Շուշիի կերպարվեստի պետական թանգարանի ոչնչացման շուրջ

2023 թվականի մայիսի 11-ին Շուշի կատարած իր այցի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել է Շուշիի նախկին կերպարվեստի թանգարանում կազմակերպված Հեյդար Ալիևին նվիրված ֆոտոցուցահանդեսի բացմանը (https://www.youtube.com/watch?v=5cYEsqKwYTs&list=UULFCYhaH52lUEmfUjX-_OBAHg&index=17&ab_channel=%C4%B0CT%C4%B0MA%C4%B0TV)։

Տեսանյութում ակնհայտ երևում է, որ թանգարանի մուտքի մոտ տեղադրված քանդակներն այլևս չկան, չկան նաև թանգարանի  սրահներում ցուցադրվող ստեղծագործությունները։ Շուշիի Կերպարվեստի թանգարանի հավաքածուն կազմող բոլոր ստեղծագործությունների վիճակն ու վայրը մնում է անհայտ։

Կարող ենք փաստել նաև, որ Շուշիի Կերպարվեստի թանգարանի բակում գտնվող ժամանակակից արվեստագետների քանդակների պուրակն ամբողջությամբ վերացվել է, իսկ ստեղծագործությունների ճակատագիրը նույնպես մնում է անհայտ։ Այդ մասին անդրադարձ էր եղել դեռ 2021 թվականի օգոստոսի 15-ին, Caucasus Heritage Watch-ի կողմից հրապարակված արբանյակային լուսանկարների շնորհիվ, որին անդրադարձել էր «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» ծրագրի թիմը (Շուշիի կերպարվեստի թանգարանի «Քանդակների պուրակի» ավերումը

Ադրբեջանի կողմից տեղահանվել է  Շուշիի կերպարվեսի պետական թանգարանի ողջ հավաքածուն, ինչպես ցուցասրահներից, այնպես էլ  թանգարանի մերձակայքից։ Թանգարանի ներքին բակում գտնվող կոթողային քանդակների պուրակը հիմնահատակ վերացվել է և, ելնելով տեսանյութից, մուտքի երկու կողմերում գտնվող երկու քանդակները նույնպես տեղում չեն։ Գեղարվեստական, մշակութային  և պատմական արժեք ներկայացնող հարուստ հավաքածուի ներկայիս վիճակն ու վայրը մնում է անհայտ և տագնապալի։

Մեր արձագանքը

Շուշիի կերպարվեստի պետական թանգարանի ավերումն ադրբեջանական վանդալիզմի հերթական դրսևորումն է, որը  Ադրբեջանի կողմից ստանձնած միջազգային կոնվենցիաների և հռչակագրերի մի շարք դրույթների կոպիտ խախտում և ոտնահարում է։ Համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն։ Ըստ Հաագայի 1954 թվականի առաջին արձանագրության՝ արգելված է գրավյալ տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները։ Հաագայի 1999 թվականի երկրորդ արձանագրությունը վերահաստատում է այս պահանջը և այդպիսի արարքը՝ ըստ 15-րդ հոդվածի, որակում որպես միջազգային հանցագործություն։ Մշակութային արժեքների ոչնչացման գործողություններն արգելվում են նաև Ժնևի 1949 թվականի օգոստոսի 12-ի պատերազմից տուժածների պաշտպանության, պատերազմի օրենքների և սովորույթների վերաբերյալ միջազգային չորս կոնվենցիաների և արձանագրութունների, ինչպես նաև ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերի և Մարդու իրավունքների պաշտպանության պայմանագրերի։