաև Ադրբեջանի այն հայտարարությունները, որ իրենք ավերելու են «հայկական օկուպացիայի խորհրդանիշ» նորակառույց կոթողները:

Ծավալուն հարցազրույցում Հուսեյնովի հաջորդ թիրախը Երևանի Պետական Համալսարանն է, որն ըստ նրա՝ ծայրահեղ ազգայնականության կենտրոն է, որ հովանավորում է ծայրահեղականությունը, ազգայնականությունը՝ հանձինս իր մասնագետների, որոնք կուրացնում են հայ ժողովրդին, տանում են դեպի կործանում: Իհարկե, պատասխանել այս ցնորամիտ մտքերին իմաստ էլ չունի: Խորհուրդ կտանք ծայրահեղականություն չտարածել առաջին հերթին ադրբեջանական գիտական, համալսարանական հանրույթին, որի մի մասը 2020 թվականի պատերազմի օրերին բացահայտ լկտի և ատելությամբ լցված գրառումներով տարածում էր մահացած հայ զինվորների լուսանկարները: Հիմա այս մարդիկ խոսում են ծայրահեղականությունից: Որպես հիշեցում՝ նման գրառումները, լուսանկարները ջնջելը սեփական սոցիալական ցանցերից չի օգնի, տեղեկատվությունը փաստված է:

Հուսեյնովի հաջորդ թիրախը Արցախի Տիգրանակերտն է: Չցանկանալով անդրադառնալ այս անձնավորության կողմից Տիգրանակերտի պեղումների առնչությամբ հնչեցվող ցնորամիտ մտքերին՝ կրկին տեղադրում ենք մեր պատասխանը, որը նա հուսանք կկարդա, ինչպես նաև Տիգրանակերտի պեղումներին նվիրված բազմաթիվ գիտական հրատարակումները, որոնք հասանելի են և եթե որևէ հակափաստարկ ունի կարող է, եթե իրեն համարում է գիտնական, ակադեմիական կանոններին համապատասխան գրված հոդվածով անդրադառնալ https://monumentwatch.org/hy/alerts/%d5%bf%d5%ab%d5%a3%d6%80%d5%a1%d5%b6%d5%a1%d5%af%d5%a5%d6%80%d5%bf%d5%a8-%d6%87-%d6%83%d5%a1%d5%b6%d5%a1%d5%b0%d5%ab-%d5%a1%d5%b4%d6%80%d5%b8%d6%81%d5%a8/  https://monumentwatch.org/hy/alerts/%d5%a1%d6%80%d6%81%d5%a1%d5%ad%d5%ab-%d5%bf%d5%ab%d5%a3%d6%80%d5%a1%d5%b6%d5%a1%d5%af%d5%a5%d6%80%d5%bf%d5%a8-%d5%af%d5%a1%d5%9d-%d5%a1%d5%b6%d5%af%d5%a1%d5%ad-%d5%b6%d6%80%d5%a1%d5%b6%d5%ab%d6%81/

