Շուշին հայտարարվել է 2024 թվականի իսլամական աշխարհի մշակութային մայրաքաղաք

Դոհայում անցկացված Իսլամական աշխարհի մշակույթի նախարարների 12-րդ համաժողովի ժամանակ Ադրբեջանի մշակույթի նախարար Ադիլ Քարիմլին ԻՍԷՍԿՕ-ի (ICESCO https://icesco.org/en/) Շուշին (ադրբեջանական կայքերում՝ Շուշա) ներյացրել է որպես 2024 իսլամական մշակութային մայրաքաղաքի  թեկնածու քաղաք (https://apa.az/en/culture-policy/shusha-declared-cultural-capital-of-islamic-world-for-2024-412662)։

Հայտարարության մեջ նշված է․ «Շուշա քաղաքը եղել է Ադրբեջանի պատմամշակութային, հասարակական և քաղաքական կյանքի կարևոր կենտրոններից, ինչպես նաև իսլամական քաղաքակրթության խորհրդանիշներից մեկը։ Ադրբեջանում 2022 թվականը հայտարարվել է «Շուշայի տարի»։ Երկիրը հյուրընկալել է երաժշտական ​​փառատոներ, պոեզիայի օրեր և բազմաթիվ տեղական և միջազգային մշակութային միջոցառումներ՝ աջակցելու Շուշայի մշակութային կյանքի վերածննդին: Թուրքական մշակույթի միջազգային կազմակերպության (TURKSOY (https://www.turksoy.org/ru) կողմից 2022 թվականին Շուշա քաղաքը հռչակվել է «Թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք»:

2024 թվականին համաժողովի մասնակիցների միաձայն որոշմամբ Շուշին հռչակվել է 2024 թվականի իսլամական աշխարհի մշակութային մայրաքաղաք։

Մեր արձագանքը

Շուշին իր հիմնադրման օրից ի վեր եղել է ոչ միայն մահմեդականների, այլև հայ քրիստոնյաների քաղաք, 18-20-րդ դարերի հայ քաղաքակրթության ամենահայտնի օջախներից մեկը: Եվ քաղաքի հռչակումը որպես իսլամական աշխարհի  մշակութային մայրաքաղաք ակնհայտորեն ոտնահարում է քաղաքի  պատմականության, վերջինիս իսկության և ամբողջականության հիմնարար սկզբունքները, որոնք բխում են 1994 թ․ մշակութային ժառանգության իսկության վերաբերյալ Նարայի փաստաթղթից (https://www.icomos.org/charters/nara-e.pdf), ինչպես նաև  ԻԿՕՄՕՍ-ի կողմից 2017 թվականին Նյու Դելիում ընդուված փաստաթղթից (http://www.icomos-isc20c.org/pdf/madrid-new-delhi-document-2017.pdf)   և  ՅՈՒՆԵՍԿՕ-յի և այլ միջազգային կառույցների փաստաթղթերից: Իսկության սկզբունքների պահպանության Նարայի փաստաթուղթը նշում է, որ մշակութային արժեքների՝ հակամարտություններում հայտնվելու դեպքում  պահանջվում է մշակութային արժեքների հանդեպ լեգիտիմության ճանաչում: Իսկ մշակութային ժառանգության իսկության փաստը ոչ մի դեպքում չպետք է ստորադասվի (Իսկության վերաբերյալ Նարայի փաստաթուղթ, 8-րդ կետ): Շուշի քաղաքի հռչակումը որպես մահմեդական  աշխարհի մշակութային մայրաքաղաք էականորեն խաթարում է քաղաքի պատմության, ավանդույթների, արտաքին և ներքին տարրերի,  քաղաքի հանդեպ բնակչության պատմական իրողությունների իսկության փաստը։

Շուշի քաղաքի ինքնության, մշակութային քաղաքային միջավայրի պահպանության համար, անհրաժեշտ ենք համարում վկայակոչել նաև  2000 թ․-ին Ֆլորենցիայում ընդունված «Լանդշաֆտի պահպանության Եվրոպական կոնվենցիան», որը հորդորում է պահպանել քաղաքային բնակավայրերը  իրենց ամբողջությամբ՝ ներառյալ բնական լանդշաֆտը, վերջինիս էությունն ու առանձնահատուկ հատկանիշները, արժեքավորել  բնական և/կամ մարդկային գործունեության արդյունք հանդիսացող ժառանգությունը։ Նույն կոնվենցիայով Ադրբեջանը դիցուք պարտավորվում է  ճանաչել Շուշի քաղաքի բնական լանդշաֆտները` որպես արցախահայության   կենսավայրի էական բաղադրամասեր, վերջինիս  մշակութային և բնական ժառանգության արտահայտություն և նրա ինքնության հիմք (Լանդշաֆտի Եվրոպական կոնվենցիա, հոդված 5) և ցանկացած գործողություն, որը կժխտի այս փաստը, էականորեն կխաթարի Շուշի քաղաքի մշակութային և բնական նյութական և ոչ նյութական ժառանգության պահպանությունը։

Շուշի քաղաքը միայն մահմեդական աշխարհին վերագրելը ակնհայտորեն ժխտում է նաև արցախահայ հանրույթի մշակութային իրավունքները, որով նրանք ունեն թեˊ կյանքի, թեˊ իրենց ստեղծագործ մտքի արդյուքում ստեղծված ժառանգության պահպանության իրավունք, որը կարող է ընդգրկել նաև ոչ նյութական տիրույթը (ավանդույթ, պատկերացումներ, հավատալիքներ, մշակութային հիշողություն և այլն) ինչպես հաստատված է Միջազգային մարդասիրական իրավունքի նորմերում  (https://www.icrc.org/en/doc/assets/files/other/customary-international-humanitarian-law-i-icrc-eng.pdf):