Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու անօրինական վերականգնումները

Համացանցում շրջանառվում էր Տիկ-տոկի մի տեսահոլովակից վերցված լուսանկար, ուր հստակորեն երևում է, որ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին և զանգակատունը պատված են շինարարական տախտակամածերով, որոնք իրենց տեղադրությամբ արդեն թույլ էին տալիս եզրակացնել, որ շինարարական աշխատանքների հավանական նպատակը  ոչ միայն արձանագրությունների պղծումն է (քանզի եկեղեցու կառուցման հիմնական արձանագրությունը գտնվում է հարավային մուտքից վերև, իսկ զանգակատանը` նրա արևելյան պատին և  դրանք եղծելու համար բավարար են աստիճանները), այլ ավելի գլոբալ՝ քրիստոնեական հուշարձանի  քանդումը, վերափոխումը կամ «վերանորոգումն» է:

Ավելի ուշ ադրբեջանական կողմը տարածեց լուսանկարներ, որտեղ հստակ երևում էր, որ Ղազանչեցոցի բակ տանող դարպասների վրայից հանված են խաչերը, իսկ դարպասի եզրաքարերից՝ հրեշտակների քանդակները։ Սա ակնհայտորեն մշակութային վանդալիզմի դրսևորում է, որով ադրբեջանցիները քանդում են եկեղեցին՝ վերացնելով հայ ինքնության խորհրդանիշերը (http://24lurer.am/news/adrbejancinere-qandel): Բացի դա, նաև նշվում է, որ Ղազանչեցոցի տեղում  հին զրահադաշտական տաճար է եղել  (https://t.me/Caucasian_bureau/16827

Ադրբեջանի պաշտոնական քարոզչությունը Շուշիի հայ քրիստոնեական Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց տաճարը հռչակել է ռուս ուղղափառ եկեղեցի,

կառուցված իբր 1805 թվականին՝ Շուշիում գտնվող ռուս զինվորականների համար։ Եվ իբր հետագայում հայերը քանդել են հին գմբեթը, այն  բարձրացրել մի քանի մետր:

Անհիմն մեկնաբանությունների շարքը համալրվում է հայատարարություններով, թե եկեղեցու ճարտարապետական ​​ոճը չի պատկանում Հայ առաքելական, թե Ղարաբաղում Հայ եկեղեցու գործունեությունը սկսվել է միայն  1989 թվականին, երբ  Հայ եկեղեցու առաջնորդ Վազգեն Երկրորդը Պարգև Մարտիրոսյանին նշանակեց Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի արքեպիսկոպոս (https://t.me/iravan1747/4136):

Ադրբեջանի մշակույթի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Մերիամ Գաֆարզադեն նշում է, որ «Ինչպես պատմության և մշակույթի բոլոր մյուս հուշարձանները, եկեղեցին նույնպես կվերականգնվի՝ իր գեղարվեստական ​​և գեղագիտական ​​բնույթին համապատասխան: Վերականգնման նախագիծը կվերականգնի հուշարձանն իր նախնական տեսքով» (https://t.me/iravan1747/4138?single):

Մեր տեղեկատվությունը տե՛ս

Մշակութային ժառանգության ձևափոխում, տարրերի ջնջում, մասնակի ոչնչացում։

Ըստ «Զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի կոնվենցիայի լրացուցիչ՝ 1999 թվականի երկրորդ արձանագրության 9-րդ հոդվածի գ կետի՝ արգելվում է  մշակութային արժեքի ցանկացած վերափոխումը, ինչպես նաև դրա օգտագործման ձևի փոփոխությունը, որոնք նպատակ ունեն թաքցնելու կամ ոչնչացնելու մշակութային, պատմական կամ գիտական վկայությունները: Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության» կոնվենցիայի, մշակութային ժառանգության պահպանում նշանակում է ժառանգության կենսունակության ապահովում։  Պահպանել ժառանգությունը, նշանակում է  ապահովել դրա անձեռնմխելիությունը և ամբողջականությունը, որի մաս է կազմում նաև համայնքը, ապահովել ժառանգության իսկության, կարևորության, ամբողջականության, բացառիկության չափանիշները։  Այս սկզբունքները բխում են  ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոնվենցիայից, ԻԿՕՄՕՍ-ի և այլ միջազգային կառույցների փաստաթղթերից: