Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ տաճարի ադրբեջանական «վերականգնման» շուրջ

2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանի թիրախներից մեկն էլ Արցախի մշակութային ժառանգությունն էր: Ասվածի վառ օրինակը նույն թվականի հոկտեմբերի 8-ին Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց տաճարին հասցված երկու ռմբահարումներն էին, ինչի հետևանքով զգալիորեն վնասվեց տաճարի հարավային թևը՝ առաջացնելով փլուզումներ: Իսկ քաղաքի օկուպացիայից հետո տաճարի պատերին ադրբեջանցի զինվորականներն արել էին բազմաթիվ գրություններ:

Ադրբեջանական կողմը պատերազմի ավարտից անմիջապես հետո հայտարարեց, որ ապահովելու է Ղարաբաղում գտնվող քրիստոնեական եկեղեցիների պահպանությունը և վերականգնումը (https://www.youtube.com/watch?v=cQBEMoo2kBk)։ Ադրբեջանի պաշտոնական քարոզչամեքենան այս հարցում որպես առաջնային թիրախ ընտրեց հենց Շուշի քաղաքի՝ իր իսկ կողմից ավերված, վնասված կառույցները՝ Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ և Սուրբ Հովհաննես Մկրտիչ (Կանաչ ժամ) եկեղեցիները: Վերջինս պայթեցվել էր քաղաքի գրավումից հետո, ինչի մասին վկայում են հենց ադրբեջանցի զինվորականների կողմից արված լուսանկարները և տեսանյութերը:

Պաշտոնական Ադրբեջանը հայտարարեց, որ վերականգնվելու են քաղաքի պատմական թաղամասերը, Շուշիի մզկիթներն ու եկեղեցիները: Հատկապես վերջինների վերականգնումը ներկայացնելով իր բոլոր լրատվականներով որպես կրոնական, ազգային համերաշխության ցուցիչ: Ուշագրավ է, որ Շուշի ժամանող գրեթե բոլոր պատվիրակություններին, կազմակերպության ներկայացուցիչներին ցուցադրում էին հատկապես Ղազանչեցոցի «վերականգնումը», որին պետք է վերադարձնեին «իր նախնական տեսքը», որն, ըստ ադրբեջանցիների, բնականաբար, հայկական չէր (https://www.youtube.com/watch?v=iHiIZjQh2E4): Ադրբեջանական մեդիահարթակը Ղազանչեցոց տաճարը ներկայացնում է մերթ որպես ուղղափառ, մերթ որպես ուդիական, որը «հայերը քաղաքի օկուպացիայից հետո հայացրել են՝ վերափոխելով գմբեթը»:

Շուրջ մեկ տարուց ավել հետևելով բազմաթիվ տեսանյութերում և լուսանկարներում ներկայացված Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու վերականգնումը, կարող ենք փաստել, որ տաճարի ներսում և շուրջը ընդամենը որոշ «բարեկարգման» աշխատանքներ են կատարվել 2021 թվականի հունվարի սկզբին՝ Իլհամ Ալիևի և նրա տիկնոջ այցին ընդառաջ: Դա երևում է Մեհրիբան Ալիևայի Instagram-յան էջի դիտարկումից (https://www.instagram.com/p/CKEMxVcAOl2/?fbclid=IwAR3smF12U9Nccfv5Tq3cIQ6T_kRQkkqbeJsZx2dpTtfeUPM80Upp_rK95Os): Ադրբեջանական կողմը մաքրել է իր իսկ կրկնակի ռմբահարման հետևանքով տաճարի ներսում կուտակված քարերը, փլվածքները, տաճարի շուրջը կանգնեցվել են տախտակամածեր, վերացվել է եկեղեցու վեղարը, դրանով աղճատելով տաճարի տեսքը, մաքրվել են ներկերով արված գրությունները: Բոլոր տեսանյութերում երևում է, որ այս աշխատանքներից բացի այլ տեսանելի փոփոխություններ չեն արվել: Կարելի է տեսնել, որ կանաչ գույնի պաշտպանիչ պաստառները քայքայված են, իսկ հարավային խաչաթևի ռմբահարման հետևանքով ձևավորված փլված թաղը չի վերականգնվել, անգամ չի ծածկվել, տանիքի մյուս հատվածները ևս վթարային վիճակում են (նկ. 1): Կարող ենք փաստել նաև, որ ավերվել է տաճարի բակի շրջապարիսպը, դարպասները, տեղահանված են և ոչնչացված բակում տեղադրված խաչքարերը:

2022 թվականի մայիսի 22-ին Armenian Military Portal թելեգրամյան ալիքի կողմից հրապարակված տեսանյութում երևում է, որ տանիքի որոշ հատվածներում ձևավորվել է բավական խիտ խոտածածկ, վնասները և փլուզումները վերացված չեն (նկ. 2), իսկ տաճարի ամբողջ շրջակայքը անխնա, բարձիթողի վիճակում է գտնվում (https://t.me/military_arm/13434?single&fbclid=IwAR0IYpXzM09vjsMasjj_Gwy1kqtpfwkYq4cxPJ5Dp4yK6N35xfiXlzIDGMU):