Շուշիի երկրաբանական թանգարանի ավերումը

Սույն թվականի օգոստոսի 18-ին Ararathau օգտատիրոջ տելեգրամյան ալիքը տարածել է տեսանյութ (տեսանյութի հղումը՝  https://t.me/ararathau/9676), որտեղ հստակ երևում է, որ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Շուշիի երկրագիտական թանգարանում ադրբեջանցի զինվորականները վնասում են թանգարանի ցուցանմուշները, թանգարանային արժեքները։ Տեսանյութում երևում է նաև, որ ավերված է թանգարանի տանիքը, իսկ բեկորները (փայտի, քարի մեծ կտորներ) լցված են թանգարանի ցուցանմուշների, ցուցափեղկերի և թանգարանի տարածքում մնացած թանգարանային արժեքների վրա։

Շուշիի երկրաբանական պետական  թանգարանը գործում էր 2014 թվականի մայիս ամսից և կրում էր պրոֆ․ Գրիգորի Գաբրիելյանցի անունը։ Թանգարանում ցուցադրված էին Արցախից հավաքագրված երկրագիտական բացառիկ  նմուշներ, մասնավորապես` հանքաքարեր և այլ օգտակար հանածոներ։ Թանգարանի հավաքածուում կար 400 նմուշ (ամենահինը 1 մլրդ 200 մլն տարեկան) 48 պետություններից և ՌԴ 20 երկրամասերից` հիմնականում Գ. Ա. Գաբրիելյանցի անձնական հավաքածուից (նկ. 1, https://onewaytour.com/hy/sights-of-armenia/shushii-erkrabanakan-tangaran/ :

44 օրյա պատերազմի ընթացքում թանգարանային հիմնական ֆոնդը տեղափոխվել է ռմբապաստարան, բայց այնտեղից չի տարհանվել և մնացել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ (https://hetq.am/hy/article/126646

Մեր արձագանքը

Համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային  ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի  ցանկացած գործողություն։ Ըստ Հաագայի 1954 թվականի  առաջին արձանագրության՝ արգելված է գրավյալ տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները։ Հաագայի 1999 թվականի երկրորդ արձանագրությունը վերահաստատում է այս պահանջը և  այդպիսի արարքը՝ ըստ 15-րդ հոդվածի, որակում որպես միջազգային հանցագործություն։ Մշակութային արժեքների ոչնչացման գործողություններն արգելվում են նաև Ժնևի 1949 թվականի օգոստոսի 12-ի պատերազմից տուժածների պաշտպանության, պատերազմի օրենքների և սովորույթների վերաբերյալ միջազգային չորս կոնվենցիաների և արձանագրութունների, ինչպես նաև ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերի և Մարդու իրավունքների պաշտպանության պայմանագրերի։