Բամբասանք, հոխորտանք, սպառնալիք՝ ինչքան ասեք, բայց չկա որևէ հակափաստարկ ընդդեմ Տիգրանակերտի։ Փոխարենը նույն անհեթության կրկնությունը՝ թե Վաղքրիստոնեական հրապարակի փոքր եկեղեցու խորանին ներկառուցված մասունքարանը «համամ»՝ այսինքն բաղնիք է, թե վաղքրիստոնեական սարկաֆագերը, որոնց մեջ դեռ առկա են հանգուցյալների կամխքները՝ այդ բաղնիքի ջրի ցիստեռներն են (նկ. 1-3)։ Այո, շատ ենք սպասում, որ Ադրբեջանի որևէ հնագետ-մասնագետ կամ նրանց հրավիրյալ որևէ «միջազգային փորձագիտական խումբ» ի վերջո այցելի հուշարձան, ծանոթանա մանրամանսերին, ծանոթանա այդ ամենի մասին արշավախմբի գիտական հրապարակումներին (մանրամասն տե՛ս https://www.academia.edu/49514867/Politics_Ideology_and_Landscape_Early_Christian_Tigranakert_in_Artsakh ) և նոր առաջարկի որևէ հակափաստարկ։ Ամենահիմնականը՝ Տիգրանակերտի մեր թվականությունից առաջ առաջին դարի դասական հելլենիստական ամրաշինական համակարգը (նկ. 4, 5), որ քաղաքի ինքնության ամենաէական փաստարկն է, այդպես էլ շրջանցվում է։ Ադրբեջանցի «հետազոտողները» համառորեն չեն տեսնում մոտ մեկ կիլոմետր երկարությամբ պեղումներով բացված պարիսպները, կլոր և ուղղանկյուն աշտարակները, մինչև մեկ ու կես տոննա քաշ ունեցող կվադրերը, կվադրերի ռուստիկ մշակումը, ծիծեռնակապոչ կապերը։ Չեն տեսնում, քանի որ այդ ամենն անհնար էր ստեղծել՝ առանց փոքրասիական և հայկական ճարտարապետական մտքի ու շինարարական տեխնիկայի հարյուրավոր մասնագետների ներգրավման, առանց կայսերական հզոր նախաձեռնության, որ կարող էր կենտրոնացնել այստեղ այդ ներուժը։ Դա արել է Տիգրան Մեծը՝ կառուցելով հզոր պաշտպանական համակարրգեր Արցախի և Ուտիքի գետահովիտների մուտքերի մոտ՝ պաշտպանելով լեռնաշխարհը և հսկողության տակ առնելով տափաստանները մինչև Կուր գետ (մանրամասն տե՛ս https://www.academia.edu/44738770/Tigranakert_of_Artsakh

Րիզվան Հուսեյնովը, հարցազրույցի ընթացքում, խոսում է այն ջանքերի մասին, որոնք ադրբեջանական կողմը թափում է հայերին՝ ‹‹տարածաշրջանի իրական պատմությունը ներկայացնելու›› համար: Մենք ուշադիր հետևում ենք ադրբեջանական «ջանքերին»՝ տարբեր հարզացրույցներին, «գիտնականների» հոխորտանքներին, տարաբնույթ տեսանյութերին, հոդվածներին և այլն: Այս ամենի գլխավոր առանցքը, ադրբեջանական «օբյեկտիվ» պատմությունը հանգում է նրան, որ հայերը տարածաշրջանում եկվոր են, չունեն սեփական պատմություն և  մշակույթ: Այդ ձեռագիրը մեզ լավ ծանոթ է: Հետաքրքիր է, որ հանդես են գալիս հայերին ‹‹լուսավորող›› նոր կերպարներ, ինչպես օրինակ ոմն Ֆիլիպ Էկոզյանցն է, որի բազմաթիվ տեսանյութերի միտքն այն է, որ հայերի ամբողջ պատմությունը սուտ է: Ըստ ադրբեջանցիների՝ մենք պետք է ընդունեք սա և հրաժարվենք մեր պատմությունից և դրանից հետո միայն իրենք կհաղորդակցվեն հայ հանրության հետ: Փաստորեն, ադրբեջանական օբյեկտիվությունը այն է, որ հայերը պետք է հրաժարվեն սեփական պատմությունից և մշակույթից և խոսեն միայն նրա մասին, ինչ ձեռնտու է Ադրբեջանին:

Րիզվան Հուսեյնովը առաջարկում է պատասխանատվության ենթարկել բոլոր այն գիտնականներին, որոնք գիտական գործունեություն են ծավալել Արցախում, խոչընդոտել նրանց մասնագիտական գործունեությունը։ Ադրբեջանական պրոպագանդայի ներկայացուցչին ևս մեկ անգամ հիշեցնենք, որ Արցախի մշակութային ժառանգության միակ օրինական տերը դա Արցախի հայությունն է և Արցախի իշխանությունները, որոնք ինքնուրույն կորոշեն, թե ինչպես հետազոտել այն և ում հրավիրել համագործակցելու համար:

Վերջապես անդրադարձ է կատարվում քաղաքագետ Ֆուադ Ախունդովին, ով Աղդամ է հրավիրել հայ հետազոտող Ստեփան Ստեփանյանցին, ով համացանցում խոսել է Արցախի Տիգրանակերտի մասին: Հրավերի նպատակը ըստ Հուսեյնովի այն է, որ ցույց տրվի, թե ինչ էր իրենից ներկայացնում իրական Տիգրանակերտը: Նաև ակնարկվում է, որ եթե հայկական կողմը չընդունի հրավերը, ապա դա ըստ իրենց ցույց է տալիս այն, որ հայերը ընդունում են իրենց սուտը և սխալները:

Էյֆորիայի ու պատրանքների գիրկը ընկած ադրբեջանական կողմին հիշեցնենք, որ ընկնելը շատ ցավոտ է: Հայկական ակադեմիական միտքը միշտ էլ պատրաստ է եղել ակադեմիական բարեվարքության սահմաններում անցկացվող գիտական քննարկումներին, երբեք չի խուսափել նման առաջարկներից: Նման քննարկումների մշտապես պատրաստ է եղել նաև Արցախի Տիգրանակերտի հնագիտական թիմը, ինչի մասին բազմիցս հայտարարել է արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը: Սակայն ամբողջ հարցը այն է, թե պատրաստ է արդյո՞ք նման քննարկումների, հանդիպումների ադրբեջանական կողմը, թե այս ամենի տակ լոկ միայն էժանագին շոու է թաքնված, ներկայացում, որի գլխավոր նպատակը հայերին նսեմացնելն է և ծաղրելը: Հայկական կողմը երբեք չի կատարել հետազոտություն ինչ-որ բան ինչ-որ մեկին ապացուցելու համար, հետազոտվել է սեփական հայրենիքը և նրա պատմությունը ու դրա հետ կապված բազմաթիվ հարցեր:

Ադրբեջանական կողմը եթե ցանկանում է ապացուցել, որ հայերը սխալ հետազոտություններ են կատարել, կեղծել են և այլն, կարող են գիտական ակադեմիական կանոնների սահմաններում ներկայացնել իրենց փաստարկները, հիմնավորումները: Երկու տարի է Տիգրանակերտի մասին բացի էժանագին վերնագրերից այլ բան չկա: Չկա որևէ հակափաստարկ, հիմնավորում: Ադրբեջանական կողմը կարծես սովոր չի խոսել փաստերի և գիտության լեզվով: Ֆուադ Ախունդովին խորհուրդ կտանք Տիգրանակերտի պատմությունը ներկայացնելուց առաջ լավ ծանոթանալ քաղաքի պեղումների մասին առկա գիտական հրապարակումներին, որոնք հասանելի են և որոնք իրեն կօգնեն, նույնը խորհուրդ կտանք նաև Րիզվան Հուսեյնովին: Ինչ վերաբերում է Տիգրանակերտ գալու առաջարկին, որը հնչեցվում է որպես բարի կամքի դրսևորում, ապա նշենք, որ վերջին երկու տարիներին էյֆորիայի տակ գտնվող ադրբեջանական կողմի լկտի պահվածքը խոսում է միայն անհանդուրժողականության, ծայրահեղականության մասին, մենք ականատես ենք լինում շոուների, այլ ոչ թե գիտական, ակադեմիական հանրույթին հարիր պահվածքի և վստահ ենք, որ հրավերի տակ թաքնված է շոու, հայերին նսեմացնելու, սեփական եսը ապացուցելու էժանագին քարոզչական հնարք, որի ուղղվածությունն ակնհայտ է անկախ հայկական կողմի կամ այս կամ այն հետազոտողի պատասխանից: