Ուդիական քարոզչությունը որպես ադրբեջանական քաղաքականության դրսևորում

2020 թվականի նոյեմբերի 9-ին եռակողմ համաձայնագրի ստորագրումից և Արցախում ռազմական գործողությունների դադարեցումից հետո, Ադրբեջանը Արցախի գրավյալ տարածքների շուրջ սկսեց բազմաբնույթ հակահայկական քարոզչություն իրականացնել: Նման նպատակաուղղված քարոզչությունն առաջին հերթին թիրախավորում է Արցախի գրավյալ տարածքներում գտնվող բազմաթիվ հայկական քրիստոնեական հոգևոր հուշարձանները: Ադրբեջանական քարոզչամեքենան, հետևելով դեռևս խորհրդային տարիներին ձևավորված և Արցախի հայկական հոգևոր մշակութային ժառանգության յուրացմանը միտված քաղաքականությանը, դրանք ներկայացնում է որպես աղվանական մշակութային հուշարձաններ և կապում Կովկասյան Աղվանքի հետ: 2020 թվականի պատերազմի ավարտից հետո ադրբեջանական պետական քարոզչամեքենան հայկական մշակութային ժառանգության բռնայուրացմանը միտված քարոզչության մեջ ակտիվորեն սկսեց ներգրավել Ադրբեջանի տարածքում բնակվող հայադավան քրիստոնյա ուդիներին: Գլխավոր պատճառն այն էր, որ ուդիները կովկասյան աղվանների միակ քրիստոնյա հետնորդներն են:

Մինչև 1990-ական թվականները ժամանակակից Արդբեջանի տարածքում բնակվող ուդիների մեծագույնը մասը Հայ Առաքելական եկեղեցու հետևորդներ էին: Նրանք գլխավորապես բնակվում են ժամանակակից Արդբեջանի հյուսիսում: Ուդիներից շատերը Ադրբեջանից հեռացան 1988-1990 թվականներին հայ բնակչության հետ միասին, քանի ադրբեջանցիների կողմից դիտարկվում էին որպես հայեր կամ հայերին մոտ կանգնած:

Ուդիական համայնքի խնդիրը բարդացավ նրանով, որ Արցախյան հակամարտության հետևանքով Ադրբեջանում բնականաբար անհնար դարձավ Հայ Առաքելական եկեղեցու գործունեությունը և հոգևոր կյանքի առումով ներկայումս ուդիները գտնվում են անհասկանալի իրավիճակում: Ադրբեջանական պետական քարոզչամեքենան լայնորեն խոսում է աղվանա-ուդիական եկեղեցու և նրա հոգևոր ծեսերի մասին, սակայն այդպես էլ չի ասում, թե դավանական որ ուղղությանն են պատկանում ուդիները: Նաև շեշտենք, որ առնվազն 8-րդ դարից սկսած Աղվանից եկեղեցին իր դավանական և ծիսական (ներառյալ և ժամասացության լեզուն) համակարգով նույնական էր Հայ առաքելական եկեղեցու հետ: Խոսել առանձին ուդիական դավանանքի մասին տարրական անգրագիտություն  է և/կամ նպատակադրված քարոզչություն: Նաև նկատենք, որ 1836 թ. ցարական  կառավարության որոշմամբ Աղվանից եկեղեցին վերացվել է, և անդրկուրյան քրիստոնյա ուդիական համայնքները ներառվել են Հայ առաքելական եկեղեցու Շամախու թեմում: Ընդհուպ մինչև անցած դարի 80-ական թվականները քրիստոնյա ուդիները, որոնք իրենց կոչում էին «ազգությամբ հայ, ցեղով ուդի», չունեին որևէ դավանական, ծիսական կամ լեզվական առանձնացվածություն հայ առաքելական եկղեցուց:

Ադրբեջանական քարոզչամեքենան պատերազմի ավարտից անմիջապես հետո դեպի Արցախի գրավյալ տարածքներում գտնվող մի շարք հայկական վանքեր և եկեղեցիներ (Դադիվանք, Սպիտակ խաչ վանք, Ծիծեռնավանք, Տողի սուրբ Հովհաննես եկեղեցի) սկսեց պարբերաբար կազմակերպել ներկայիս ուդիական համայնքի ներկայացուցիչների այցեր, որոնք լայնորեն լուսաբանվում էին ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից: Այցերի ժամանակ ուդիական համայնքի ներկայացուցիչները՝ գլխավորապես համայնքի ներկայիս ղեկավար Ռոբերտ Մոբիլին և նրա տեղակալ Րաֆիկ Դանակարին հայկական եկեղեցիներում «աղվանական-ուդիական եկեղեցուն բնորոշ ծեսեր էին կատարում», որոնցից հետո ԶԼՄ-ներին տրվող հարցազրույցներում խոսում էին այն «վնասների մասին», որ ստացել էր «աղվանական մշակութային ժառանգությունը հայկական օկուպացիայի ժամանակ»: Որպես այդպիսիք նշում էին, որ հայերը աղվանական-ուդիական եկեղեցիների պատերին «ավելացրել են հայկական խաչեր, տեղադրել խաչքարեր, ավելացրել են հայկական գրերը և դա արվել է աղվանական հետքերը ջնջելով»: Որպես հարցազրուցավար սովորաբար հանդես է գալիս ուդիական համայնքի ղեկավար Ռոբերտ Մոբիլին, ով վերոնշյալ մտքերին նաև մշտապես ավելացնում է, որ իրենք պետք է նախնական, ոչ հայկական տեսքի բերեն եկեղեցիները, հասկանան հայերի կողմից տրված վնասների չափը և մշտապես նշում է, որ «ադրբեջանական հողերի ազատագրումից հետո իրենք հնարավորություն ստացան այցելելու և ծիսակարգ կատարելու դարերով իրենց պատկանող վանքերում և եկեղեցիներում»:

Հավելենք, որ ադրբեջանական լրատվականների տարածած տեսանյութերում ուդիական հոգևոր ծեսի կամ աղոթքի ժամանակ մոմեր են տեղադրվում եկեղեցու խորանին, բեմին, անգամ բեմի աստիճաններին և մկրտարանի վրա, ինչն նվազագույնը տարակուսանք է առաջացնում:

Սովորաբար ուդիական համայնքի յուրաքանչյուր այցի ժամանակ նրանց ուղեկցում են նաև ադրբեջանական հակահայկական քարոզչամեքենայի մեջ ներգրավված պատմաբաններ, արվեստաբաններ, քաղաքական և ռազմական գործիչներ, ովքեր հարցազրույցներում փորձում են ապացուցել այդ հուշարձանների ոչ հայկական լինելը:

Դադիվանք այցելությունների ժամանակ բազմիցս փորձ է կատարվել հրահրել բախում տեղում գտնվող հայ հոգևորականների հետ, ինչը բարեբախտաբար ձախողվել է, սակայն ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից ներկայացվել է որպես հայ հոգևորականության ագրեսիա:

Ցավալի է, որ ներկայիս ուդիական համայնքի ներկայացուցիչները դարձել են ադրբեջանական կեղտոտ քարոզչամեքենայի պատանդն ու գործիքը:

 ժառանգության վերանվանում, ինքնության հետքերի բնաջնջում։

Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության յուրացման դեպքերի հետ կապված հարկ է նշել, որ յուրացնելով հայկական ժառանգությունը, այն համարելով աղվանական կամ ուդիական, ժառանգությունը կորցնում է իր հիմնական արժեքը, զրկվում իսկության և ամբողջականության հատկանիշներից, որոնք բխում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Համաշխարհային մշակութային և բնական ժառանգության» կոնվենցիայից, 1994 թ․ Ճապոնիայում ընդունված իսկության վերաբերյալ Նարայի փաստաթղթից, ԻԿՕՄՕՍ-ի և Բուրրայի խարտիայից այլ միջազգային կառույցների փաստաթղթերից:

Բացի դա, ըստ «Զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի կոնվենցիայի 4-րդ հոդվածի և  ըստ  լրացուցիչ՝ 1999 թվականի երկրորդ արձանագրության 9-րդ հոդվածի գ կետի՝ արգելվում է  մշակութային արժեքի ցանկացած վերափոխումը, ինչպես նաև դրա օգտագործման ձևի փոփոխությունը, որոնք նպատակ ունեն թաքցնելու կամ ոչնչացնելու մշակութային, պատմական կամ գիտական վկայությունները: Թիրախավորելով արցախահայության քրիստոնեական ժառանգության խորհրդանիշները, խաթարելով քրիստոնեական ծիսակարգի իրական ավանդույթը Ադրբեջանը խախտում է նաև 2001 թ. «Մշակութային բազմազանության պաշտպանության մասին» և 2005 թ. «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին» կոնվենցիաների դրույթները, որոնց անդամ է։  Այսպիսի քաղաքականությունը խտրական վերաբերմունք է, որը խախտում է նաև «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով» ամրագրված մտքի, խղճի, դավանանքի ազատությունը և այդ ազատության հետևանքով ստեղծված ժառանգությունը իր ուզած ձևով արժևորելու իրավունքը։  Բացի այդ` 2005 թ․ հոկտեմբերի 13-ին Ֆարոյում (Պորտուգալիա) ԵԽ նախարարների կոմիտեի կողմից ընդունված «Մշակութային ժառանգության նշանակությունը հասարակության համար» կոնվենցիան ևս շեշտում, որ մշակութային ժառանգության նշանակությունը որոշում է տվյալ համայնքը, և ցանկացած արժեք, որը տվյալ ժողովրդի հավաքական մտքի արտահայտությունն է, պետք է պահպանվի իր բնականության և իսկության սկզբունքներով։